Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին


Արմեն Աշոտյանն ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպանին

  • 15-05-2012 12:58:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը մայիսի 15-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուին: Ողջունելով դեսպանին` Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ապրիլի 25-27-ը նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Բուխարեստում, որտեղ մասնակցել է Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին: Այցի շրջանակում քննարկումներ են եղել Բոլոնյան գործընթացի հետամուտ խմբի եւ այլ շահառուների միջեւ, ինչպես նաեւ մշակվել է հաջորդ տարիների գործողությունների ծրագիրը: Ըստ այդմ` 2015 թվականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի գործընթացին անդամակից երկրների նախարարական գագաթաժողովին ընդառաջ Հայաստանն առաջիկա երեք տարիների ընթացքում կզբաղվի Բոլոնիայի գործընթացի բարեփոխումների համակարգմամբ: Նախարարն իր գոհունակությունն է հայտնել ռումինական կողմի` բարձր մակարդակով կազմակերպած գագաթաժողովի վերաբերյալ` նշելով, որ այս գործընթացում Ռումինիան շատ բարձր նշաձող է սահմանել: Ուստի, երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել` փորձի փոխանակման եւ հայկական կողմին Քարտուղարության փոխանցման տեսանկյունից: Միաժամանակ Ա. Աշոտյանը դեսպանին տեղեկացրել է, որ հունիսի 27-29-ը Երեւանում նախատեսվում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարության պաշտոնական փոխանցումը հայկական կողմին, որին կմասնակցեն նաեւ Ռումինիայի, Կիպրոսի, Բոսնիա եւ Հերցոգովինայի կրթության եւ գիտության նախարարները: Նախարարը հույս է հայտնել, որ այդ ընթացքում տեղի կունենան նաեւ երկկողմանի հանդիպումներ: Դեսպան Կրինա Ռոդիքա Պրունարիուն իր հերթին նշել է, որ իրավամբ երկու երկրների հարաբերություններում կրթությունն ու մշակույթը գերակա ուղղություններ են: Այս համատեքստում դեսպանն անդրադարձել է միջպետական համաձայնագրերի շրջանակում ռումինական կողմի` հայ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների խնդրին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ հայ-ռումինական համատեղ գիտական նախագծի ֆինանսավորման, Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրության եւ Բուխարեստի համալսարանում հայոց լեզվի զարգացման կենտրոնին վերաբերող հարցեր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