ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ «ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈ՞ՒՄ»


ՎՐԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ «ՀԱՅԿԱԿԱՆԱՑՈ՞ՒՄ»

  • 29-03-2013 05:32:08   | Վրաստան  |  Վերլուծություն

 

 
Հունվարի 17-ին Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով ժամանեց Հայաստան։ Դա Վրաստանի կառավարության նոր ղեկավարի երկրորդ տարածաշրջանային այցելությունն էր երկրի հոկտեմբերյան խորհրդարանական ընտրություններում ընդդիմության շռնդալից և շատերի համար անսպասելի հաղթանակից հետո. անցած տարվա վերջին Իվանիշվիլին այցելել էր Ադրբեջան։ Ի տարբերություն Բաքվի, որտեղ Վրաստանի կառավարության նոր ղեկավարին որոշ զգուշավորությամբ և անվստահությամբ էին սպասում (դեկտեմբերին Բ.Իվանիշվիլին հայտարարել էր, թե կասկածում է Ադրբեջանի կողմից ֆինանսավորվող, Վրաստանի տարածքով անցնող ու Հայաստանը շրջանցող Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղու նպատակահարմարությանը), Երևանում Բ.Իվանիշվիլուն ընդգծված հետաքրքրությամբ էին սպասում։
 
Հայաստանի իշխանությունների ակնկալիքները կապված էին ինչպես բազմաթիվ կենսական (օրինակ, Վրաստանի, հատկապես հայահոծ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի հայ բնակչության) խնդիրների լուծման հնարավորության մասին Բ.Իվանիշվիլու ավելի վաղ արված խոստումների, այնպես էլ այդ երկրի նոր կառավարության՝ Հայաստանի ռազմաքաղաքական գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հայտարարվող մտադրության հետ։ Կարելի է ասել, որ Վրաստանի վարչապետի հետ Հայաստանի բարձրագույն ղեկավարների հանդիպումների ընթացքում հայկական իշխանությունների ակնկալիքներն ընդհանուր առմամբ արդարացան։ Ավելին, Բ.Իվանիշվիլու այցն անցավ հետխորհրդային շատ երկրների համար ոչ բնորոշ այնքան դրական մթնոլորտում (այդ թվում Մ.Սաակաշվիլու կամ նրա կառավարության վարչապետերի նախկին այցելությունների համեմատ), որ ակամա կասկածներ ծագեցին հայ-վրացական հարաբերություններում իրադարձությունների չափից ավելի լավատեսական հնարավոր զարգացման իրատեսականության վերաբերյալ։
 
Այցելության ընթացքում Բ.Իվանիշվիլին հանդիպում ունեցավ նաև Հայ Առաքելական եկեղեցու հովվապետ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հետ։ Քննարկվեցին Վրաստանում խորհրդային շրջանում առգրավված և հետագայում նախկին տիրոջը չվերադարձված մի շարք հայկական եկեղեցիների վերադարձման հարցերը։ Երկար ժամանակ այս հարցը լուծում չէր գտնում, Մ.Սաակաշվիլու կառավարությունը չէր ձեռնարկում այս հարցի լուծումը, որը բարդացել էր այն բանից հետո, երբ Վրաց Ուղղափառ եկեղեցին նույնպես հայտարարել էր արդեն Հայաստանի տարածքում մի քանի ուղղափառ եկեղեցիների հանդեպ իր հավակնությունների մասին։ Հայաստանի ինչպես աշխարհիկ, այնպես էլ հոգևոր ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Վրաստանի վարչապետն առաջադրեց նոր, իր գնահատմամբ՝ փոխզիջումային լուծում։ Նա ասաց, որ պատրաստ է ամենակարճ ժամկետում ի հաշիվ իր բարեգործական հիմնադրամի սկսել այդ եկեղեցիների (անկախ նրանց պատկանելությունից) բարեկարգման, վերականգնողական աշխատանքները, մինչև որ հայ-վրացական համատեղ հանձնաժողովը որոշի դրանց պատկանելության հարցը։ Բ.Իվանիշվիլին ասաց, որ վրացական կողմը պատրաստ է համաձայնել այդ հանձնաժողովի ցանկացած որոշմանը, և, ինչպես ասաց «Ազատություն» ռադիոյի հայկական խմբագրությանը տված հարցազրույցում, նա այն տպավորությունն է ստացել, թե հայկական կողմը նույնպես պատրաստ է նման քայլերի։
 
Թեև Վրաստանի վարչապետի այս առաջարկությունը կարող է նոր խնդիրներ և վեճեր առաջացնել (օրինակ, ի՞նչ նախագծերով և ի՞նչ եկեղեցական ճարտարապետական ավանդույթներով պետք է իրականացվի եկեղեցիների հնարավոր վերակառուցումը՝ մինչև դրանց պատկանելության վերջնական պարզումը), այնուամենայնիվ, վկայում է այն մասին, որ Վրաստանի վարչապետը պատրաստ է գտնել բավական հին այս հիմնախնդրի քաղաքական (և փոխզիջումային) լուծում, խնդիր, որը բացասական հետք է թողնում երկկողմ միջպետական հարաբերությունների վրա։
 
