Մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է Հայաստանի ոստիկանապետին հետամուտ լինել մարտի 3-ի միջադեպի հանգամանքների լրիվ ու բազմակողմանի վերհանմանը


Մարդու իրավունքների պաշտպանը խնդրել է Հայաստանի ոստիկանապետին հետամուտ լինել մարտի 3-ի միջադեպի հանգամանքների լրիվ ու բազմակողմանի վերհանմանը

  • 10-03-2011 13:04:11   | Հայաստան  |  Իրավունք
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրություն է հղել Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին՝ խնդրելով հետամուտ լինել մարտի 3-ին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպի հանգամանքների լրիվ եւ բազմակողմանի վերհանմանը: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեց Պաշտպանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, Կ.Անդրեասյանը, մասնավորապես, առաջարկել է քննության ընթացքում հաշվի առնել ոչ միայն ոստիկանների ցուցմունքները, այլեւ ականատեսների վկայությունները: Պաշտպանը Ա. Սարգսյանին խնդրել է նաեւ հնարավորինս սեղմ ժամկետներում պարզաբանումներ տալ տեղի ունեցածի վերաբերյալ եւ տեղեկացնել քննության ընթացքի ու արդյունքների մասին: Կարեն Անդրեասյանը պաշտոնական գրության մեջ նշում է, որ 2011թ. մարտի 3-ին ՄԻՊ գրասենյակը հաղորդում է ստացել ՀՀ կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրի արգելքի դեմ բողոքող անձանց եւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից խաղաղ ցույցի իրականացման ընթացքում մարդու իրավունքների խախտումների եւ ոստիկանների կողմից լիազորությունների վերազանցման վերաբերյալ: Հանրապետության հրապարակ է մեկնել ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը եւ արագ արձագանքման խումբը: Նրանք չեն տեսել անօրինական որեւէ գործողության կատարում ո՛չ ոստիկանների եւ ո՛չ էլ քաղաքացիների կողմից: ԱԺ պատգամավորները տեղեկացրել են Պաշտպանին, որ ոստիկանները խոչընդոտել են քաղաքացիների՝ խաղաղ ցույց անցկացնելու իրավունքի իրականացմանը, ավելին՝ ինչպես վկայում են պատգամավորները, բռնություն են կիրառել բողոքող քաղաքացիների եւ անձեռնմխելիություն ունեցող պատգամավորների նկատմամբ: «Հայտնում ենք, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից Պաշտպանին հասցեագրված բանավոր հաղորդման ընթացքում դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն ներկայացվել, հետեւաբար Պաշտպանը չի կարող տրամադրել Ոստիկանությանը վերը նշվածից բացի այլ տվյալներ»,- նշվում է Կարեն Անդրեասյանի պաշտոնական գրության մեջ:
Նոյյան տապան  -   Իրավունք