ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ (ԵՎՐԱԶԷՍ) ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ (ԵՎՐԱԶԷՍ) ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

  • 18-04-2013 16:43:22   | Հայաստան  |  Վերլուծություն

 

 

Արդի աշխարհում ինտեգրացիոն գործընթացներում ներգրավված լինելը նշանակում է օգտվել ընդհանուր որոշումների կայացմանը և նախագծերին մասնակցելու արտոնություններից, կապված լինել ընդհանուր պարտավորություններով, երկրի քաղաքացիներն, իրենց հերթին, կունենան տեղաշարժի, իրավահավասար համագործակցության և բարեկեցության ազատություն։ Ինտեգրացիոն գործընթացները, որոնք համապատասխանում են պետության ազգային շահերին և կառուցված են առաջադեմ միջազգային հանրության շրջանակներում իրավահավասարության և ինքնիշխանության հարգման հիման վրա, գերակայություն են ցանկացած ժողովրդավարական երկրի համար։

Հայաստանի ազգային շահերը պահանջում են ավելի սերտ ինտեգրացիա Եվրասիական և Եվրոպական տարածքներում, քանի որ Հայաստանն ունի փակ սահմանների խնդիր երկու անմիջական հարևանների հետ, և տարածաշրջանային համագործակցությունը Հարավային Կովկասի շրջանակում նույնպես հեռանկարներ չունի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը և հարևան Ադրբեջանի ու Վրաստանի հանրապետությունները վերջին տարիներին, ըստ էության, գլոբալ ուժերի կողմից չեն դիտարկվել (դե-ֆակտո) որպես միասնական տարածաշրջան։ Կովկասյան տարածաշրջանում բախվում են ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական շահերը։ Համաշխարհային գլոբալ ուժերի միջև մրցակցության հետևանքով տարածաշրջանում ի հայտ են գալիս նոր բաժանարար գծեր։ Որպես մեկ միասնական ամբողջություն Հարավային Կովկասի ընկալումը նույնպես փոփոխություն է կրել, և դրանում կարևոր դեր են խաղում տարածաշրջանի երկրների արտաքին քաղաքական նախասիրությունները։

Տարածաշրջանի անկումը (դե-յուրե) իրավական տեսակետից իրականություն դարձավ 2008թ. օգոստոսին Վրաստանի և Հարավային Օսիայի հակամարտությունից հետո, երբ ի հայտ եկան երկու նոր ճանաչված հանրապետություններ (Հարավային Օսիան և Աբխազիան), ինչն ըստ էության հաստատեց այն փաստը, որ տարածաշրջանի երկրները բաժանվել են ազդեցության ոլորտների...

Անդրադառնալով Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների համագործակցության հարցին՝ հարկ է նշել, որ մերձեցման գործոն կարող է ծառայել ընդհանուր մոտեցումների մշակումն արտաքին քաղաքական և ինտեգրացիոն նախասիրությունների ոլորտում։

Եվ քանի որ այդ որոշումները Հայաստանի որոշ հարևանների կողմից ընկալվում են հուզական, այլ ոչ թե գործնական մակարդակում, ապա Հայաստանը կրկնակի է շահագրգռված, որ տարածաշրջանային համագործակցության «վնասները» կոմպենսացվեն Եվրասիական և Եվրոպական ընկերակցություններին ավելի սերտ ինտեգրմամբ։

Գլխավոր խոչընդոտն այդ ճանապարհին եվրոպական որոշ քաղաքական գործիչների, ավելի ճիշտ՝ նրանց ուղղորդող անդրօվկիանոսյան ուժերի հակազդեցությունն է, որոնք Եվրասիական ինտեգրմանը հակադրում են Եվրոպականը։

Բավական է հիշել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը, թե ԱՄՆ-ը Եվրասիական ինտեգրման մեջ ԽՍՀՄ վերականգնման ուղղակի սպառնալիք և փորձեր է տեսնում և ամեն կերպ հակազդելու է դրան։

