ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսելու է Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան հաստատելու հարցը


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսելու է Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան հաստատելու հարցը

  • 13-06-2012 13:38:11   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լսելու է Ռիչարդ Մորնինգսթարին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան հաստատելու հարցը: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախկին դեսպան Մեթյու Բրայզայից հետո առաջադրել է Եվրասիական տարածաշրջանում նավթային հարցերով բանագնաց Մորնինգսթարի թեկնածությունը: Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մասնավորապես, ասաց. - «Ամենակարեւորը` որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը լավ քննարկի իր թեկնածությունը, որովհետեւ տեսնում ենք` հետեւանքները ինչ են լինում, երբ այդ պետք եղած հետազոտությունը տեղի չի ունենում։ Տեսնում ենք` թեկնածուները, ինչպես` Մեթ Բրայզան, որ ի վերջո Սենատի հավանությունը չստացավ եւ երբ նշանակվեց նախագահ Օբամայի կողմից` շրջանցելով Սենատը, տեսանք, որ մեկ տարի եւս կորցրեցինք Ամերիկայի կողմից ուժեղ եւ արդար տեսակետ ունենալու հանդեպ Կովկասյան շրջանում»։ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան Սենատի կողմից չհաստատվեց հիմնականում ամերիկահայ կազմակերպությունների լոբբիստական ջանքերի հետեւանքով: Բարաք Օբամայի հրամանագրով նա պաշտոնավարեց ընդամենը մեկ տարի: Էլիզաբեթ Չուլջյանի խոսքերով` Բաքվից մեկնելուց հետո Բրայզայի հարցազրույցները, թուրքական ընկերությունում շահավետ աշխատանքի անցնելը ցույց տվեցին, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի, ինչպես նաեւ Սենատի մտահոգությունները ճիշտ էին: «Եվ հիմա, երբ պարոն Մորնինգսթարի թեկնածությունն է քննարկվելու, դա կարեւոր առիթ կդառնա, նախ, իր տեսակետները լսելու ընդհանրապես Ամերիկայի կովկասյան քաղաքականության վերաբերյալ, եւ նաեւ, նկատի առնելով, որ այս քննարկումը տեղի է ունենալու Ադրբեջանի այս վերջին հարձակումներից մեկ շաբաթ անց, որոնց հետեւանքով 8 զինվոր է մահացել, առիթ կլինի հասկանալու, թե ամերիկյան կառավարությունը ճիշտ ինչ քայլեր պետք է ձեռնարկի` կանխելու Ադրբեջանի այս տեսակ հարձակումները եւ ընդհանրապես շրջանում անկայունություն մտցնելու իրենց հստակ տեսակետը», - ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի հարցերով պատասխանատուն։ Չուլջյանը ասաց, որ լսումներից հետո կհրապարակեն Հայ դատի հանձնախմբի տեսակետը: «Մեր մտահոգությունները հայտնել ենք սենատորներին, սենատորներին այլեւս մնում է, որ իրենց հարցերը տան քննարկումների ընթացքում` հունիսի 13-ի նիստի ընթացքում, եւ մենք հետազոտենք եւ այդ պատասխանների համաձայն կարողանանք տեսակետ ճշտել այս թեկնածուի մասին», - նշեց նա։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play