Երևանի քաղաքապետարանը խուսափում է պատասխանել 20 էջանոց օրինախախտումների և առաջարկների փաթեթին


Երևանի քաղաքապետարանը խուսափում է պատասխանել 20 էջանոց օրինախախտումների և առաջարկների փաթեթին

  • 07-11-2012 16:38:17   | Հայաստան  |  Հասարակություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հոկտեմբերի 11-ին քաղաքապետ Տարոն Մարգարյանին էր ուղարկել Երեւանի այգիներում օրինախախտումների եւ այդ իրավիճակից դուրս գալու առաջարկների 20 էջանոց փաթեթ, որը նաեւ փոխանցվել է ԶԼՄ-ներին: Այդ թվում էր նաեւ Խանջյան 20 հասցեում գտնվող վերջերս փլուզված ապօրինի շենքը: Գրեթե մեկ ամիս անց՝ նոյեմբերի 6-ին Երեւանի քաղաքապետարանը արհամարհական պատասխան է ուղարկել այդ փաստաթղթին՝ մի քանի նախադասությամբ նշելով, որ այդ հարցերը պետք է քննարկվեն էկոլոգիական հանձնաժողովում: Նշենք որ, այն լիազորություններ չունի եւ խորհրդատվական մարմին է: Քաղաքապետարանի լակոնիկ գրության պատճենը կցում ենք սույն հաղորդագրությանը: Երեկ, նոյեմբերի 6-ին Երեւանի քաղաքապետարանի այդ անհամարժեք պատասխանի հարցը բարձրացվել է նույն էկոլոգիական հանձնաժողովում, ինչը հարուցել է հանձնաժողովի անդամների ծիծաղը: Անդամների առաջարկով այժմ հանձնաժողովը կրկին նույն հարցադրումները ուղղելու է Երեւանի քաղաքապետարանին եւ բաժիններին՝ լիարժեք պատասխաններ ստանալու համար: «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը նշված հիմարացնող պատասխանը գնահատում է որպես Երեւանի քաղաքապետարանի կողմից անգործության ցուցաբերում, որի հետեւանքներից մեկն էլ Խանջյան 20 շենքի փլուզումն էր: Այն նաեւ քաղաքապետարանի ցածր իրավական մշակույթի եւ վարչությունների կողմից սեփական պարտականությունները օրենքի առաջ չկատարելու վկայությունն է: Մեր կողմից նաեւ շեշտվել է, որ մինչ հանձնաժողովը նիստեր է գումարում Երեւանում շարունակվում են խախտումներով թույլտվություններ տրվել, օրինակ Կոմիտասի այգում, Արզումանյան 4, Կոմիտասի 5ա հասցեում եւ բազմաթիվ այլ հանրային տարածքներում կառուցապատումների համար: Հանրային այգիները ապօրինի շինություններից ազատելու մեր պահանջը մնում է ուժի մեջ: Կրկին անգամ հիշեցնում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը մեր՝ հարկատուներիս միջոցներով գործող տեղական ինքնակառավարման մարմին է, որը պարտավոր է տեղեկություններ տրամադրել եւ հաշվետու լինել երեւանցիների առջեւ ու ծառայել հանրությանը: Մենք հետամուտ ենք լինելու պահանջված տեղեկությունների ստացմանն ու քաղաքապետարանի գործելակերպի հստակեցմանը, քանի որ այդ մասին իրավունք ունի տեղեկանալ Երեւանում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի եւ նման անգործությունը հղի է մարդկանց կյանքն ու առողջությունը վտանգող իրավիճակների ստեղծմամբ: «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն 7-ը նոյեմբերի 2012
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play