«Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողները արդեն հայտնի են


«Հազարան բլբուլ» մանկապատանեկան մյուզիքլների հանրապետական մրցույթ-փառատոնի հաղթողները արդեն հայտնի են

  • 06-06-2013 15:52:21   | Հայաստան  |  Մշակույթ

Կայացել է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական 2-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգը, որի ընթացքում հայտարարվել են լավագույնը ճանաչված 6 ներկայացումները:
 
Գլխավոր մրցանակը (Գրան պրին) ստացել է Երևանի` Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցը (Լեոնել Բարտ «Օլիվեր»):
 
Առաջին մրցանակին արժանացել է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջը (Լեոնարդ Բերնստայն, «Վեսթսայդյան պատմություն»): Երկրորդ մրցանակը կիսել են Արարատ քաղաքի Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցը (Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ, «Կախարդական սրինգ») և Երևանի Հ. Դանիելյանի անվան արվեստի դպրոցը (Ռոբերտ Շերման, «Մերի Փոփինս»), իսկ երրորդը` Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցը (Քեյն, «Պանդորայի արկղը») և Երևանի Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցը (Ռիչարդ Ռոջերս, «Երաժշտության ձայները»):
 
Հայտնի են դարձել նաև «Լավագույն դերակատարուհի», «Լավագույն դերակատար», «Հանդիսատեսի համակրանք», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում հաղթողների անունները:
 
Հաղթողները պարգևատրվել են հատուկ պատրաստված անակնկալ մրցանակներով և պատվոգրերով:  Միջոցառման ավարտին բոլոր մասնակիցների կատարմամբ առաջին անգամ հնչել է հատուկ «Հազարան բլբուլ» մրցույթ- փառատոնին նվիրված` «Օրն է երբ բացվում» երգը (երաժշտությունը` Մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջյումյանի, խոսք` Մարինե Թագակչյանի):
 
Արդեն երկրորդ տարին Հայաստանում անցկացվում է «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների հանրապետական ամենամյա մրցույթ-փառատոնը: Այս տարի մրցույթ-փառատոնն անցկացվել է ՀՀ Մշակույթի նախարարության, «Առաջ, երեխաներ» կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի նախաձեռնությամբ:
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play