Առաքելությունը` լուսավորության ջահը պատվով տանելն է


Առաքելությունը` լուսավորության ջահը պատվով տանելն է

  • 09-07-2012 17:32:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Կրթության ազգային ինստիտուտում այսօր մեկնարկել է Սփյուռքահայ ուսուցիչների մեկամսյա վերապատրաստման 2012 թվականի ծրագիրը, որն ամեն տարի կազմակերպում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունել եւ արգասաբեր աշխատանք է մաղթել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: "Նախարարության գերակայություններից մեկն է մեր հայրենակիցների կրթական կարիքների բավարարումը եւ սպասարկումը: Հայկական գաղթօջախներում կրթական գործընթացի կազմակերպման աշխատանքը հիրավի ծանր է. այն պահանջում է գործընկերության լայն դաշտ մեր հայրենակիցների հետ: Վերջին շրջանում Սփյուռքի հայկական դպրոցների առջեւ ծագում են նոր մարտահրավերներ, որոնք երբեմն ոչ ավանդական լուծումների կարիք ունեն: Մասնավորապես, Մերձավոր Արեւելքի մեծաքանակ հայկական համայնքն այսօր, առավել քան երբեւէ, ունի հայապահպանության խնդիրներ, որոնք կարիք ունեն նոր մոտեցումների, պետական առավել մեծ ուշադրության: Նախարարությունը պատրաստակամ է բավարարել ձեր կրթական կարիքները ոչ միայն վերապատրաստումների, այլ նաեւ ուսումնակրթական նոր նյութերի եւ տեխնոլոգիաների կիրառմամբ հայալեզու կրթական բովանդակությունը տեղ հասցնելու միջոցով: Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մենք այժմ մշակում ենք նոր մոտեցումներ` մեծաքանակ ռուսահայ համայնքում տեղական մակարդակներում կազմակերպելու հայոց լեզվի դասավանդման արդյունավետ տարբերակ` մեր հայրենակիցների կրթական կարիքները լավագույնս բավարարելու համար: Այս տարի նախատեսվում է նաեւ արտագնա վերապատրաստում Վրաստանում ոչ միայն հայագիտական, այլ նաեւ մասնագիտական առարկաների գծով` Վրաստանի հայկական դպրոցներում կրթության որակի բարձրացման եւ ազգությամ բ հայ Վրաստանի քաղաքացիների` իրենց կրթությունը նաեւ Վրաստանի բուհերում շարունակելու համատեքստում ",-դիմելով ուսուցիչներին` նշել է նախարարը եւ հավելել, որ վերապատրաստման գործընթացն ունի ոչ միայն ուսումնական, այլ նաեւ հայրենաճանաչության բաղադրիչ: "Հուսով եմ` այս ընթացքում դուք ոչ միայն կկատարելագործեք ձեր գիտելիքները, այլ ձեր օջախներին եւ ձեր աշակերտներին կփոխանցեք Հայաստանի հոգեւոր լույսը, նրա ջերմությունը: Ի դեմս ձեզ` մենք ունենք ուժեղ զինակիցներ, որոնք կօգնեն մեր դրոշը, լուսավորության մեր ջահը պատվով տանել ": Սփյուռքահայ ուսուցիչների ծրագիրը գործում է 2000 թվականից. 2002 թվականից այն սկսել է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից եւ մինչեւ 2009թ. տրամադրվող գումարի չափն աճել է: Այժմ ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության եւ ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Այս տարի ծրագրին կմասնակցի 75 ուսուցիչ 12 երկրից` Ռուսաստան` 16, Եգիպտոս` 1, Իրա ԱՄՆ` 5, Ավստրալիա`3 , Աբխազիա ` 8, Լիբանան` 5, Մեծ Բրիտանիա` 5, Սիրիա` 17, Վրաստան` 5, Ուկրաինա` 2, Ֆրանսիա` 1: Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում. մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, դպրոցների կառավարման եւ լրացուցիչ կրթության կազմակերպման: Այս տարվա ուսումնական ծրագրի առանձնահատկությունն այն է, որ շեշտը դրվել է պրակտիկ պարապմունքների վրա, հատկապես, "Լրացուցիչ կրթության կազմակերպում" խմբի մասնակիցների համար: Նկարչության մեթոդիկայի դասընթացները կկազմակերպվեն Գեղագիտության ազգային կենտրոնում, իսկ ժողովրդական արվեստների ու արհեստների ուսուցումը՝ Գյումրիի "Ընտանիք" կենտրոնում: Բոլոր խմբերի ուսուցիչների համար վարպետաց բաց դասեր կկազմակերպվեն "Տաթեւ" գիտակրթական համալիրում եւ այլն: Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ այն տարի վերապատրաստման մեջ ընդգրկված են ավելի մեծ թվով Սփյուռքի մասնագետների եւ ստեղծագործող ուսուցիչներ, որոնք իրենց փորձը կներկայացնեն Սփյուռքի այլ ուսուցիչներին: Արեւմտահայերենը ծրագրում կդասավանդի Լիբանանի "Հայկազյան" համալսարանի դասախոս, բազմաթիվ գրքերի հեղինակ Կարո Առաքելյանը: Այս տարի նույնպես ուսուցիչները հնարավորություն կունենան այցելել մի շարք թանգարաններ, շրջայցեր կատարել Խոր-Վիրապ, Նորավանք, Սեւան, Էջմիածին, Գեղարդավանք: Դասընթացների վերջում ուսուցիչներին կտրվեն ՀՀ ԿԳ նախարարության եւ Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play