Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներում`կառավարությունը «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի դրամագլխի համալրման նպատակով տրամադրել է 200մլն դրամ բյուջետային վարկ` 1 տարի մարման ժամկետով, տարեկան 0.1 տոկոսադրույքով, ինչը նպատակ ունի նպաստել նոր փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ստեղծմանը, նրանց աջակցություն ցուցաբերելով հիմնադրման և կայացման շրջանում:
Կառավարությունը հավանություն է տվել առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերին, նոր խմբագրությամբ շարադրել «Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները և միջազգային ստանդարտների ուղեցույցները հրապարակելու մասին» 2010թ. մարտի 11-ի թիվ 235-Ն որոշման հավելվածը, լրացում կատարել 2013թ. ապրիլի 25-ի թիվ 472-Ն որոշման մեջ, որ վերաբերում է կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գներին և միտված է օպտիմալացնել պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, հաստատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության «Բյուրականյան միջազգային ամառային դպրոց երիտասարդ աստղագետների համար` նվիրված Անանիա Շիրակացու 1400-ամյակին» ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2013թ. նախահաշիվը: