Ուկրաինայի արտգործնախարարի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի<br /> երկկողմ քաղաքական երկխոսությանը<br />


Ուկրաինայի արտգործնախարարի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի
երկկողմ քաղաքական երկխոսությանը

  • 11-02-2011 16:34:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելւով փետրվարի 11-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոյին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է բարձր մակարդակի պաշտոնական փոխայցելությունների դերը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում: Նա ընդգծել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի այցը նոր լիցք կհաղորդի երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը, առեւտրատնտեսական եւ հումանիտար կապերի խորացմանը: «Անհրաժեշտ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի մեր ժողովուրդների միջեւ ավանդաբար ձեւավորված եղբայրական բարեկամական հարաբերություններն ամրապնդվեն եւ զարգանան: Մենք դա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություն ենք համարում: Օգտվելով Ձեր այցի առիթից, ցանկանում ենք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել համագործակցության ուղղությունների եւ ձեւերի առումով, որպեսզի վստահ լինենք, որ կա միջոցառումների կոնկրետ ծրագիր, որը կարող ենք համատեղ իրագործել»,- ասել է ՀՀ վարչապետը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջեւ ծավալված արդյունավետ համագործակցության մասին: Արձանագրելով առեւտրատնտեսական գործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ ներուժի իրացման անհրաժեշտությունը, երկուստեք կարեւորվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը եւ մասնավորապես, գործարար համաժողովի անցկացումը: Կողմերը քննարկել են մի շարք բնագավառներում համագործակցության խորացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել են տրանսպորտի, առեւտրի, սննդարդյունաբերության, մետալուրգիայի ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է արվել նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Հումանիտար եւ մշակութային կապերի սերտացման համատեքստում ընդգծվել է Ուկրաինայում Հայաստանի եւ Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրերի անցկացման կարեւորությունը: Երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման առումով կարեւորվել է ՀՀ նախագահի 2011թ. ընթացքում նախատեսվելիք այցն Ուկրաինա: Տ.Սարգսյանը վերահաստատել է Ուկրաինայի կառավարության ղեկավար Նիկոլայ Ազարովին արված Երեւան այցելելու հրավերը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play