Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 25-06-2012 16:01:58   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

Հունիսի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով: Ժողովն ատենապետեց ԱՄՆ Արեւելյան հայոց թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը: Ժողովի օրակարգում քննության առնվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցերին, Թեմական-ներկայացուցչական ժողովին, Նվիրապետական Աթոռներին, Ամենայն Հայոց Հայրապետության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համատեղ հանձնախմբերի գործունեությանը, ներեկեղեցական տարբեր խնդիրներին: Ժողովին Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը անդրադարձավ Վեհափառ Հայրապետի՝ հունիսի 28-ից հուլիսի 4-ը Ֆրանսիայի հայոց թեմ եւ օգոստոսի 10-14-ը Ռումինիայի հայոց թեմ կատարելիք հովվապետական այցերին: Ֆրանսիայում` Մարսելում, Նորին Սրբությունը կհանդիսապետի Ս. Թարգմանչաց հայկական եկեղեցու օծման 80-ամյակին նվիրված միջոցառումները, կմասնակցի Հայ Առաքելական Եկեղեցու եվրոպական համագումարին, կունենա պաշտոնական հանդիպումներ: Ռումինիայի հայոց թեմում Վեհափառ Հայրապետը կնախագահի Սուչավայի Սբ. Աստվածածին պատմական վանքի վերաօծման եւ վանքի հիմնադրման 500-ամյակին նվիրված արարողությունները: Ժողովականներն անդրադարձ կատարեցին նաեւ սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Մայր Աթոռում կայանալիք Թեմական-ներկայացուցչական ժողովի օրակարգին: Քննարկման համար արձանագրվեցին մի շարք կարեւոր նյութեր, ինչպիսիք են՝ Հայ Եկեղեցու թեմական ուղենիշային կանոնադրությանը` թեմերի կանոնադրությունների համապատասխանեցման գործընթացի արդյունքները, Հայ Եկեղեցու Սահմանադրության կազմության հարցերը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները եւ ներեկեղեցական տարբեր խնդիրներ: Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներն ի գիտություն ընդունեցին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի զեկույցը Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում եւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունում առկա իրավիճակի մասին եւ աղոթք բարձրացրեցին Պատրիարք Սրբազանների եւ երկու պատրիարքությունների միաբանների համար: Ամենայն Հայոց Հայրապետության եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության կանոնական, սրբադասման եւ ծիսական հանձնախմբերի կատարած աշխատանքների մասին ժողովականներին զեկուցեցին հանձնախմբերի համաատենապետեր Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Գերագույն հոգեւոր խորհուրդը գոհունակությամբ ընդունեց հանձնախմբերի արձանագրած արդյունքները՝ հորդորելով շարունակել աշխատանքները` ի շահ եւ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու: Ժողովի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին կատարված օգտակար աշխատանքի եւ եկեղեցանպաստ ծառայության համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play