Խախտվում են հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքերը


Խախտվում են հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքերը

  • 13-06-2012 14:29:14   | Հայաստան  |  Իրավունք

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ մարդու արժանապատվությունը դասվում է որպես բարձրագույն արժեք: Որպես իրավական եւ սոցիալական պետություն` Հայաստանի կառավարությունը իր քաղաքացիների առջեւ պարտավորություն է ստանձնել ապահովելու արժանապատիվ եւ անվտանգ միջավայր: Սակայն տարբեր բնագավառներում դրսեւորվող ապօրինությունները, ոլորտների իրավական կարգավորման նպատակային բացակայությունը, հարկատուներիս գումարներով սնվող չինովնիկների կամայակութունները բերում են ողբերգական հետեւանքների: Վերջին դեպքը, երբ մի երթուղայինի վարորդ ծեծելով սպանել է մեկ այլ երթուղայինի վարորդի՝ ուղեւոր «փախցնելու» պատճառով, իրականում հասարակական տրանսպորտի բնագավառում տիրող անօրինականությունների հետեւանքն է: Վարորդները, գերշահագործվելով երթուղային տաքսիների «գծի տերերի» կողմից, զրկված են մարդու տարրական իրավունքներից` չունեն աշխատանքային պայմանագրեր, հանգստի եւ առողջապահական իրավունքներ, անպաշտպան են գծի տիրոջ կամայականությունից: Նրանք չեն ստանում կայուն աշխատավարձ եւ իրենց օրական հասույթից գծի տիրոջը վճարում են 15,000-25,000 դրամ: Սա այն պարագայում, երբ մեր տեղեկություններով գծի տերերը պետությանը վճարում են ամսական ընդամենը 30,000 դրամ հաստատագրված վճար, ինչը զավեշտալի ցածր դրույքաչափ է եւ գծի տերերի համար ապահովում է գերշահույթներ: Այս ոլորտի նկատմամբ չկան նաեւ հասարակական վերահսկողական գործուն մեխանիզմներ: Վերը նշվածին զուգահեռ, խախտվում են նաեւ հասարակական տրանսպորտից օգտվողների իրավունքերը, քանի որ տարրական անվտանգությունն ու պայմանները ապահովված չեն, թերի է նաեւ օրենսդրական դաշտը, ինչը թույլ է տալիս իրականացնել կամայականություններ՝ վտանգելով վարորդների կյանքն ու առողջությունը, եւ խախտելով քաղաքացիների սահմանադրական իրավունքերը: Անհասկանալի է նաեւ, թե ինչու է քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը իրականացնում գծերի բաշխման աճուրդ, որ իրավական ակտի համաձայն, ինչ պահանջներով, ովքեր են գծատերերը: Հարցերը եւ խնդիրները բազմաթիվ են, եւ այս հայտարարությամբ չենք պատրաստվում բոլորին անդրադառնալ: Մի բան հաստատ է` այս ոլոտում եւս կոռուպցիան հասել է պետական անվտանգությանը սպառնացող մակարդակի: Մենք` ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հետայսու ծավալելու ենք նպատակաուղղված եւ հետեւողական պայքար քաղաքային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վեր հանելու եւ լուծելու, ոլորտում օրինականություն եւ կարգուկանոն հաստատելու համար: Կոչ ենք անում յուրաքանչյուր մտահոգված քաղաքացու համալրել մեր շարքերը եւ պայքարելու սեփական իրավունքերի պաշտպանության համար: Միասին մենք ավելիին կարող ենք հասնել: Հայաստանի Սպառողների ասոցիացիա ՀԿ Աքիլես ԱԻՊԿ ՀԿ Սոցիալական ներգրավվածության եւ աջակցության կենտրոն հանուն հավասարության ՀԿ Էկոլոգիական հասարակական դաշինք Արժանապատիվ տրանսպորտ քաղաքացիական նախաձեռնություն
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play