«Ոսկե ծիրան»-ը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմով


«Ոսկե ծիրան»-ը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» ֆիլմով

  • 26-06-2012 15:56:14   | Հայաստան  |  Մշակույթ

«Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» (“Amoure”) ֆիլմով: Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր, հռչակավոր Միքայել Հաննեկեի` սիրո եւ հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեվորված է աշխարհահռչակ դերասանների` Ժան-Լուի Տրինտինյանի, Էմանուելլա Ռիվայի եւ Իզաբել Հուպերտի խաղով: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ավստրիայի համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմը տարեց զույգի` երաժշտության ուսուցիչներ Աննի եւ Ժորժի սիրո փորձության պատմությունն է: «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կեզրափակվի «Սիրո» մեկ բացառիկ ցուցադրությամբ: Ի դեպ, «Երեւանյան պրեմիերաների» ծրագրում կցուցադրվի նաեւ Կաննի փառատոնի այս տարվա բացման ֆիլմը` Ուես Անդերսոնի «Լուսնկայի թագավորություն»-ը (“Moonrise Kingdom”): «Երեւանյան պրեմիերաները» կներկայացնի նաեւ Կաննի հիմնական մրցույթի մասնակից «Բլուրներից այն կողմ» (“Beyond the Hills”) (ռեժ.` Քրիստիան Մունջու) եւ «Դրախտ. սեր» (“Paradise: Love”) (ռեժ.` Ուլրիխ Զայդլ) ֆիլմերը: Հիշեցնենք նաեւ, որ 2011 եւ 2012թթ. ՖԻՊՐԵՍԻ մրցանակակիրներ «Մշուշում» (“In the Fog”) (ռեժ.`Սերգեյ Լոզնիցա) եւ «Իշխանավորը» (“The Minister”) (ռեժ.`Պիեռ Շյոլեռ) ֆիլմերը ներկայացված են «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում: Խորհրդանշական է, որ Երեւանի միջազգային կինոփառատոնը այս տարի կմեկնարկի գրական ստեղծագործության էկրանավորմամբ. ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ոսկե ծիրան»-ն այս տարի կազդարարվի Համո Բեկնազարյանի` 1926թ. ստեղծված «Շոր եւ Շորշոռ» կատակերգությամբ (ըստ` Մ.Բագրատունու պատմվածքի), որը հուլիսի 8-ին կներկայացվի Վահագն Հայրապետյանի եւ իր ջազ-խմբի նոր երաժշտական ձեւավորմամբ: Հիշեցնենք նաեւ, որ լրագրողների համար ֆիմերի հատուկ ցուցադրություններն ընթացքի մեջ են: Մինչեւ փառատոնի մեկնարկը` ամեն երկուշաբթիից շաբաթ` ժ.19:30, "Մոսկվա" կինոթատրոնի վիդեո սրահում ցուցադրվում են փառատոնի այս տարվա ֆիլմերը: Լրագրողների համար ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ է:
Նոյյան տապան  -   Մշակույթ