Հայաստանի դեսպանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի նախկին
վարչապետի եւ Սենատի փոխնախագահի հետ
03-02-2011 20:00:00 | Իտալիա | Քաղաքական
ՀՌՈՄ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայում Հայաստանի դեսպան
Ռուբեն Կարապետյանը փետրվարի 2-ին հանդիպումներ է ունեցել Իտալիայի
խորհրդարանում գործող Անվտանգության հարցերով կոմիտեի (COPASIR)
նախագահ, երկրի նախկին վարչապետ ու արտգործանախարար Մասսիմո
Դ'Ալեմայի (Massimo D'Alema) եւ Իտալիայի Սենատի փոխնախագահ
Վաննինո Կիտիի (Vannino Chiti) հետ:
Մ.Դ'Ալեմայի հետ Ռ.Կարապետյանը քննարկել է հայ-իտալական
հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային զարգացումների,
Հարավային Կովկասում Իտալիայի արտաքին քաղաքականության, ինչպես
նաեւ եվրոպական կառույցներում Իտալիայի ներկայացուցիչների հետ
համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ
հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների
հաստատմանն ուղղված գործընթացներին:
Վ.Կիտիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվել է
հայ-իտալական խորհրդարանական համագործակցության ակտիվացման
անհրաժեշտությունն ու Սենատում երկու ժողովուրդների պատմական
բացառիկ կապերը լուսաբանող տարբեր միջոցառումների կազմակերպման
կարեւորությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել
Իտալիայի խորհրդարանում գործող հայ-իտալական բարեկամության խումբը,
իրականացնել փոխայցելություններ եւ բարձրացնել իտալացի
օրենսդիրների շրջանում տեղեկացվածության մակարդակը Հայաստանի եւ
ԼՂՀ-ի վերաբերյալ: