Ուկրաինայի արտգործնախարարի այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի
երկկողմ քաղաքական երկխոսությանը
11-02-2011 16:34:00 | Հայաստան | Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընդունելւով փետրվարի
11-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին
Գրիշչենկոյին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է բարձր
մակարդակի պաշտոնական փոխայցելությունների դերը երկու երկրների
հարաբերությունների ամրապնդման գործում: Նա ընդգծել է, որ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի այցը նոր լիցք կհաղորդի
երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը, առեւտրատնտեսական եւ
հումանիտար կապերի խորացմանը: «Անհրաժեշտ է գործադրել բոլոր
ջանքերը, որպեսզի մեր ժողովուրդների միջեւ ավանդաբար ձեւավորված
եղբայրական բարեկամական հարաբերություններն ամրապնդվեն եւ
զարգանան: Մենք դա Հայաստանի Հանրապետության արտաքին
քաղաքականության կարեւոր ուղղություն ենք համարում: Օգտվելով Ձեր
այցի առիթից, ցանկանում ենք կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք
բերել համագործակցության ուղղությունների եւ ձեւերի առումով,
որպեսզի վստահ լինենք, որ կա միջոցառումների կոնկրետ ծրագիր, որը
կարող ենք համատեղ իրագործել»,- ասել է ՀՀ վարչապետը:
Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում
զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջեւ
ծավալված արդյունավետ համագործակցության մասին: Արձանագրելով
առեւտրատնտեսական գործակցության խորացման ուղղությամբ առկա ողջ
ներուժի իրացման անհրաժեշտությունը, երկուստեք կարեւորվել է
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական
միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը եւ
մասնավորապես, գործարար համաժողովի անցկացումը:
Կողմերը քննարկել են մի շարք բնագավառներում
համագործակցության խորացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել
են տրանսպորտի, առեւտրի, սննդարդյունաբերության, մետալուրգիայի
ոլորտներում հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է արվել նաեւ Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ
գիտատեխնիկական համագործակցության ընդլայնման
հնարավորություններին:
Հումանիտար եւ մշակութային կապերի սերտացման համատեքստում
ընդգծվել է Ուկրաինայում Հայաստանի եւ Հայաստանում Ուկրաինայի
մշակույթի օրերի անցկացման կարեւորությունը:
Երկու երկրների փոխհարաբերությունների ամրապնդման առումով
կարեւորվել է ՀՀ նախագահի 2011թ. ընթացքում նախատեսվելիք այցն
Ուկրաինա: Տ.Սարգսյանը վերահաստատել է Ուկրաինայի կառավարության
ղեկավար Նիկոլայ Ազարովին արված Երեւան այցելելու հրավերը: