Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով Աստղիկի օրը նշել են Վարդավառը


Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով Աստղիկի օրը նշել են Վարդավառը

  • 25-07-2012 10:02:42   | Հայաստան  |  Հասարակություն

Հայ արիները եւ ազգայնականները նշել են Հայոց Վարդավառի տոնը: Այն ամենասիրված տոներից է եւ Հայ Արիական Միաբանության ու Հայ Ազգայնականների Համախմբման անդամները հուլիսի 25-ին՝ Հայոց Սրբազան տոմարով եւ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կազմակերպել են հայ-արիական տոնակատարություն: Բազում հազարամյակներ այդ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Հայ արիները տոնական միջոցառմանն ավանդական ջրցանությամբ միմյանց ջրել են հայ արի քրմերի կողմից օծված ջրով, եւ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ Սերը, որը Տիեզերաստեղծ Միջուկ է ի վերուստ: Ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն ինչքան էլ փորձում են վերացնել քրիստոնեական ուսմունքի հովիվները՝ անարդյունք է լինում՝ ազգը գենետիկ հիշողությամբ պահպանում է ազգայինը… Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Վարդավառի տոնական արարողությունը կազմակերպել են Քարի լճի մոտ՝ Արագածի գագաթ բարձրանալու ճանապարհին, իսկ մի խումբ՝ տոնական եւ ծիսական արարողություններից հետո բարձրացել է քառագագաթ Արագածի բարձրագույն գագաթը: Ծիսակարգը կատարել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի 7 քրմերը եւ 7 քրմի թեկնածուները: Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն՝ հայոց սրտերը սիրավառ պահելու եւ հայի ազգային միասնությունն ու հայրենիքի վերամիավորումը Աստղկական սիրով ու Վահագնա զորությամբ իրականացնելու համար: Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են նաեւ Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին եւ սերը առ ազգ եւ հայրենիք, մայր եւ կին: Ինչպես հայտնում են Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոնից, նույն օրը Հայ Արիական Միաբանության կենտրոնական գրասենյակում Վարդավառի տոնի ծիսական արարողություն են կազմակերպել նաեւ հայ արիների Հայաստանի մարզային կառույցների, Արցախի եւ Ջավախքի ներկայացուցիչները՝ քուրմ Մանուկի (Սերգեյ Մանուկյան) եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանի մասնակցությամբ: Հ.Գ. – Աստղիկ Աստվածուհու տոնին ընդառաջ՝ հուլիսի 12-ին Երեւանում ծնվեց ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի եւ «Լուսանցք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արմենուհի Մելքոնյանի դուստր Աստղիկը, ով իր անվանն արժանացել է Հայոց Սիրո Աստղիկ Աստվածուհու անունը պատվով կրելու առաքելությամբ:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play