Մեկնարկել են ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի այս տարվա հավակնորդների հետ հարցազրույցները


Մեկնարկել են ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևի այս տարվա հավակնորդների հետ հարցազրույցները

  • 26-06-2012 16:51:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 11-ը կանցկացվեն ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի 2012թ. հավակնորդների հետ հարցազրույցները: Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցում են 121 ուսանող հետեւյալ 5 համալսարաններից ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանից (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից (ՀՌՍՀ) եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայից (ԵՏԱ): Մրցանակաբաշխությանը նաեւ մասնակցում են 70 աշակերտ ֆիզ-մաթ թեքումով 7 դպրոցներից՝ ՀՊՃՀ-ի Երեւանի ավագ դպրոցից, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցից, «Քվանտ» վարժարանից, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանից, Գյումրու «Ֆոտոն» վարժարանից, Վանաձորի «Էվրիկա» վարժարանից եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից: 2012թ. նախատեսված են հետեւյալ անվանակարգերը՝ • Գլխավոր մրցանակ • Լավագույն ասպիրանտ (I եւ II կարգեր) • Լավագույն մագիստրանտ (I եւ II կարգեր) • Լավագույն բակալավր (I եւ II կարգեր) • Լավագույն սփյուռքահայ մասնակից • Լավագույն ուսանողուհի • Լավագույն աշակերտ Հարցազրույցներն անց են կացվում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների մրցանակաբաշխության հանձնաժողովի կողմից: Պարգեւները կշնորհվեն են ՏՏ ոլորտի եւ բնական գիտություններից բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են տարբեր օլիմպիադաների եւ մրցույթների, գիտական հոդվածների հեղինակներ են, ունեն բազմակողմանի գիտելիքներ եւ այլ տաղանդներ, ինչպես նաեւ ներգրավված են սոցիալական ծրագրերում: Յուրաքանչյուր հաղթող կստանա դիպլոմ, դրամական պարգեւ մինչեւ 1200 դոլար եւ ՏՏ ոլորտը խորհրդանշող հուշախորհրդանիշ: Նախագահական ամենամյա մրցանակաբաշխությունը ֆինանսավորվում է Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի կողմից: ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մասին 2005թ. ապրիլի 28-ին ՀՀ նախագահի հավանությամբ Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ն եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստորագրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման վերաբերյալ համաձայնագիր: Մրցանակաբաշխության հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում լավագույններին ճանաչելն ու խրախուսելն է: ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) (ֆակուլտետներ՝ Կիբեռնետիկա, Քոմոփյութերային համակարգեր եւ ինֆորմատիկա, Կիրառական մաթեմատիկա, Ռադիոտեխնիկա եւ կապի համակարգեր), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) (ֆակուլտետներ՝ Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա, Ռադիոֆիզիկա, Ֆիզիկա), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ֆակուլտետ՝ Քոմփյութերային գիտություններ եւ ինֆորմատիկա), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի (ֆակուլտետներ՝ Կիրառական մաթեմատիկա եւ ինֆորմատիկա, Ֆիզիկատեխնիկական, Բժշկա-կենսաբանական), Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի (մասնագիտացումներ՝ Կիրառական ծրագրավորում, Տեղեկատվական տեխնոլոգիաների գործարար կառավարում, Մուլտիմեդիա համակարգերի ծրագրավորում եւ դիզայն, Կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր), ՀՊՃՀ-ի Երեւանի ավագ դպրոցի, ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, «Քվանտ» վարժարանի, Երեւանի «Անանիա Շիրակացի» ճեմարանի, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի, Վանաձորի «Էվրիկա» վարժարանի եւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսանողներն ու աշակերտները: Մրցանակաբաշխությունն առաջին անգամ անցկացվել է 2005թ., եւ պարգեւներ են շնորհվել ՏՏ ոլորտի 18 լավագույն ուսանողների եւ աշակերտների: 2006թ. նախագահական կրթական պարգեւների են արժանացել 19 ուսանող եւ աշակերտ: 2007թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 148 թեկնածուներից: Պարգեւներ ստացել են 27 ուսանող եւ աշակերտ: 2008թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 134 թեկնածուներից, որոնցից 29 ուսանող եւ աշակերտ արժանացել են պարգեւների: 2009թ. ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 110 թեկնածուներից, որոնցից 30 ուսանող եւ աշակերտ արժանացել են պարգեւների: 2010 ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 180 թեկնածուներից, որոնցից 37 ուսանող եւ աշակերտ արժանացել են պարգեւների: 2011 ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովը իր ընտրությունը կատարել է 195 թեկնածուներից, որոնցից 38 ուսանող եւ աշակերտ արժանացել են պարգեւների: Անցած յոթ տարիների ընթացքում 201 ուսանող եւ աշակերտ արժանացել են այս պարգեւին: 2008թ.-ին հիմնադրվել է ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի Հաղթողների ակումբը: Սինոփսիս Արմենիա ՓԲԸ եւ Սինոփսիս ընկերության մասին Սինոփսիսը կիսահաղորդիչների էլեկտրոնային ավտոմատացված նախագծման ոլորտի համաշխարհային առաջատարն է: Ընկերությունն էլեկտրոնիկայի գլոբալ շուկային տրամադրում է տեխնոլոգիական համակարգերի, կիսահաղորդիչների նախագծման եւ ստուգման հենքեր, ինտեգրալ սխեմաների արտադրության եւ արտադրողականության բարձրացման նորագույն լուծումներ, կիսահաղորդչային մտավոր սեփականություն եւ նախագծման ծառայություններ: Այն սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո: Ժամանակի ընթացքում Սինոփսիս Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) դարձել է ընկերության խոշորագույն ստորաբաժանումներից մեկը, որը գիտահետազոտական եւ ճարտարագիտական աշխատանքներ է իրականացնում էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA), արտադրության համար նախագծման եւ մտավոր սեփականության (IP) մշակման ոլորտներում: Ներկայումս ընկերությունում աշխատում են մի քանի հարյուր որակյալ ճարտարագետներ, եւ ընկերությունը ՏՏ ոլորտում խոշորագույն գործատուներից մեկն է: Հայաստանը ՏՏ ոլորտի բարձր որակավորված մասնագետներով ապահովելու նպատակով ընկերությունը ներդրումներ է կատարում ՏՏ բնագավառի կրթության ոլորտում եւ առաջատար ու հաջողված համագործակցության ծրագրեր է իրականացնում հանրապետության մի շարք առաջատար բուհերի, այդ թվում` Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ), Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Հայ-ռուսական պետական (սլավոնական) համալսարանի, ինչպես նաեւ Մոսկվայի Էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի (ՄԷՏԻ) հետ: Բացի այդ, ընկերությունը հետեւողականորեն խթանում է հասարակայնության հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ` հովանավորելով ՏՏ ոլորտում լավագույն ուսանողներին շնորհվող ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւը, անցկացնելով երիտասարդ մասնագետների եւ ուսանողների մրցույթներ, կազմակերպելով ԶԼՄ-ների հրապարակումներ, բարեգործական եւ կամավոր աշխատանքներ: Սինոփսիս-Արմենիա ՓԲԸ գտնվում է Երեւանում: Սինոփսիսի գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի Մաունթին Վյու քաղաքում: Ընկերությունն ունի ավելի քան 70 գրասենյակ Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Ճապոնիայում, Ասիայում եւ Հնդկաստանում. www.synopsys.com; www.synopsys.am:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play