ԻՐԱՆԸ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ


ԻՐԱՆԸ ԵՎ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

  • 06-12-2012 16:06:49   | Հայաստան  |  Վերլուծություն

 

Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները զգալի փոփոխություններ են առաջացրել Իրանի Իսլամական Հանրապետության տնտեսական կյանքում։ Միևնույն ժամանակ, դրանք լուրջ ազդեցություն են թողել նաև քաղաքական գործընթացների վրա։
 
Պատժամիջոցների տնտեսական ազդեցությունը
 
Միացյալ Նահանգների և ԵՄ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներից ամենաազդեցիկը կարելի է համարել ոչ թե նավթի ներկրման վերաբերյալ ընդունված սահմանափակումները, այլ հետևյալ երկու որոշումները.
 
1. Իրանական բանկերի հետ տրանզակցիոն գործարքների կատարման և SWIFT համակարգում Իրանի մասնակցության սառեցումը։ Արդյունքում՝ Իրանը, փաստորեն, զրկվել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից և բանկերից ԱՄՆ դոլար գնելու հնարավորությունից, ինչը նվազեցրել է արտարժույթի հոսքը երկիր և սահմանափակել առաջին անհրաժեշության ապրանքների ներկրումը։
 
2. Գրեթե բոլոր միջազգային ապահովագրական ընկերությունները հրաժարվել են ապահովագրել իրանական նավթով բարձված նավերը, ինչը զգալիորեն (մոտ 30%-ով) կրճատել է իրանական նավթի արտահանման ծավալները։ Խնդրի էությունն այն է, որ անգամ այն պետությունները, որոնք չեն պաշտպանել Իրանի դեմ կիրառվող միջազգային պատժամիջոցները, ստիպված են եղել սահմանափակել իրանական նավթի գնումը, քանի որ դրա տեղափոխումն ապահովագրված չէ և ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի դեպքում գնորդները կարող են կորցնել ողջ ապրանքն ու դրա համար վճարված գումարները։
 
Այս պատժամիջոցների ընդունման արդյունքում Իրանը հայտնվել է իրական մակրոտնտեսական ճգնաժամի առջև։ Մի կողմից՝ կրճատվել են նավթի արտահանումից ստացվող եկամուտները, մյուս կողմից՝ այդ եկամուտները, որպես կանոն, ստացվում են ոչ թե ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, այլ այն պետությունների արժույթով, որոնք գնում են իրանական հումքը։ Որպես հետևանք՝ Իրանը ստիպված է իր ներկրումներն ապահովել այն պետություններից, որոնք էլ գնում են իրանական նավթը, ինչն, իր հերթին, լուրջ սահմանափակումներ է մտցնում ներկրվող ապրանքների տեսականու մեջ, քանի որ, օրինակ, Իրանը չի կարողանում անհրաժեշտ ծավալներով ցորեն ներկրել։ Եթե նախկինում ցորենի ներկրման հիմնական աղբյուրը Կանադան էր, ապա այսօր Թեհրանը ստիպված է որոնել նոր աղբյուրներ այն պետությունների շարքից, որոնք գնում են իրանական նավթը։
 
Պատժամիջոցների հետևանքով Իրանում զգալիորեն աճել է ինֆլյացիան. օրինակ, Իրանում մեծ սպառում ունեցող հավի միսը, որի 50%-ը ներկրվում է, թանկացել է շուրջ 4 անգամ։ Թանկացել են նաև այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ կարագը, ձեթը և ալյուրը։
 
Միևնույն ժամանակ, պատժամիջոցների և տնտեսական խնդիրների պատճառով Իրանի Կենտրոնական բանկն արդեն սեպտեմբերի վերջին ցույց տվեց, որ չի կարողանում զսպել իրանական արժույթի արժեզրկումը։ Մեկ օրվա ընթացքում այն արժեզրկվեց 70%-ով, ինչը ցույց է տալիս երկրի մակրոտնտեսական անկման ողջ ծավալը։
 
