Մերձավոր Արեւելքի շիական համայնքները արաբական աշխարհում հեղափոխական զարգացումների անմիջական մասնակիցներն են դարձել<br /> <br />


Մերձավոր Արեւելքի շիական համայնքները արաբական աշխարհում հեղափոխական զարգացումների անմիջական մասնակիցներն են դարձել

  • 12-05-2011 15:23:45   | Իրան  |  Վերլուծություն
Արաբական աշխարհում սկսված հեղափոխական շարժումը մարման միտում դեռեւս չի ցուցաբերում, ինչն իր հերթին ակտիվացրել է պայքարը տարածաշրջանային եւ միջազգային տարբեր ուժերի միջեւ: Մասնավորապես, Իրանի համար սույն գործընթացները հատուկ նշանակություն ունեն նաեւ շնորհիվ այն բանի, որ դրանցում առանձնահատուկ տեղ ունեն շիական համայնքներն ու Իրանի դաշնակից Սիրիան, որոնց դիրքերի պահպանումն ու ամրապնդումը կարեւոր նշանակություն ունի Թեհրանի համար: Շիական զարթոնք Չնայած իսլամական հեղափոխությունից հետո Իրանն ակտիվ մասնակցում է տարածաշրջանի շիական համայնքների շահերի պաշտպանությանը` արաբական աշխարհում վերջին շրջանում բարձրացած հեղափոխական ալիքը եւ դրանում շիական համայնքների ակտիվ մասնակցությունը Թեհրանի համար, թերեւս, անսպասելի կարելի է համարել: Այս մասին է, մասնավորապես, խոսում այն հանգամանքը, որ վերջին տարիներին պաշտոնական Թեհրանը որոշակիորեն կարգավորել էր հակասությունները Մերձավոր Արեւելքի արաբական պետությունների հետ եւ հրաժարվել իսլամական հեղափոխության արտահանման ակտիվ քաղաքականությունից: Հավանաբար, նման քաղաքական գծի հիմնական պատճառներից կարելի է համարել այն իրադրությունը, որը ձեւավորվել է Իրաքում եւ Աֆղանստանում, որտեղ Իրանը միջնորդավորված կերպով ներգրավված է քաղաքական, ռազմական եւ տնտեսական գործընթացների մեջ: Այս իրողությունն Իրանից պահանջում էր ռեսուրսների կենտրոնացում աֆղանական եւ իրաքյան ուղղություններում: Սակայն գործընթացները, որոնք սկսվեցին Հյուսիսային Աֆրիկայում հեղափոխական շարժմամբ, Եմենում եւ Բահրեյնում հանգեցրին շիական համայնքների քաղաքական ակտիվության զարթոնքի, որոնց հեռանկարային հետեւանքը կարող է լինել այս պետություններում շիական գործոնի դերի ամրապնդումը: Չնայած Իրանն այնքան էլ պատրաստ չէր նման սցենարի, այնուամենայնիվ, կարելի է նշել, որ առնվազն Բահրեյնում շիական հեղափոխական ալիքը, սկզբից եւեթ ոչ ակտիվ, բայց պաշտպանվել ու հրահրվել է Թեհրանի կողմից: Իրանը եւ գործընթացները Բահրեյնում Իրանի անմիջական մասնակցությունը բահրեյնյան իրադարձություններին սահմանափակված էր նրանով, որ Բահրեյնի իշխանություններն Իրանի քաղաքացիների մուտքը եւ ներգրավվածությունը երկրի տնտեսական կյանքում խիստ սահմանափակել են իսլամական հեղափոխությունից հետո: Արդյունքում` իրանական ներդրումներ Բահրեյնում գրեթե չկան, ինչպես նաեւ երկրում իրանական համայնք գրեթե չկա, ինչն իր հերթին սահմանափակում է Թեհրանի հնարավորությունները` ներգրավվել բահրեյնյան կյանքին