Երևանի քաղաքապետարանը կհամագործակցի «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ» ասոցիացիայի հետ


Երևանի քաղաքապետարանը կհամագործակցի «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ» ասոցիացիայի հետ

  • 15-06-2012 12:17:09   | Հայաստան  |  Տնտեսություն

Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական <<Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ>> միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ճապոնական «Սոկա Գակկայ Ինտերնեյշնլ» միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ, որոնք Երեւանում են գտնվում Հայաստանի նկարիչների միության նախագահի հրավերով եւ ներկայացնելու են կազմակերպության նախագահ Դայսակու Իկեդայի ֆոտոցուցահանդեսը: Ողջունելով հյուրերին` քաղաքապետն ընդգծել է հայ-ճապոնական համագործակցության ներկա բարձր մակարդակն ու որպես դրա վառ վկայություն հատկանշել է ՀՀ նախագահի պետական այցը Ճապոնիա եւ մասնավորապես «Սոկա Գակկայ» համալսարան: «Ավելին, լսել եմ, որ այդ այցի ժամանակ համալսարանի սաները հայերենով փայլուն կատարել են «Էրեբունի-Երեւան» երգը, որը շատ ողջունելի եւ հաճելի է մեզ համար»,-նշել է Տարոն Մարգարյանը: Գնահատելով ասոցիացիայի գործունեությունն ուղղված նոր արժեքների ստեղծմանը` քաղաքապետը պատրաստակամություն է հայտնել հետագա համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման համար: Նաեւ հավելել է, որ ճապոնական կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում 2010 թվականից Երեւանն անդամակցում է նաեւ <<Քաղաքապետերը հանուն խաղաղության>> կազմակերպությանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ պատրաստակամության համար` <<Սոկա Գակկայ Ինտերնեյշնլի>> գործադիր տնօրեն Քենջի Յոշիգոն ներկայացրել է ասոցիացիայի առաքելությունը եւ նշել, որ Դայսակու Իկեդայի ստեղծագործական անձնական ժառանգությունը շատ բազմազան է եւ ցուցադրվել է աշխարհի ավելի քան 130 քաղաքներում: Քենջի Յոշիգոն նաեւ ընդգծել է, որ երեւանյան ցուցահանդեսի կազմակերպումը լավ հնարավորություն է հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար: Ինչպես հայտնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել ասոցիացիայի նախագահ 84-ամյա Դայսակու Իկեդային եւ ընդգծել, որ Երեւանը բաց է բոլոր բարեկամների եւ հյուրերի առջեւ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play