Պետք է նշել, սակայն, որ Թեհրանը լուրջ քայլերի է դիմում երկրում տնտեսական իրավիճակի կարգավորման համար։ Նշենք դրանցից ամենակարևորները։
 
Առաջին. Իրանա-իրաքյան պատերազմից հետո առաջին անգամ Իրանը դիմեց նավթի «սև շուկայի» ձևավորմանը։ Դրա հիմնական նպատակն է այլընտրանքային ճանապարհով նավթի արտահանման կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա այն միջնորդավորված եղանակով վաճառել նաև այն պետություններին, որոնք ֆորմալ առումով հրաժարվել են Իրանի հետ համագործակցությունից։ Սրան հասնելու համար Իրանի կառավարությունը սեպտեմբեր-հոկտեմբերին փաստացի վերացրեց Իրանի ազգային նավթային ընկերության նավթի արտահանման մենաշնորհը՝ իրավունք տալով նոր ձևավորվող «կոոպերատիվներին» ընկերությունից անկախ նավթ արտահանել և, միաժամանակ, չտեղեկացնել արտահանման ուղղությունների վերաբերյալ։
 
Երկրորդ. Իրանի Կենտրոնական բանկի որոշմամբ Իրանի ազգային նավթային ընկերությանը տրամադրվել է $5 մլրդ Նավթի արտահանման ապահովագրման իրանական ազգային հիմնադրամի ստեղծման համար, ինչը հնարավորություն կտա Իրանին սեփական միջոցներով ապահովագրել նավթ տեղափոխող նավերը և խրախուսել նախկին գնորդներին վերականգնել Իրանից նավթի գնման ծավալները։
 
Երրորդ. Իրանն արտաքին քաղաքական հարթակում սկսել է նոր դաշնակիցներ և գործընկերներ փնտրել, որոնք կարող են օգնել Թեհրանին՝ լուծել տնտեսական խնդիրները։ Որքան էլ տարօրինակ է, բայց Թեհրանին այս հարցում սկսել է ակտիվորեն օգնել ոչ թե Չինաստանը, որը 30%-ով կրճատել է իրանական նավթի գնման ծավալները, այլ Մերձավոր Արևելքում երբևիցե հատուկ ակտիվություն չցուցաբերած Հնդկաստանը։ Վերջինս հոկտեմբերին համաձայնեցրել է Իրանին հատուկ գնով ցորեն մատակարարելու հարցը, ինչը կօգնի Թեհրանին խուսափել հացի թանկացման ցավոտ հեռանկարից։ Հնդկաստանը նաև իր ամբողջ նավթավերամշակման հզորություններն ուղղել է իրանական հում նավթի վերամշակմանը, որը բարտերային «բենզին՝ նավթի դիմաց» եղանակով պետք է վերարտահանվի Իրան։ Սակայն բավական կարևոր են նաև Հնդկաստանի քայլերն՝ ուղղված Իրանի հետ համատեղ խոշոր նախագծերի իրականացմանը։ Դրանցից ամենաթանկը Պարսից ծոցից մինչև Աֆղանստան երկաթգծի կառուցումն է, որի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ $10 մլրդ։ Այս երկաթգծի կառուցման շնորհիվ, որը կիրականացվի հիմնականում հնդկական ֆինանսավորմամբ, փաստացի տրանսպորտային շրջափակման կենթարկվի Պակիստանը, իսկ աֆղանական շուկան և տնտեսությունն ուղղակի մուտք կունենան Պարսից ծոց և Հարավային Ասիայի շուկաներ՝ շրջանցելով Պակիստանը, որն այսօր զգալի ազդեցություն ունի Աֆղանստանի տնտեսական և քաղաքական կյանքի վրա։
 
Պետք է նշել, որ Թեհրանի կողմից իրականացվող տնտեսական ծրագրերն ունեն դրական արդյունքների բավական մեծ շանս, քանի որ փաստացի պատժամիջոցներից խուսափելու նոր համակարգ է ձևավորվում։ Թե ինչպես կընթանան հետագա զարգացումները՝ մեծ մասամբ կախված են ԱՄՆ նախագահի պաշտոնին վերընտրված Բ.Օբամայի քայլերից. եթե նա պաշտպանի Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման ծրագրերը, ապա Թեհրանը կկանգնի նոր որակի տնտեսական խնդիրների առջև։ Իսկ եթե Վաշինգտոնը գնա Թեհրանի հետ երկխոսության հաստատման ճանապարհով, ինչի մասին բավական շատ են խոսում վերջին շրջանում, ապա Իրանը կկարողանա խուսափել տնտեսական իրադրության հետագա վատթարացումից։
 
Ինչևէ, Թեհրանի համար բավական ցավալի կարելի է համարել ԿՀՎ ղեկավար, գեներալ Դ.Փեթրեուսի հրաժարականը, քանի որ վերջինս իրանա-ամերիկյան երկխոսության ակտիվ աջակիցն էր։
 
Պատժամիջոցների քաղաքական ազդեցությունը
 
Տնտեսական խնդիրները և վատթարացող սոցիալական իրավիճակը լուրջ ազդեցություն են ունեցել Իրանի ներքաղաքական կյանքի վրա։ Մի կողմից՝ Իրանի խորհրդարանը, որի կազմի հիմնական մասը կապված է երկրի կրոնական իշխանությունների հետ, ակտիվորեն սկսել է քննադատել նախագահին և նրան ներկայացնել որպես տնտեսական անհաջողությունների հիմնական մեղավոր, մյուս կողմից՝ Մ.Ահմադինեժադը, կարծես թե գիտակցելով, որ երկրի բարդ տնտեսական պայմանները խուճապով չբարդացնելու պատճառով հոգևոր իշխանություններն ու մեջլիսը չեն գնա նախագահի պաշտոնանկության ճանապարհով, սկսել է ավելի համարձակ գործել։ Հենց այս պատճառով հոկտեմբերին նախագահը հրահրեց իրանական «բանտային սկանդալը»՝ ցանկություն հայտնելով Թեհրանի բանտ այցելել և հանդիպել կալանավորների հետ։ Վերջիններիս շրջանում շատ են Մ.Ահմադինեժադի յուրայիններն ու ընկերները, որոնք վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր մեղադրանքներով ձերբակալվել և բանտարկության են դատապարտվել։ Թեև Իրանի գլխավոր դատախազն ու գերագույն դատարանի ղեկավարները մերժեցին նախագահի խնդրանքը, բայց Մ.Ահմադինեժադն իր քաղաքական թիմին ցույց տվեց, որ պահպանում է սեփական անկախությունն ու երկրի հոգևոր իշխանությունների հետ որևէ գործարքի չի գնացել։
 
Այսօր Իրանում գրեթե հակառակ պահվածք ունի նախկին նախագահ Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանին, որը վերջին ամիսներին բավական ջերմացրել է հարաբերությունները հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ։ Հաշեմի-Ռաֆսանջանիին հարաբերությունների կարգավորումը Ա.Խամենեիի հետ առավել քան անհրաժեշտ է, քանի որ հենց վերջինս կարող է ազդել նախկին նախագահի դստեր և որդու դեմ հարուցված քրեական գործերի ընթացքի վրա։ Եվ կարելի է ասել, որ այս նպատակին Հաշեմի-Ռաֆսանջանին արդեն հասել է. նրա որդուն ներկայացված մեղադրանքը «հակապետական գործողություններից» փոխվել է «դիրքի չարաշահման», իսկ դստեր «դավաճանության» մեղադրանքը փոխարինվել է «հասարակական անկարգությունների մասնակցությամբ»։ Ինչ վերաբերում է Ալի Խամենեիին, ապա նա ևս ստիպված է եղել գնալ Հաշեմի-Ռաֆսանջանիի հետ հարաբերությունների կարգավորմանը, քանի որ Արևմուտքի հետ ակտիվացող դիմակայության պայմաններում «ամերիկամետ» Հաշեմի-Ռաֆսանջանիի վերադարձը մեծ քաղաքականություն կարող է օգտագործվել նույն Արևմուտքի հետ հնարավոր երկխոսության հաստատման համար։ Այս տեսանկյունից տարօրինակ չէ, որ Չմիավորված պետությունների պայմանագրի գագաթաժողովին, որը տեղի ունեցավ օգոստոսի վերջին Թեհրանում, Ալի Խամենեիի հետ հյուրերին ընդունում էր Հաշեմի-Ռաֆսանջանին, որն էլ հիմնական նիստի ժամանակ նստած էր հոգևոր առաջնորդի կողքին։
 
