Իրական տոն՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում


Իրական տոն՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում

  • 13-07-2012 13:57:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն Երեկ` հուլիսի 12-ին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում իրական տոն էր. ցնծացող ուսանողներին հանձնվում էին ավարտական դիպլոմները: Դեռեւս 1921 թվականին հիմնադրված ուսումնական այս հաստատությունը (ի սկզբանե հանդես է եկել որպես ստուդիա եւ միայն 1923թ-ին դարձել է կոնսերվատորիա) համարյա ինը տասնամյակ շարունակում է պահպանել իր հիմնադիր Ռոմանոս Մելիքյանի սահմանած բարձր չափանիշները` յուրաքանչյուր տարի կյանք ճանապարհելով հարյուրավոր որակավորված երիտասարդ երաժիշտների: Եվ, ահա, այս տարի եւս բակալավրիատի եւ մագիստրատուրայի շուրջ 400 շրջանավարտ ամփոփեցին կյանքի կարեւորագույն մի շրջան` լի բերկրալից եւ հուզումնալից պահերով, երբեմն էլ, գուցե, փոքրիկ անհաջողությունների հուսահատություններով: Դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ Կոնսերվատորիայի 4-րդ հարկի դահլիճում: Միջոցառմանը մասնակցեցին վաստակաշատ գիտնական մանկավարժներ, պրոֆեսորներ, ովքեր եկել էին շնորհավորելու եւ բարի երթ մաղթելու իրենց սաներին: Շնորհավորելով շրջանավարտներին` ԵՊԿ ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը դիմեց օրվա հերոսներին արդեն որպես գործընկերներ` մաղթելով նրանց նորանոր նվաճումներ, մասնագիտական աճ եւ, իհարկե, անձնական երջանկություն: Հատկանշական էր այն, որ ուսանողների գերակշիռ մեծամասնությունը ուսումնառության տարիներին ցուցաբերած բարձր առաջադիմության դիմաց պարգեւատրվեց կարմիր դիպլոմներով: Շրջանավարտներին եւ միջոցառման հյուրերին իրենց հիասքանչ կատարումներով ներկայացան կոնսերվատորիայի տարբեր տարիների ներկայացուցիչները` սկսած ուսումնական հաստատություն նոր ընդունված ուսանողներից մինչեւ ավարտական կուրսի երաժիշտներ: Ելույթ ունեցան մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Ժորա Սարգսյանը, օպերային երգիչ Արտակ Ստեփանյանը, ով անգամ լսարանի բուռն ծափողջույնների պահանջով կատարեց «բիս», սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը, ջութակահարուհի Անի Փարսադանյանը, օպերային երգիչ Արսեն Ստեփանյանը եւ դաշնակահարուհի Շողեր Հովհաննիսյանը: Թո´ղ որ երաժշտական աշխարհը գրկաբաց ընդունի նորեկներին եւ ապագա հաղթանակների սահուն ճանապարհ հարթի նրանց համար:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play