Սերգո Կարապետյան. «Պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների գերակշիռ մասը տարաներ չունի»


Սերգո Կարապետյան. «Պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների գերակշիռ մասը տարաներ չունի»

  • 13-06-2012 12:46:51   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հունիսի12-ին ընդունել է պտուղբանջարեղենային պահածոներ, ապակյա տարաներ եւ կափարիչներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին: Խորհրդակցության առիթը օրեր առաջ վերամշակող ճյուղի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առաջ քաշված խնդիրներն են` կապված ապակյա տարաներ արտադրող ընկերությունների կողմից արտադրության դադարեցմամբ: «Մթերման հիմնական գործընաթացը չի սկսվել:Եթե այսպես շարունակվի, կունենանք լուրջ խնդիրներ մթերման շղթայում:Հիմնական սեզոնը կսկսվի 10 - 15 օրից, իսկ պտուղբանջարեղենային պահածոների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների գերակշիռ մասը տարաներ չունի», - մեկտեղելով ոլորտի ներկայացուցիչներին` նշել է Սերգո Կարապետյանը, նկատելով, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել առաջացած խնդիրը կարգավորելու համար: Նախարարի պաշտոնակատարի դիտարկմանն ի պատասխան, ապակյա տարաների արտադրությամբ զբաղվող «Գլաս ուորլդ քամփնի» ընկերության ներկայացուցիչն էլ հաստատել է այն, որ տեղական արտադրողի համար տարաներ չեն կարող արտադրել, իրենց արտադրանքը արտահանվում է Վրաստան` ապակյա տարաներ արտադրելով «Բորժոմի» - ի պատվերով: Սրանով պայմանավորված ոլորտում համեմատաբար խոշոր ընկերություն համարվող «Գլաս ուորլդ քամփնին» ներքին շուկայի պահանջարկը մինչեւ օգոստոսի սկիզբ չի կարող բավարարել: Խորհրդակցությանը մասնակցող մեկ այլ` «Սարանիստ» ՍՊԸ - ի ներկայացուցիչն էլ իրենց կողմից ապակյա տարաների արտադրանքի դադարեցումը հիմնավորել է ընկերության վերազինմամբ` նշելով, որ հաջորդ տարի միայն կկարողանան տալ արտադրանք: «Ինչպես գիտեք, գյուղատնտեսությունը հայտարարված է գերակա ոլորտ, եւ այս առումով այն հանրապետության նախագահի ամենօրյա ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուրս պետք է նպաստենք մթերման գործընթացի ժամանակին ու անկորուստ կազմակերպմանը, որով պայմանավորված է ոլորտի զարգացումը», - նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը` խորհրդակցության մասնակիցներին առաջարկելով մեկ - երկու օրվա ընթացքում ներկայացնել արտադրության վերսկսման եւ իրավիճակի կարգավորման համար ձեռնակվող քայլերի մասին տեղեկատվություն` ապակյա տարաների ներքին շուկայի պահանջարկը առաջնահերթ կերպով բավարարելու համար:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play