Շտապբուժօգնության մեքենաների առկայությունն ինքնին զգաստացնում է վարորդներին


Շտապբուժօգնության մեքենաների առկայությունն ինքնին զգաստացնում է վարորդներին

  • 18-09-2012 11:26:33   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

Ավարտվեցին Երեւան-Սեւան մայրուղու չորս հատվածում շտապ բժշկական օգնության բրիգադների լրացուցիչ հերթապահությունները։ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի եւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնների շտապ բժշկական օգնության բրիգադները դրանք իրականացրեցին հուլիսի 27-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 08:00-ից-22:00-ը` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով` ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ բժշկական օգնությունը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով։ Լրացուցիչ հերթապահությունների ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի վարչական սահմաններում անհրաժետ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել 24, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում` 6 դեպքում: Այդ ընթացքում մեկ վթար է արձանագրվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Գագարին-Ավան շրջակայքում։ Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժողը տեղափոխվել է Սեւանի հիվանդանոց։ Մեկ վթար էլ տեղի է ունեցել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի հենակետից 500 մետր հեռավորության վրա: Տուժածը գանգուղեղային վնասվածքով, անձնական տրանսպորտով, տեղափոխվել է Աբովյանի հիվանդանոց, այնուհետեւ ռեանիմոբիլով` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Օգոստոսի 18-ին, առավոտյան ժամը 09.20-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհի 42-րդ կմ-ի հատվածում արձանագրված ավտովթարի առիթով, ցավոք, շտապբուժօգնության ծառայությանը դեպքից կես ժամ ուշ են տեղեկացրել, ինչի արդյունքում ավտոմեքենաներում եղած քաղաքացիները պատահական մեքենաներով են գնացել Կոտայքի մարզի Հրազդանի բժշկական կենտրոն եւ անհրաժեշտ բժշկական օգնություն ստացել։ Բարեբախտաբար այս դեպքում լուրջ վնասվածքներ չեն եղել։ Նշենք, որ այս նախաձեռնության առթիվ նախարարությունը բազմաթիվ լավ արձագանքներ է ստացել ազգաբնակչությունից։ Մարդիկ գտնում են, որ մայրուղում շտապօգնության մեքենաների առկայությունն ինքնին զգաստացնում է վարորդներին։ Միաժամանակ, երթեւեկողները, իմանալով այս հերթապահությունների մասին, տարբեր խնդիրներով դիմել են շտապօգնության ծառայությանը։ Բժիշկներն էլ նշում են, որ հաճույքով են կատարել իրենց վրա դրված պարտականությունը։ Երեւան-Սեւան մայրուղում լրացուցիչ հերթապահությունների ժամանակ հենակետերում հերթապահող շտապ բժշկական օգնության բրիգադներին դիմել են հիմնականում հիպերտոնիկ կրիզի, թունավորման, արեւահարության, ալերգիկ վիճակի, միջկողային նեւրալգիայի, հիպերթերմիկ սինդրոմի կապակցությամբ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play