Կազմակերպեց ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողով


Կազմակերպեց ՄԱԿ-ի մոդել-խորհրդաժողով

  • 17-11-2012 14:00:47   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ուսանողները ՄԱԿ-ի արժեքների վերաբերյալ իրենց գիտելիքները, ինչպես նաեւ բանակցային եւ հաղորդակցության հմտությունները բարելավեցին՝ ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովի ընթացքում իրականացնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) դերախաղ, որտեղ քննարկում էին ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը: Խորհրդաժողովը տեղի ունեցավ այսօր Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ): Միջոցառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության (ՄԱԿ ՀՏՎ) եւ ԵՊՀ-ի համատեղ ջանքերով՝ Համալսարանի եւ ՄԱԿ ՀՏՎ-ի միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում: Այն նվիրված էր Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության եւ Հանդուրժողականության միջազգային օրերին: Նախքան համաժողովն անցկացվել են դասընթացներ` ՄԱԿ-ի արժեքների, ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների եւ կառուցվածքի, ընթացակարգային կանոնների մասին մասնակիցների գիտելիքները զարգացնելու համար: ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի փորձառու դասընթացավարն ու թեմատիկ փորձագետներն ուղղորդել են մասնակիցներին եւ նրանց տրամադրել հատուկ մշակված ուղեցույցներ: Մասնակիցներն իրազեկվել են ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների դիրքորոշումների վերաբերյալ: Նրանք տեղեկացվել են ոչ միայն Պաղեստինի անդամակցության խնդրի նրբությունների եւ ՄԱԿ-ի մարմինների գործառությների մասին, այլեւ ծանոթացել բանակցությունների, բազմակողմ դիվանագիտության արվեստին եւ ստացել անհրաժեշտ տեղեկություններ, որոնք նրանց օգնեցին դերախաղի ժամանակ պատշաճ ներկայացնել իրենց երկրների դիրքորոշումները: ՄԱԿ ՀՏՎ ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն խորհրդաժողովի բացմանը նշեց. «Դասընթացավարների հետ եւ ձեր առանձին խմբերում աշխատելու ընթացքում դուք շատ բան սովորեցիք ՄԱԿ-ի արժեքների եւ ՄԱԿ-ի ԱԽ գործառույթների մասին: Բանակցելու, համաձայնության գալու եւ հակառակ կողմի կարծիքին հանդուրժողաբար վերաբերվելու կարողությունն օգտակար է ձեր հետագա մասնագիտական առաջընթացի համար եւ ձեզ կօգնի դառնալ ձեր համայնքների առավել ակտիվ անդամներ»: Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ասաց. «Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի հետ մեր արդյունավետ համագործակցությունը: Ես տպավորված եմ այն խանդավառությամբ, որով մեր ուսանողները վերաբերվում են հետազոտությանն ու բանավեճերին, այն նվիրվածությամբ, որով նրանք նախագծում են իրենց համակողմանի դիրքորոշումները, եւ միջազգային դիվանագիտության այն ոգով, որով նրանք շփվում են իրենց ընկեր-պատվիրակների հետ»: Օրվա ավարտին բոլոր մասնակիցները ստացան գնահատանքի վկայականներ եւ փոքրիկ մրցանակներ: ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները ՄԱԿ-ի մարմինների դերախաղ են, որի ընթացքում մասնակիցները ներկայացնում են ՄԱԿ-ի տարբեր անդամ պետություններ եւ քննարկում համաշխարհային նշանակության հարցեր: ՄԱԿ-ի անդամ բազմաթիվ երկրներում, ինչպես եւ Հայաստանում, ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովները մեծ ժողովրդականություն են վայելում երիտասարդների շրջանում: Մասնակիցներն առաջարկվող մտացածին դեպքերի շուրջ ուսումնասիրություններ են կատարում, ներկայացնում իրենց երկրների դիրքորոշումները, սովորում քննարկել, համաձայնություն կառուցել եւ ընդունում են համատեղ բանաձեւ:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play