Արմեն Աշոտյանն ընդունել է Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությանը


Արմեն Աշոտյանն ընդունել է Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությանը

  • 13-06-2012 18:04:33   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությունը Հայաստանում: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Տոկիոյի Սոկա համալսարանի պատվիրակությանը, որը Հայաստանում է երկու երկրների բուհերի միջեւ հնարավոր համագործակցության ձեւավորման եւ փորձի փոխանակման նպատակով: Պատվիրակության ղեկավար Կենժի Յոշիգոն շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ընդունելության համար` նշելով, որ Նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս ճապոնիա կատարած պետական այցի ընթացքում նա այցելել է նաեւ Տոկիոյի Սոկա համալսարան, հանդիպում ունեցել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանող ների հետ: Համալսարանի ուսանողները ուսխորհրդի անունից Հայաստանի Հանրապետության Նախագահին են հանձնել "Ժողովուրդների բարեկամության" պատվոգիրը, իսկ Տոկիոյի Սոկա համալսարանի ռեկտորը Սերժ Սարգսյանին շնորհել է համալսարանի պատվավոր դոկտորի գիտական աստիճան: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ միջբուհական փոխայցելությունները կնպաստեն տեղերում երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը: "Կրթությունն այն ոլորտն է, որը սահմաններ չի ճանաչում, եւ տարբեր երկրների դպրոցականների, ուսանողների, դասախոսների միջեւ ամրապնդված կապերը դուրս են այդ սահմաններից: Ճապոնիան ողջ աշխարհին հայտնի է իր ինտելեկտուալ, գիտական ներուժով, եւ Հայաստանում երիտասարդ մասնագետների պատրաստման գործընթացում մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը ",-նշել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ նախարարությունը հետամուտ է ԵՊՀ–ում ժամանակակից սարքավորումներով եւ որակյալ մասնագետներով համալրված ճապոներեն լեզվի կենտրոն հիմնելու, որը, ըստ նախարարի պաշտոնակատարի, հիմք կծառայի Ճապոնիայի մշակույթին, քաղաքակրթությանը, կրթությանը եւ պատմությանն առավել ամբողջական ծանոթանալու համար: Նա նաեւ առաջարկել է որեւէ հանրակրթական դպրոցում ճապոներեն լեզվի ուսուցման փորձնական ծրագիր իրականացնել: Հանդիպման ավարտին հյուրերն Արմեն Աշոտյանին հրավիրել են ներկա գտնվել Երեւանում Տոկիոյի Սոկա համալսարանի հիմնադիր Դայսակու Իկեդայիի լուսանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play