Արտավազդ Սարգսյանը Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարն է


Արտավազդ Սարգսյանը Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարն է

  • 24-05-2012 18:01:21   | Հայաստան  |  Հասարակություն

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտավազդ Սարգսյանին: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար, մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրված Ռուբեն Հովսեփյանին երկարամյա համատեղ աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ իր պատգամավորական գործունեությամբ նույնպես կշարունակի աջակցել համայնքային խնդիրների լուծմանը: Տարոն Մարգարյանը նաեւ ընդգծել է, որ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արտավազդ Սարգսյանը, լինելով Երեւանի ավագանու անդամ, քաջածանոթ է տեղական ինքնակառավարման համակարգին, առկա հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին: << Մայրաքաղաքի համաչափ զարգացումը պայմանավորված է յուրաքանչյուր վարչական շրջանում տարվող աշխատանքներով: Վստահ եմ, որ, պահպանելով վերջին տարիների ընթացքում ձեռքբերումները, հետեւողական աշխատանքի շնորհիվ Աջափնյակն ամբողջությամբ կկերպարանափոխվի: Շարունակելով ներկա ծրագրերը պետք է նպաստել ինչպես վարչական շրջանի, այնպես էլ մայաքաղաքի զարգացմանը>>,-նշել է քաղաքապետը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը հատկանշել է նաեւ բնակիչների հետ մշտական կապի ապահովումը, բակային տարածքներ պարբերական այցելությունների ու հանդիպումների միջոցով խնդիրների վերհանումը եւ վստահություն է հայտնել, որ նոր ղեկավարի աշխատանքային փորձի եւ հմտությունների շնորհիվ կարճ ժամանակում բնակչությանը հուզող խնդիրների լուծման ուղղությամբ արդյունքներն ակներեւ կլինեն:
Նոյյան տապան  -   Հասարակություն