Եվրոպական միությունը, որը միավորում է 27 պետություններ, կարողացավ իրականություն դարձնել միավորված, բարգավաճ և իրավահավասար Եվրոպայի մասին եվրոպացի մտածողների երազանքները։ Բայց եվրոպական այդ ընտանիքում տարաձայնություններ և հակասություններ հաճախ են լինում, այն էլ՝ կարևոր հարցերի շուրջ, ինչը պառակտում է եվրոպական ընկերակցությունը։ Օրինակ, Արևելյան Եվրոպայի երկրների (Լեհաստան, Չեխիա) համաձայնությունն իրենց երկրների տարածքում ամերիկյան հակահրթիռային ազգային համակարգի տեղակայմանը արժանացավ արևմտաեվրոպական պետությունների (Գերմանիա, Ֆրանսիա և այլն) կշտամբանքին, որոնք չեն ուզում վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Լեհաստանի և Չեխիայի դիրքորոշումները միակողմանի բնույթ են կրում և հակասում են ԵՄ քաղաքականության հիմնական սկզբունքներին միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում։

ԵՄ-ը ամենահրապուրիչ և ազդեցիկ ինտեգրացիոն գոտին է գլոբալ աշխարհում, նրա տնտեսական պոտենցիալը, որոշ հաշվարկներով, գերազանցում է ամերիկյանը, իսկ $10 տրլն ՀՆԱ-ն, իր հեթին, կազմում է համաշխարհայինի 20%-ը1։

Եթե քաղաքական և տնտեսական առումներով ԵՄ գրավչությունն ակնհայտ է, ապա անվտանգության և գլոբալ պաշտպանության վերաբերյալ կարելի է ասել, որ դա չկա, քանի որ կառույցն ամբողջովին կախված է ԱՄՆ-ից, որն առայսօր պահպանել է իր ռազմական ներկայությունը եվրոպական երկրներում և չի պատրաստվում զիջել Եվրոպայում ունեցած դիրքերը։

Պենտագոնի պաշտոնական տվյալներով՝ 2009թ. մարտին ամերիկյան զինվորականների թվաքանակը եվրոպական որոշ երկրներում կազմում է 80.000 (Գերմանիա՝ 54.000, Մեծ Բրիտանիա և Իտալիա՝ 9000, Բելգիա և Հոլանդիա՝ 17.000 զինվոր)2։ Ռազմական ներկայությունը և ԱՄՆ-ի կողմից ԵՄ գլոբալ անվտանգության ապահովումը նույնպես եվրոպացիների վրա ազդեցության գործոն են համարվում։

Ի՞նչ հեռանկարներ և ակնկալիքներ (քաղաքական և տնտեսական) ունի Հայաստանը եվրոպական ինտեգրացիոն գործընթացում, ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում։

Քաղաքական առումով Հայաստանը խնդիր չի դնում մտնել ԵՄ, Եվրոպան ինքն էլ չի ձգտում հետագա ընդլայնման։ ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրում վեց երկրներից (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա, Բելառուս, Հայաստան) առաջին չորսը ՎՈւԱՄ երկրներն են (որը ներկայանում է որպես ԱՊՀ այլընտրանք), իսկ ԵՄ ծրագրի նորությունն այն է, որ անհատական մոտեցում է ցուցաբերվում մասնակից երկրներին։ Առաջադրված պայմաններն իրագործելիս ԵՄ-ը կարող է երկրի հետ հատուկ համաձայնագիր կնքել որոշ հիմնական ուղղություններով. վիզային ռեժիմի պարզեցում, Ազատ առևտրի եվրոպական գոտուն և մաքսային միությանն անդամակցության մասին պայմանագիր։

Կարևոր քայլ է վիզային ռեժիմի պարզեցումը, որից կախված է մյուս ուղղությունների հաջողությունը։ Բայց ինչո՞ւ են եվրոպական որոշ քաղաքական գործիչներ դա կապում Հայաստանի ընտրության հետ՝ հակադրելով ԵՄ-ն ու ԵվրԱզԷս-ը։

ԵՄ-ի հետ վերոնշյալ շատ ուղղություններով դինամիկ զարգացող հարաբերություններ ունեցող ՌԴ-ն արդեն ունի և ամրապնդում է այդ կարգավիճակը, որին ջանում է հասնել Հայաստանը (և մյուս երկրները) «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում։ Մասնավորապես, ՌԴ որոշակի խումբ քաղաքացիներ օգտվում են ԵՄ երկրների հետ պարզեցված վիզային ռեժիմի իրավունքից։ Ռուսաստանն այս ուղղությամբ հաջողության է հասել դեռ 2002թ. օգոստոսից, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ էր հղել Եվրահանձնաժողով և ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին Կալինինգրադի մարզի կենսապահովման խնդիրների վերաբերյալ՝ ԵՄ ընդլայնման համատեքստում, ինչն էլ Ռուսաստանի և Եվրամիության երկրների քաղաքացիների անվիզա ուղևորությունների հարցի շուրջ բանակցությունների պաշտոնական սկիզբը հանդիսացավ։