Տարօրինակ է, բայց Իրանում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ 2013թ. կայանալիք նախագահական ընտրություններին Հաշեմի-Ռաֆսանջանին կարող է առաջադրել իր թեկնածությունը և ստանալ Ալի Խամենեիի աջակցությունը։ Սա պայմանավորված է նրանով, որ Իրանի նախկին նախագահն աշխարհին հայտնի է որպես բարեփոխիչ և երկխոսության կողմնակից, ինչը կարող է հանգեցնել Իրանի շուրջ ձևավորված իրավիճակի մեղմացմանը։ Դեռևս հստակ չի կարելի ասել, թե որքան հավանական է Հաշեմի-Ռաֆսանջանիի առաջադրումը, բայց կանխատեսումներ անելիս պետք է նշել, որ անգամ եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես խոսում են, Հաշեմի-Ռաֆսանջանին դժվար թե դիմի Իրանի միջուկային ծրագրի ուղղության կտրուկ փոփոխության, քանի որ հենց Իրանի նախկին նախագահն է 1991-ին վերսկսել Իսլամական հեղափոխությունից հետո ընդհատված միջուկային ծրագիրը և անմիջականորեն աջակցել ուրանի հարստացման տեխնոլոգիաների զարգացմանն Իրանում։
 
Միևնույն ժամանակ, պետք է նշել մի նոր իրողություն ևս. տնտեսական ճգնաժամն ի ցույց է դրել կառավարության և խորհրդարանի միջև փոխգործակցության բացակայության իրական հետևանքները. որպես կանոն, տնտեսական այս կամ այն խնդրի կարգավորման համար կառավարությանն անհրաժեշտ օրինագծի ընդունումը մեջլիսի կողմից դառնում է մեծ խնդիր, քանի որ պատգամավորները կառավարությունից խորհրդարան եկած ցանկացած փաստաթուղթ օգտագործում են նախագահին քննադատելու համար, ինչը ձգձգում է օրինագծի ընդունումն ու խանգարում օպերատիվ արձագանքմանը։
 
Հենց այս պատճառով խորհրդարանում և հոգևոր շրջանակներում սկսել են էլ ավելի ակտիվորեն քննարկել Իրանում նախագահի պաշտոնի վերացման և այն վարչապետի պաշտոնով փոխարինելու հարցը։ Ի տարբերություն նախագահի, որն ընտրվում է ուղիղ քվեարկության միջոցով, վարչապետը պետք է ընտրվի խորհրդարանի կողմից և ներկայացնի օրենսդիր մարմնում մեծամասնություն ունեցողների շահերը։ Սա, իր հերթին, պետք է բերի լուրջ փոխգործակցության խորհրդարանի և կառավարության միջև ու վերջինիս օպերատիվ որոշումների ընդունման ավելի մեծ հնարավորություններ տա։
 
Ինչևէ, պետք է նշել նաև, որ քաղաքական հարաբերությունները և քննարկումներն Իրանում գալիք ամիսներին էլ ավելի են ակտիվանալու, քանի որ դրանց վրա, մի կողմից, շարունակելու են ազդել տնտեսական ճգնաժամը, մյուս կողմից՝ մոտեցող նախագահական ընտրությունները։
 
Սևակ Սարուխանյան 
«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, 
Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ.
Նոյյան տապան  -   Վերլուծություն