Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է նորովի մեկնաբանված օպերայի պրեմիերան


Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայացել է նորովի մեկնաբանված օպերայի պրեմիերան

  • 27-04-2013 13:24:09   | Հայաստան  |  Մշակույթ

Կաննի կինոփառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանը և ֆրանսիացի խորեոգրաֆ Նիկոլա Մյուզենը նոր շունչ են հաղորդել Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային: Մեկդարյա ստեղծագործական պատմություն արձանագրած օպերայի նոր մեկնաբանությունը համայն մարդկությանն ուղղված յուրօրինակ համարձակ կոչ է. վերանայել իրողությունների հանդեպ հասարակական կոշտ կարծրատիպերը` դրսևորելով քաղաքակիրթ վարքագիծ և մարդասիրություն:

 
Հայ և ֆրանսիացի մասնագետների համատեղ աշխատանքը կոնցեպտուալ և տեխնոլոգիական նոր լուծումների համադրություն է, որը կյանքի կոչելու ընթացքում ռեժիսորն ու պարուսույցը ձգտել են չդավաճանել Տիգրանյանի մեկնաբանությանը` ժամանակի շունչ և խորություն հաղորդելով դրան: Մտահղացման, ֆինանսական և արտադրության տեսնակյունից հավակնոտ այս նախագիծը կյանքի կոչելու համար պահանջվել է շուրջ երկու տարի: 
 
«Կան ստեղծագործություններ, որոնք ծնվում են ժամանակի հետ և արժանանում հավանության: Գոյություն ունեն, սակայն այնպիսիսք, որոնք երբեք չեն կորցնում իրենց փայլն ու արդիականությունը` անվերապահորեն ընդունվելով որպես իրական արժեք: Ամենայն Հայոց Բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի, գրական ժառանգությունը հենց այնպիսիններից է: Նրա «Անուշ»-ը վաղուց դադարել է հայկական բնաշխարհի մի գողտրիկ անկյունի` Լոռվա անցուդարձ ներկայացնող պոեմ լինելուց: Հանճարեղ պարզ և նույնքան խորը բովանդակություն ունեցող պոեմն այսօր արդեն ընկալվում է որպես համամարդկային արժեք: Հպարտություն է հովանավորել մի նախաձեռնություն, որի նպատակը Թումանյանի արժանի հիշատակը նորովի վերագնահատելու ձգտում ունի»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Օպերայի նոր մեկնաբանությունը կյանքի կոչելու համար, գլխավոր դերակատարներն ընտրվել են կոնսերվատորիայից` մրցութային կարգով: Բեմական գործողությունների պատկերն առավել ամբողջական է դարձրել էկրանին ցուցադրվող Լոռվա բնապատկերը:     
Նոր «Անուշ»-ը խոստանում է լինել գարնան ամենանշանակալի և քննարկվող մշակութային իրադարձությունը Հայաստանում: Այն ցուցադրվելու է նաև Փարիզում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play