Տիգրան Սարգսյան.«Մարդիկ պետք է հստակ իմանան, թե գազի իրենց չափաբաժինն ամբողջությամբ սպառելուց հետո երբվանից կկարողանան օգտվել նոր արտոնությունից»


Տիգրան Սարգսյան.«Մարդիկ պետք է հստակ իմանան, թե գազի իրենց չափաբաժինն ամբողջությամբ սպառելուց հետո երբվանից կկարողանան օգտվել նոր արտոնությունից»

  • 14-06-2012 12:52:13   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութահարկի վճարումից հետո չբաշխված շահույթի հաշվին 76 մլն 659 հազար 904 դրամ գումարի վճարումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես անապահով ընտանիքների կողմից 2012 թ. հունվար-մարտ ամիսներին սպառած բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում` հիմք ընդունելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներկայացրած համապատասխան տեղեկությունը։ Այսպիսով, անապահով ընտանիքները յուրաքանչյուր 1000 խոր. մետր բնական գազի դիմաց պետք է վճարեն ոչ թե 132 հազար դրամ, այլ 32 հազար դրամով պակաս, քանի որ յուրաքանչյուր անապահով ընտանիքի հաշվարկով 300 խոր. մետր գազի գինն ըստ այս որոշման փոխհատուցվում է։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ երկրի ղեկավարությունը քաղաքական որոշում է կայացրել` շարունակելու այս գործընթացը։ «Մարդիկ պետք է հստակ իմանան, թե գազի իրենց չափաբաժինն ամբողջությամբ սպառելուց հետո երբվանից կկարողանան օգտվել նոր արտոնությունից», - ասել է նա եւ նախարարությունների ղեկավարներից հավաստիացում ստացել, որ ցուցակներն ամբողջությամբ ճշտվել են, 2012-2013 թթ. համար ամրագրվել են միայն սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքները։ Կառավարությունն իր նիստում թույլատրել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված այդ ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչեւ 2013 թ. հունիսի 16-ը։ Որոշման ընդունումը թույլ կտա բարեհաջող իրականացնել Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունը եւ կբացի երկու երկրների էներգետիկ ոլորտների համագործակցության նոր հնարավորություն։ Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը, որը վերաբերում էր օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների ստեղծման նպատակով ընդերքօգտագործման արտոնագրման կարգի հաստատմանը։ 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքով սահմանված է, որ նման նպատակով ընդերքօգտագործումը վերապահված է ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որն էլ պետք է սահմանի այդ գործունեության արտոնագրման կարգը։ Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ կառավարությունը հավանություն է տվել վիրուսային վտանգի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու միջոցառումների ծրագրին եւ ժամանակացույցին։ Որոշման կատարումը հնարավորություն կտա բարձրացնել համակարգչից օգտվողների եւ ցանցային ադմինիստրատորների մասնագիտական գրագիտությունը, բարելավել տեղեկատվության պաշտպանությունը, դրանց արդյունքում նվազեցնել համակարգչային վիրուսով վարակվելու բարձր ռիսկայնությունը։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play