Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի եւ Հայաստանի Տավուշի մարզի միջեւ ստորարվել է համագործակցության համաձայնագիր


Ֆրանսիայի Օ դը Սեն նահանգի եւ Հայաստանի Տավուշի մարզի միջեւ ստորարվել է համագործակցության համաձայնագիր

  • 18-03-2011 14:21:48   | Ֆրանսիա  |  Հասարակություն
Ֆրանսիայի Նանտեր քաղաքում գտնվող Օ Դը Սեն նահանգի ընդհանուր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանի եւ Հայաստանում Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի միջեւ մարտի 4-ին ստորագրվեց ապակենտրոնացված համագործակցության համաձայնագիր: Ծրագրի շրջանակներում Տավուշի մարզի բնակչությունը աջակցություն կստանա գյուղատնտեսության ոլորտում. մասնավորապես կբարեկարգվեն ոռոգման ենթակառուցվածքները, կկառուցվեն ագրոբազաներ, կխթանվի անասնապահություն, տնկարանային տնտեսությունը, կներմուծվեն կովերի նոր ցեղատեսակներ, կստեղծվեն աշխատատեղեր: Արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը, փոխնախագահ Միշել Պազումյանը, բազմաթիվ հյուրեր: Իր խոսքում Պատրիկ Դեւեջյանը նշեց, որ համաձայնագրի ստորագրմամբ Օ Դը Սեն նահանգը շարունակում է դեռ երկու տարի առաջ սկսված համագործակցությունը, որի շահառուն Տավուշի մարզի կարիքավոր բնակչությունն է: Մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց Օ դը Սեն նահանգին աջակցության համար, ասելով, որ Տավուշի մարզն ունի գյուղատնտեսական զարգացման մեծ ներուժ եւ բարենպաստ նախապայմաններ: Ինչպես նշված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրությունում, 2009-2010թթ. Ֆրանսիայի այս նահանգը տարեկան 500 000 եվրո արժողությամբ ծրագիր արդեն իրականացրել է մարզում: Տարեկան 300 000 եվրոյի ներդրում էր ունեցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը:
Նոյյան տապան  -   Հասարակություն