Կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցություն


Կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցություն

  • 11-06-2012 18:17:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2012թ. առաջին հինգ ամիսների ցուցանիշները: Տեղեկացվեց, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 85,8 տոկոս: Ա. Գեւորգյանը եւս մեկ անգամ հորդորեց հետեւել հավաքագրումների ընթացքին` անբավարար համարելով համայնքների ընթացիկ բյուջեների կատարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները: Նա ընդգծեց, որ վարչարարության հարցերը գտնվում են ՏԿ նախարարության ուշադրության կենտրոնում: Քննարկվեցին մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ընթացքին եւ երրորդ փուլի մեկնարկին վերաբերող հարցեր: Զեկուցվեց, որ աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցի համաձայն. երկրորդ փուլով կատարված շինարարական աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է մոտ 86,5 տոկոս: Երրորդ փուլով եւս արդեն սկսվել են աշխատանքները: Ա. Գեւորգյանը եւս մեկ անգամ կարեւորեց աշխատանքների` որակով եւ ըստ նախագծային ծավալի կատարումը: Մարզպետները տեղեկություններ ներկայացրեցին վերջին օրերին անբարենպաստ եղանակային պայմանների հետեւանքով առաջացած խնդիրների մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համապատասխան պետական մարմինները միջոցներ կձեռնարկեն տուժած ենթակառուցվածքների` ճանապարհների, ջրագծերի վերականգնման ուղղությամբ: Անդրադարձ եղավ նաեւ ոռոգման խնդիրներին, տեղեկություններ ներկայացվեցին մարզերում ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների մասին: Մարզպետները բարձրացրեցին գյուղացիական տնտեսություններին անհրաժեշտ ջրաքանակով ապահովելու խնդիրը` հաշվի առնելով, որ տարին սակավաջուր է: Ա. Գեւորգյանը տեղեկացրեց, որ հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում` նշելով, որ առաջիկայում ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեն նախատեսում է առաջարկություն ներկայացնել կառավարությանը` Սեւանից ջրառի ծավալն ավելացնելու վերաբերյալ: Միաժամանակ` Ա. Գեւորգյանը կոչ արեց մարզպետներին տեղերում հետեւել, որպեսզի ոռոգումն իրականացվի առավելագույնս կազմակերպված, եւ ջուրը մատակարարվի խնայողաբար: Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ համայնքներում ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալների բազաների ամբողջականացման գործընթացի մասին: Ա. Գեւորգյանը կարեւորեց քաղաքացիներին վերաբերող տվյալների համապատասխանեցման, ոչ լիարժեք բազան ամբողջականացնելու հարցում կոմիտեի մարզային ստորաբաժանումների հետ համայնքապետերի համատեղ աշխատանքների իրականացումը: Հուլիսի 8-ին, սեպտեմբերի 9-ին եւ սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցերը եւս խորհրդակցության օրակարգում էին: Նշվեց, որ հուլիսի 8-ի ընտրությունների համար առաջադրումներն ավարտվել են, արդեն իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Ա. Գեւորգյանն ընդգծեց ՏԻՄ ընտրությունների պատշաճ կազմակերպման համար օրենսդրությամբ սահմանված բոլոր աշխատանքների կատարման կարեւորությունը: Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ Հայաստանի մարզերի եւ ԼՂՀ վարչական շրջանների 2012թ. համագործակցության ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Ա. Գեւորգյանը մարզպետներին հորդորեց ուշադրության կենտրոնում պահել դրանք եւ հետեւել ընթացքին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, անդրադարձ եղավ նաեւ մարզպետարանների աշխատակազմերում ներքին աուդիտի համակարգի ներդրման, վարչապետի համապատասխան որոշման կիրառման եւ այլ հարցերի:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play