«Արևելյան գործընկերություն» ծրագրի շատ բաղադրիչներ եվրոպացիները փոխառել էին ԵՄ-ի հետ ՌԴ փոխգործակցության փորձից։ Հայաստանը ևս ՌԴ օրինակով հայտարարել է, որ 2013թ. հունվարից միակողմանի կարգով հանում է վիզաները ԵՄ երկրների քաղաքացիների համար՝ ի նշան բարի կամքի դրսևորման (Ռուսաստանը նույն քայլն արել է մի քանի տարի առաջ)։

Ինչպես և Հայաստանի պարագայում, գլխավոր խոչընդոտը ՌԴ-ի և ԵՄ-ի միջև անվիզա ռեժիմի հաստատման ճանապարհին Արևելյան Եվրոպայի և Մերձբալթիկայի երկրներն են։

Այս առումով հատկանշական է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի արտահայտած միտքը (2010թ. հուլիսի 23) ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Իտալիա կատարած այցելության ժամանակ, որով նա մատնանշում էր վիզային ռեժիմը հանելու հետ կապված դժվարությունները՝ դա բացատրելով Արևելյան Եվրոպայի երկրների հակազդեցությամբ3։

2012թ. մայիսին եվրոպական վեց արդյունաբերական միավորումներ, որոնք ներկայացնում են ավելի քան միլիոն ձեռնարկություն ողջ Եվրոպայում, կոչ են արել հանել վիզային պատնեշները Ռուսաստանի հետ, որոնք արգելակում են գործնական շփումներն ու հանգեցնում անօգուտ ծախսերի։ Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեն կոչ է արել ստեղծել միասնական տնտեսական տարածք Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ4։

Եվրոպական ինտեգրման ակունքների մոտ կանգնած, ԵՄ կորիզը կազմող երկրները (Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, հարավային և հյուսիսային Եվրոպաների երկրները) ավելի լիբերալ են ՌԴ և ԵվրԱզԷս շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հանդեպ՝ մեկը մյուսին չհակադրելով։ Այդ թվում նաև Հայաստանի հանդեպ։ Նման դիրքորոշման կողմնակից են նաև ԵվրԱզԷս երկրները (մասնավորապես՝ ՌԴ-ն), ինչն ավելի ընդունելի է ժողովրդավարական սկզբունքների դիրքերից ելնելով, որոնք նախատեսում են ընտրության ազատություն և համագործակցության հնարավորություն առանց նախապայմանների։

ԵվրԱզԷս-ի և ԵՄ-ի՝ դեպի Հայաստանի կողմն արված բարի կամքի քայլ կարող են դառնալ վիզային ռեժիմի շուտափույթ պարզեցումն ու բարելավումը, ինչը նախադրյալ կհանդիսանա այլ նախաձեռնությունների և փոխշահավետ համագործակցության հաստատման համար՝ ընդհանոր Եվրասիական տարածքի շրջանակներում։ Հետագայում չպետք է բացառել երկու, ըստ էության՝ փոխլրացնող ինտեգրացիոն գոտիների՝ Եվրոպականի և Եվրասիականի ավելի սերտ ինտեգրացիայի հնարավորությունը։

Հայաստանն, իր հերթին, կարող է հուսալի գործընկեր դառնալ ԵվրԱզԷս-ի և ԵՄ-ի միջև Կովկասյան տարածաշրջանում, ինչպես ապրանքների, ծառայությունների, էներգակիրների տարանցման (Ղազախստան, Իրան, Հայաստան, Թուրքիա-ԵՄ երկրներ), այնպես էլ քաղաքական, մշակութային և հասարակական առումներով։

1 George Irvin, «Europe vs. USA: Whose Economy Wins?» http://www.thenewfederalist.eu 17/01/2007.

2 Olive Schmidt, The Utility of U.S. Tactical Nuclear Weapons In Nato: A European Perspective, http://carnegieendowment.org 27/04/2010.

3РИА Новости, http://ria.ru

4 Նույն տեղում։

 

Աշոտ Վահրամի Կարապետյան 
Ք.գ.թ., ԵՊՀ Միջազգային հարաբերությունների պատմության և տեսության ամբիոնի դոցենտ

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն