ՀՀ ԳԱԱ նախագահն ընդունեց աստղագիտության միջազգային օլիմպիադայի մասնակից դպրոցականներին


ՀՀ ԳԱԱ նախագահն ընդունեց աստղագիտության միջազգային օլիմպիադայի մասնակից դպրոցականներին

  • 15-11-2012 11:00:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հայկական աստղագիտական ընկերությունից հայտնում են, որ նոյեմբերի 14-ին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ընդունեց աստղագիտության միջազգային օլիմպիադայի մասնակից դպրոցականներին: Հիշեցնենք, որ վերջերս` հոկտեմբերի 16-24-ին Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում տեղի ունեցած աստղագիտության 17-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի աշակերտները նվաճել են 1 ոսկե, 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ, ինչպես նաեւ 2 հատուկ մրցանակ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվ. ֆիզմաթ դպրոցի սան Գեւորգ Մարտիրոսյանն արժանացել է ոսկե, ՀՊՃՀ ավագ դպրոցի սան Արսեն Վասիլյանը՝ արծաթե, ֆիզմաթ դպրոցի սաներ Սիրանուշ Բաբախանովան եւ Վարդգես Մամբրեյանը՝ բրոնզե մեդալների, ընդ որում Գեւորգ Մարտիրոսյանը նաեւ նվաճել է օլիմպիադայի բացարձակ հաղթողի մրցանակին: Օլիմպիադային մասնակցել են նաեւ Լեւոն Ստեփանյանը եւ Վահան Ասլանյանը, ովքեր պարգեւատրվել են մասնակցի դիպլոմներով եւ նույնպես մեդալների հավակնորդներ են եղել: Թիմի ղեկավարներն են Մարիետա Գյուլզադյանը եւ Տիգրան Նազարյանը: ՀՀ ԳԱԱ հանդիպմանը ներկա էին բոլոր վեց մասնակիցները, թիմի ղեկավար Մարիետա Գյուլզադյանը, ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը եւ Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը: Տեղի ունեցավ զրույց աստղագիտական օլիմպիադայի, Հայաստանում աստղագիտության վիճակի եւ խնդիրների մասին: Օլիմպիադայի մասնակիցներին եւ ղեկավարներին հանձնվեցին սիրողական աստղադիտակներ, աստղագիտական գրքեր, քարտեզներ եւ օրացույցներ: Պատանի կադրերի պատրաստման, հանրապետական եւ միջազգային աստղագիտական օլիմպիադաներում ֆիզմաթ դպրոցի սաների ակնառու հաջողությունների համար ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանն արժանացավ ՀՀ ԳԱԱ հատուկ շնորհակալագրի:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play