եւ անմիջականորեն աջակցել տեղի շիա համայնքին: Սակայն Բահրեյնում սկսված հակաիշխանական շարժումը ցույց տվեց, որ շիական համայնքը որոշակիորեն կազմակերպված է եւ ուղղորդվում է արտաքին ուժերի կողմից. այլ կերպ հնարավոր չէր բացատրել հանրահավաքների բարձր պատրաստվածությունը եւ ընդդիմադիրների կազմակերպվածությունը: Մարտի ընթացքում Բահրեյնի անվտանգության ուժերի կողմից իրականացված ձերբակալությունները բացահայտեցին այն մեխանիզմները, որոնցով Իրանը կարողացել է ներգրավվել բահրեյնյան զարգացումներում: Պարզվեց, որ դա իրականացվել է Թեհրանի լիբանանյան դաշնակից ,Հիզբալլահիե միջոցով, որը շիական- արաբական կազմակերպություն է եւ կարողացել է թափանցել Բահրեյն էժան աշխատուժի, մասնագետների եւ ներդրողների տեսքով: Բահրեյնում անկարգությունների հրահրման եւ հեղափոխական ալիքի կառավարման կասկածանքով ձերբակալվածների մի մասը, պարզվեց, հենց ,Հիզբալլահիե անդամներ եւ Լիբանանի քաղաքացիներ էին: Սակայն ամենահետաքրքիրն այս երեւույթում այն էր, թե ինչպես էին լիբանանյան շիաները կարողացել թափանցել Բահրեյն. որպեսզի տեղի իշխանությունները չկասկածեն ,Հիզբալլահիե հետ նրանց առնչության վերաբերյալ, նրանք, օգտագործելով իրենց կապերը Լիբանանի միգրացիոն ծառայության հետ, իրենց անձնագրերում արաբ քրիստոնյայի նշում էին ստացել եւ ժամանել Բահրեյն որպես քրիստոնյաներ` դրանով իսկ խուսափելով վերահսկողությունից եւ ստուգումներից: Ընդհանուր առմամբ, բահրեյնյան հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել եւ երկրից վտարվել է 200 լիբանանյան քաղաքացի, որոնք ,քրիստոնեական անձնագրերովե աշխատում էին երկրում: Լիբանանի նախկին վարչապետ Ս.Հարիրիի Բահրեյն կատարած այցի ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Լիբանանի մնացած քաղաքացիներին (մոտ 5000 հոգի) բահրեյնյան իշխանությունները չեն վտարի: ,Հիզբալլահիե անդամների վտարումից հետո քաղաքական ակտիվությունը Բահրեյնում նվազեց: Մարտի 27-ին Բահրեյնի ռազմածովային ուժերը հայտնաբերեցին եւ ձերբակալեցին ԱՄԷ-ից Բահրեյն ժամանող բեռնատար մի նավ, որում հայտնաբերվեց հսկայական քանակությամբ զենք, հիմնականում` ինքնաձիգեր, որոնք, ինչպես ցույց տվեց բեռների թղթավարության քննությունը, ուղարկվել էին Իրանից (հավանաբար, փողոցային կռիվներում օգտագործելու նպատակով): Փաստորեն, սաուդյան ռազմական ուժերի օգտագործմամբ Բահրեյնի իշխանությունները կարողացան ճնշել հեղափոխական ալիքը երկրում, ինչը կարելի է Իրանի եւ ,Հիզբալլահիե պարտությունը համարել: Սակայն, մեր կարծիքով, միայն կարճաժամկետ կտրվածքով: Խնդիրն այն է, որ Բահրեյնում, որի մոտ 600 հազար բնակչության 70 տոկոսը շիաներ են, չլուծվեց քաղաքացիական ճգնաժամի կարեւորագույն` քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների հարցը: Հրաժարվելով բարեփոխումների մասին հասարակական բողոքի սկզբում տված խոստումից` Բահրեյնի իշխանությունները կամա թե ակամա շիական համայնքին թողեցին իրադրության փոփոխության միայն մեկ ճանապարհ` հեղափոխությունը, ինչի փորձեր մոտակա տարիներին անպայման կլինեն: Իրաք Հյուսիսային Աֆրիկայի իրադարձությունների արձագանքը հասավ նաեւ Իրաք, որտեղ ակտիվացավ քաղաքական պայքարը: Հաշվի առնելով այն, որ հակակառավարական բողոքներն Իրաքում կարող են ստեղծել նոր իրավիճակ, Իրանը եւ նրա իրաքյան դաշնակիցները որոշեցին ոչ թե պայքարել ժողովրդական բողոքի ալիքի դեմ, այլ փորձել կառավարել այն: Մարտի 3-ին Իրաքի տարբեր քաղաքներում ընթացող բողոքի ակցիաների պաշտպանման համատեղ հայտարարությամբ հանդես եկան ,Ալ-Իրաքիաե խորհրդարանական խմբակցության ղեկավար Ա.Ալաուին եւ ծայրահեղական շիա գործիչ Մ. Աս-Սադրը, որոնք անմիջականորեն ստանում են Թեհրանի աջակցությունը: Նրանք պահանջեցին Ն. Ալ-Մալիքիի կառավարությունից կատարել լուրջ փոփոխություններ` հիմնված ժողովրդի պահանջի վրա: Արդեն մարտի 7-ին նոր հուժկու բողոքի ալիք բարձրացավ Բաղդադում, որն ընթանում էր ,Մալիքին խաբեբա էե կարգախոսով: Մարտի 11-ին ,Ցասման օրիե շրջանակներում հանրահավաքներ կազմակերպվեցին իրաքյան 8 քաղաքներում: Ընդհանուր առմամբ, չնայած բողոքների արդյունքում իրաքյան կառավարությունը չկորցրեց իր մանդատը, սակայն թվով 8 քաղաքապետեր հրաժարական տվեցին, ինչի արդյունքում երկրում սկսվել է լուրջ պայքար ինքնակառավարման մարմինների նոր ղեկավարների պաշտոնների վերահսկման նպատակով: Դատելով իրանական մամուլի հրապարակումներից եւ իրանական գործիչների հայտարարություններից` Թեհրանն այսօր հետաքրքրված է հենց նման զարգացմամբ, քանի որ Իրանի համար իրաքյան կառավարության տապալումը լուրջ վտանգ կարող է ներկայացնել: Այստեղ առաջին հերթին պետք է նկատի ունենալ այն, որ կառավարության տապալումը կարող է բերել նոր քաղաքացիական պատերազմի, ինչի արդյունքում Միացյալ Նահանգները կարող են հետաձգել զորքերի դուրսբերումն Իրաքից, ինչին Իրանը բավական երկար ժամանակ է սպասում: Իրաքյան նոր ճգնաժամը լուրջ վտանգ է ներկայացնում նաեւ Թուրքիայի համար: Թերեւս, դրանով կարելի է բացատրել մարտի 28-29-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի պաշտոնական այցն Իրաք, որի ընթացքում նա աջակցություն հայտնեց իրաքյան կառավարությանը` խոստանալով թուրք-իրաքյան ապրանքաշրջանառությունը ներկայիս 7,4 մլրդ ԱՄՆ դոլարից հասցնել 10 մլրդ-ի, իսկ հետո` 20 մլրդ-ի: Ի դեպ, խիստ կարեւոր քայլ Էրդողանը կատարեց Իրաքի ամենաազդեցիկ շիական համայնքի նկատմամբ. նա այցելեց շիական Էն-Նաջաֆում գտնվող սուրբ իմամ Ալիի դամբարան եւ աղոթեց տեղի շիական մզկիթում, ինչը միջազգային մամուլում լայն մեկնաբանություններ ստացավ, քանի որ Էրդողանն առաջին սուննի առաջնորդն էր, որ նման բան արեց: Շիական համայնքի հոգեւոր առաջնորդ Ա. Աս-Սիստանիի հետ հանդիպմանը նա իսլամական համախմբման կոչ արեց: Իհարկե, կարելի է ենթադրել, որ Էրդողանի քայլն ուղղված էր իսլամական աշխարհի առաջնորդի դերն զբաղեցնելու Թուրքիայի ձգտումն ամրապնդելուն, սակայն ավելի հավանական է, որ Անկարան փորձում է այդ թվում նաեւ Իրանի հետ համագործակցելով ամրապնդել ներկայումս Իրաքում ձեւավորված ստատուս-քվոն, որը հնարավոր է դարձել հենց շիաների քաղաքական դիրքորոշման շնորհիվ: Լիբանան եւ Սիրիա Իրանի համար կարեւոր նշանակություն ունեն զարգացումները Լիբանանում եւ Սիրիայում: Իրանի դաշնակից ,Հիզբալլահիե շնորհիվ Լիբանանում վարչապետի պաշտոնը ստանձնած Ն.Միկատիի կառավարության դիրքերը երկրում ամուր չի կարելի համարել` հաշվի առնելով այն, որ թե՛ ,Հիզբալլահըե եւ թե՛ Միկատիին աջակցող Սիրիան բավական բարդ ժամանակներ են ապրում: Լիբանանում ավելի է ակտիվանում նախկին վարչապետ Ս.Հարիրին, որին հաջողվեց Բեյրութում եւ լիբանանյան Տրիպոլիում (Միկատիի ծննդավայրում) բազմահազարանոց հանրահավաքներ անցկացնել` պահանջելով տնտեսական քաղաքականության փոփոխություն: ,Հիզբալլահիե պատասխանն ընդդեմ ամերիկյան աջակցությամբ գործող Ս.Հարիրիի հեղինակության աճի` բավական սահմանափակվել է, քանի որ, ինչպես վկայում են միջազգային աղբյուրները, Վաշինգտոնին հաջողվել է կտրել Իրանից ,Հիզբալլահինե ուղղվող ֆինանսական ուղիները: ԱՄՆ ճնշմամբ լիբանանյան իշխանությունները փակել են Լիբանանա-կանադական բանկը, որը Իրանից տարեկան մի քանի միլիարդ ԱՄՆ դոլար էր փոխանցում ,Հիզբալլահիե հաշիվներին: Միեւնույն ժամանակ, Սիրիան սահմանափակել է իր մասնակցությունը լիբանանյան գործերին, քանի որ սիրիական իշխանությունները ստիպված են հաղթահարել այն բարդ իրադրությունը, որը ձեւավորվել է սեփական երկրում: Սիրիայում աճող սուննի իսլամիստական շարժումը եւ քրդական գործոնը լուրջ վտանգ են ներկայացնում թե՛ սիրիական վարչակազմի, թե՛ Իրանի համար: Սիրիայի գործող վարչակարգի պահպանման մեջ շահագրգռված է նաեւ Թուրքիան, որին երկրորդ կիսանկախ Քրդստանի ձեւավորումն իր սահմանների մոտ, հասկանալիորեն, ձեռնտու չէ: Ամփոփում Կարելի է նշել, որ Մերձավոր Արեւելքի շիական համայնքները, որոնք տասնամյակներ շարունակ ստացել են Իրանի աջակցությունը, արաբական աշխարհում վերջերս տեղ գտած հեղափոխական զարգացումների անմիջական մասնակիցներն են դարձել: Ձեւավորված իրադրության պայմաններում այս համայնքներն ու Իրանը սեփական դիրքերի ամրապնդման լավ հնարավորություն ունեն, սակայն գործընթացները պարունակու են նաեւ լուրջ մարտահրավերներ: Անկայունության ալիքը կարող է զգալի հարված հասցնել ,Հիզբալլահիե դիրքերին, վերջինիս եւ Թեհրանի դաշնակից Բաշար Ալ-Ասադի իշխանությանը, ինչպես նաեւ խախտել հավասարակշռությունն Իրանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող Իրաքում: Սեւնկ Սարուխանյան «Նորավանք» հիմնադրամ
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play