«Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպությունը նշեց Հայաստանում իր գործունեության 20 ամյակը


«Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպությունը նշեց Հայաստանում իր գործունեության 20 ամյակը

  • 24-09-2012 15:24:17   | Հայաստան  |  Բարեգործություն
Սեպտեմբերի 18-ին «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպությունը նշեց Հայաստանում իր գործունեության 20 ամյակը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին հյուրեր Դանիայից, ՀՀ կառավարությունից, ԱԺ քաղաքական գործիչներ, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կազմակերպության հիմնադիր տնօրեն Քիմ Հարցները պարգեւատրվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հուշամեդալով` կրթության եւ առողջապահության ոլորտում մեծ ներդրման համար Պարոն Քիմ Հարցներին շնորհակալագիր հանձնեց նաեւ Առողջապահության նախարարությունը` Հայաստանում կազմակերպության կատարած աշխատանքի եւ ներդրումների համար: «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունը գործընկեր կազմակերպություններ` «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների եւ երիտասարդների իրավունքների պաշտպանության ՀԿ-ին եւ «Արաբկիր» բժշկական համալիրին հանձնեց շնորհակալագրեր` երկար տարիների արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալագրեր հանձնվեցին նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, Առողջապահության նախարարությանը եւ Կրթության նախարարությանը: «Արաբկիր» բժշկական համալիրը «Առաքելություն Արեւելք» կազմակերպության ողջ անձնակազմին` ի դեմս կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլանի, հանձնեց շնորհակալագիր` Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացման գործում ներդրած բացառիկ ավանդի համար: «Առաքելություն Արեւելք» դանիական օգնության եւ զարգացման կազմակերպությունը հիմնվել է 1991 թվականին` Ռենե եւ Քիմ Հարցներների կողմից` օգնելու Արեւելյան Եվրոպայի սոցիալական եւ տնտեսական դժվարին իրավիճակներում հայտնված երկրներին: Տարիների ընթացքում կազմակերպությունն առավել ընդլայնեց իր գործունեության աշխարհագրությունը Արեւելյան Եվրոպայից մինչեւ Միջին եւ Արեւելյան Ասիայի երկրներ: «Առաքելություն Արեւելքն» աշխատում է Հայաստանում, Աֆղանստանում, Բուլղարիայում, Նեպալում, Հյուսիսային Կորեայում, Տաջիկստանում եւ Ռումինիայում: Կազմակերպության առաքելությունն է օգնել աղքատ եւ դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց, աջակցել հատկապես գյուղական համայնքների զարգացմանը: Կազմակերպության գործունեության շրջանակն ընդգրկում է մարդասիրական օգնությունից մինչեւ զարգացման ծրագրեր: Դեռեւս 2003 թվականից Առաքելություն Արեւելքն իր ծրագրերում առանցքային դեր է հատկացնում հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական կազմակերպություններին: Կարեւորելով հաշմանդամություն ունեցող անձանցով ղեկավարվող կազմակերպությունների կայուն զարգացումն ու նրանց միջեւ համագործակցության ամրապնդումը Առաքելություն Արեւելքն աջակցեց «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության» ազգային դաշինքի ստեղծմանն ու ձեւավորմանը: Մեր երկրի կրթական, առողջապահական եւ սոցիալական ոլորտներում կազմակերպության ներդրումը քսան տարիների ընթացքում կազմել է մոտ 30 միլիոն դոլար: «Առաքելություն Արեւելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանն ամփոփելով 20 տարիների գործունեությունը նշում է. - Մեզ համար այս քսան տարիները պատվաբեր եւ հաջողությունների տարիներ են: Իրականացնելով բազմաթիվ ծրագրեր, մեր կազմակերպությունը համագործակցել է թե՛ ՀՀ կառավարության եւ թե՛ հասարակական կազմակերպությունների հետ, առավել սերտ` «Հույսի կամուրջ» ՀԿ-ի եւ «Արաբկիր բժշկական կենտրոն»-ի հետ, նպաստելով կրթական, առողջապահական, սոցիալական ոլորտների բարեփոխումների իրականացմանը եւ արդյունավետ քաղաքականության մշակմանը: Խորապես շնորհակալ ենք քսան տարիներին մեզ հետ համագործակցող բոլոր գործընկերներին: Ներկայումս «Առաքելություն Արեւելքի» ծրագրերն ուղղված են կրթության եւ առողջապահության ոլորտների բարեփոխմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Կազմակերպությունը հանդիսանում է Գլոբալ Հիմնադրամի «Աջակցություն ՀՀ-ում ՄԻԱՎ /ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի» հիմնական ռեցիպիենտը:
Նոյյան տապան  -   Բարեգործություն