Բ.Իվանիշվիլին նույն կերպ արձագանքեց նաև Սամցխե-Ջավախքի հայ բնակչության խնդիրներին վերաբերող հարցին։ Նշելով, որ ինքը շատ երախտապարտ է այդ տարածաշրջանի հայ բնակչությանը, որը Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդքան զգալի չափով է քվեարկել ընդդիմության օգտին, նա խոստացավ, որ ոչ միայն չի մոռանա իր նախընտրական խոստումները, այլև «ավելին կանի, քան խոստացել է» Սամցխե-Ջավախքում։ Ի պատասխան Ամենայն Հայոց կաթողիկոսի խնդրանքի՝ Բ.Իվանիշվիլին խոստացավ նաև քննել այդ տարածաշրջանից հայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի (որը ձերբակալվել և դատապարտվել էր Մ.Սաակաշվիլու կառավարման շրջանում) ազատ արձակման հարցը։ Բ.Իվանիշվիլին հետագայում ասել է, որ հարցն անմիջապես վերահասցեագրել է պատիժների կատարման նախարար Սոզար Սոբարիին։ Շուտով Վահագն Չախալյանի շուրջ հետագա զարգացումները, թեև ոչ երկար ժամանակով, հայտնվեցին Վրաստանի քաղաքական կյանքի էպիկենտրոնում։
 
Հիշեցնենք, որ «Միասնական Ջավախք» շարժման ակտիվիստ Վ.Չախալյանը ձերբակալվել էր 2008թ. հուլիսի 21-ին Ախալքալաքում։ Տեղի ակտիվիստների կարծիքով՝ դա տեղի էր ունեցել այն ժամանակվա վրացական իշխանությունների գործողությունների հետևանքով, որոնք Հարավային Օսիայում մարտական գործողություններն սկսվելուց երկու շաբաթ առաջ փորձում էին այդ գործողության նախօրեին «համենայնդեպս» ապահովել իրավիճակը հայաբնակ Ջավախքում և որոշել էին համենայնդեպս չեզոքացնել տեղի հայկական երիտասարդական հասարակական-քաղաքական շարժման ակտիվիստներին։ 2009թ. գարնանը Վ.Չախալյանը դատապարտվում է (ընդ որում՝ բավական վիճելի հոդվածներով) 10 տարվա բանտարկության։ Հետագա տարիներին հայկական մի շարք հասարակական կազմակերպություններ, այդ թվում և սփյուռքյան, փորձում էին բողոքարկել վրացական դատարանի վճիռը, և 2012թ. դրությամբ գործն արդեն քննվել էր Եվրոպական դատարանում։
 
Իրավիճակը փոխվեց Վրաստանում իշխանափոխությունից հետո։ Վրաստանի նոր կառավարության հռչակած համաներումը տարածվեց նաև Վահագն Չախալյանի վրա, որը 2013թ. հունվարի վերջին ազատ արձակվեց բանտից։ Ազատվելուց անմիջապես հետո Վ.Չախալյանը հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, իսկ Թբիլիսիում նրան ընդունեցին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը և Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Վրաստանի թեմի առաջնորդ Վազգեն Միրզախանյանը, ինչից հետո նա վերադարձավ հայրենի Ախալքալաք։
 
Այս իրադարձությունն առաջ բերեց գործող նախագահ Միխայիլ Սաակաշվիլու, ինչպես նաև նախկին վարչապետ և ուժային կառույցների պատասխանատու Վանո Մերաբիշվիլու խիստ սուր արձագանքը։ Մ.Սաակաշվիլին այս քայլը հանցավոր և Վրաստանի համար վտանգավոր անվանեց՝ Վ.Չախալյանին համեմատելով, ոչ ավելի, ոչ պակաս, Աբխազիայի նախկին ղեկավար Վլադիսլավ Արձինբայի հետ։ Նա Չախալյանին մեղադրեց նաև հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ և հայտարարեց, որ եթե Վրաստանի իշխանությունները ժամանակին Վ.Արձինբային բանտ նստեցնեին, ինչպես դա արեցին Վ.Չախալյանի պարագայում, Աբխազիայի շուրջ զարգացումները միանգամայն այլ շրջադարձ կունենային։ Միևնույն ժամանակ, Մ.Սաակաշվիլու ելույթներում հիշատակվել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը, ինչը Վրաստանի հայոց թեմը բավական երկիմաստ է ընկալել և հանդես է եկել քննադատական հայտարարությամբ գործող նախագահի հասցեին։
 
Պատիժների կատարման նախարար Ս.Սուբարին, իր հերթին, քննադատել է Մ.Սաակաշվիլուն՝ մեղադրելով նրան կեղծիքի մեջ, և նշել, որ Վ.Չախալյանը լրիվ համապատասխանում էր Վրաստանի խորհրդարանի հռչակած համաներման գործողության տակ հայտնվելուն։ Վրաց նախարարի փաստարկման համաձայն՝ հարց է ծագում. եթե Սաակաշվիլին Չախալյանին մեղադրել է լրտեսության մեջ, ապա ինչո՞ւ այն ժամանակ, իր կառավարման օրոք, Չախալյանին այդպես էլ մեղադրանք չի ներկայացվել այն հոդվածներով, որոնցով նրան մեղադրում է Վրաստանի նախագահը։ Համանման մեկնաբանությամբ հանդես եկավ նաև ինքը՝ Վ.Չախալյանը։
 
Վերջին մի քանի օրերի ընթացքում գործող նախագահը և ներկայում ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» նրա կողմնակիցները քաղաքական քննադատության են ենթարկել վրացական նոր իշխանությունների՝ Վահագն Չախալյանին համաներմամբ ազատ արձակելու որոշումը։ Միևնույն ժամանակ, ավելի քան ակնհայտ էր, որ դա շատ բանով կապված էր ոչ թե Վ.Չախալյանին իր «անձնական թշնամին» դարձնելու Մ.Սաակաշվիլու իռացիոնալ ցանկության, այլ այդ իրադարձությունը որպես Վրաստանի նոր իշխանությունների (Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ) քննադատության հերթական տեղեկատվական առիթ օգտագործելու ձգտման հետ։ Սակայն պետք է նշել նաև, որ Վրաստանի շատ հայերի ընկալումներում Մ.Սաակաշվիլու և նրա կողմնակիցների այդ հայտարարություններն (այդ թվում՝ բավական վիճելի մեղադրանքներով «հայկական անջատողականության» առկայության մասին) առաջ են բերել, առնվազն, որոշակի զգուշավորություն և երկյուղներ։ Նրանց կարծիքով՝ դա կարող է հանգեցնել էթնիկ լարվածության Սամցխե-Ջավախքում և խորացնել հայերի հանդեպ բացասական վերաբերմունքը ողջ Վրաստանի մասշտաբով։
 
Ի դեպ, Մ.Սաակաշվիլին իր ներվրացական քաղաքական հռետորաբանությունում «հայկական թեմատիկան» քննադատաբար օգտագործելու փորձեր (որոնք ցանկության դեպքում կարելի է բավական երկակի մեկնաբանել) արել է ոչ միայն «Չախալյանի գործի» հետ կապված։ Դեռ Բ.Իվանիշվիլու Հայաստան կատարած այցելության ժամանակ էր Վրաստանի գործող նախագահը սուր արձագանքել՝ իրեն հատուկ օպերատիվ տեմպով։ 2013թ. հունվարի 18-ին հատուկ հրավիրված ճեպազրույցում նա նշել էր, որ Բ.Իվանիշվիլու՝ Երևանում արած հայտարարությունները «բոլորովին հաշվի չեն առնում Վրաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական քաղաքական շահերը», այլ «ձեռնտու են միայն Ռուսաստանին», և որ Աբխազիայի տարածքով երկաթուղու վերագործարկումը «կդառնա հակապետական, հանցավոր, հակավրացական, հակազգային և զավթիչի հիմնարար շահերին համապատասխանող քայլ»։ Նմանատիպ հայտարարությունները Մ.Սաակաշվիլու կողմից շարունակվում են...
 
Փաստորեն, այս ամենը հանգեցրեց նրան, որ Վրաստանի վարչապետի և նախագահի դիմակայության, նրանց միջև լուրջ գաղափարախոսական և քաղաքական ճգնաժամի ֆոնին ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հայ բնակչության հետ կապված հարցերը, այդ թվում և «Չախալյանի գործը», դարձել են քաղաքական դիրքորոշման ցուցիչ իշխանության համար ներվրացական պայքարում։
 
Ավելին, ներկայում «հայկականացում» եզրն անգամ որոշակի չափով հասարակ է դարձել Վրաստանի արտաքին քաղաքական դիրքավորման հեռանկարների գաղափարախոսական գնահատականներում։ Մ.Սաակաշվիլին և նրա կողմնակիցները նախազգուշացնում են, որ Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների բարելավումը կարող է հանգեցնել նրա «հայկականացման» (բառն օգտագործվում է բացասական իմաստով)։ Իսկ նրա ընդդիմախոսները, ինչպես նշել է ինքը՝ վարչապետ Բ.Իվանիշվիլին Երևանում, «Ազատություն» ռադիոյին տված հարցազրույցում, օրինակ են բերում Հայաստանի քաղաքականությունը, որը կարողացել է միաժամանակ հիանալի հարաբերություններ ստեղծել և պահպանել և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի, և՛ ԵՄ-ի ու անգամ Իրանի հետ։
 
Բայցև ակնհայտ է, որ եթե նման միտումը շարունակվի, Վրաստանում ներքաղաքական պայքարում «հայկական գործոնի» օգտագործումն իր բոլոր դրսևորումներով կարող է բավական լուրջ վտանգ պարունակել այն իմաստով, որ Վրաստանի և անգամ Հայաստանի հայերը բացասաբար կընկալվեն առնվազն վրաց հանրության որոշակի շրջանակների կողմից։
 
Սերգեյ Մինասյան 
 
Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների 
դեպարտամենտի ղեկավար, պ.գ.թ.
Նոյյան տապան  -   Վերլուծություն