Տաթեւ - Հալիձոր ճանապարհի 300 մետր հատվածը սողանքի պատճառով փակվել է


Տաթեւ - Հալիձոր ճանապարհի 300 մետր հատվածը սողանքի պատճառով փակվել է

  • 15-03-2011 19:16:59   | Հայաստան  |  Հասարակություն
Տաթեւ - Հալիձոր 23 կմ ճանապարհի 300 մետր հատվածը սողանքի պատճառով փակվել է. հարակից ժայռի փլուզման հետեւանքով առաջացած բեկորները թափվել են ճանապարհին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամլո քարտուղար Սուսան Տոնոյանը, ներկայումս աշխատանքներ են տարվում ճանապարհը բացելու համար: Հիշեցնենք, որ Տաթեւ-Հալիձոր ճանապարհը շահագործման է հանձնվել 2010 թ. հոկտեմբերին, Հալիձոր գյուղը Տաթեւի վանքի հետ կապող` աշխարհում ամենաերկար ճոպանուղու բացմանը զուգահեռ: Ճոպանուղու շինարարությունը իրականացրել է ավստրիա-շվեյցարական Garaventa ընկերությունը, իսկ ենթակառուցվածքների շինարարությունը` իտալական RENCO ընկերությունը: Ճոպանուղու շինարարության նախագծի ընդհանուր արժեքը 13 մլն ԱՄՆ դոլար է, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը` 45 մլն ԱՄՆ դոլար: Ըստ նախագծի, ճանապարհների վերանորոգման աշխատանքները իրականացրել է ՀՀ կառավարությունը, իսկ Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը վերականգնել է Հալիձորից Տաթեւի վանք տանող ճանապարհը: Հենց ճանապարհի այդ հատվածն է, որ այժմ անանցանելի է:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play