Երեւանի քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ են
կատարվել
21-01-2011 16:24:00 | Հայաստան | Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի ավագանում
հունվարի 21-ին գումարված այս տարվա առաջին արտահերթ նիստի
օրակարգում, որը վարում էր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը,
ընդգրկված էր երկու հարց:
Առաջին հարցը քաղաքապետարանի եւ վարչական շրջանների
կառուցվածքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
նախագիծն էր: Անդրադառնալով փոփոխություններին, քաղաքապետը նշեց,
որ գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի
ենթակայության տակ, ով առավելագույնս կազատվի առօրյա
գործառույթներից, որպեսզի կարողանա ստեղծագործ աշխատել: Բացի այդ,
արտաքին բարեկարգման գործառույթները կանոնակարգելու նպատակով
քաղաքապետի խորհրդականի կարգավիճակով մայրաքաղաքը կունենա նաեւ
գլխավոր դիզայներ:
Նախկին երեքի փոխարեն Երեւանի քաղաքապետն այսուհետ կունենա
չորս տեղակալ: Կատարված կառուցվածքային փոփոխությունների համաձայն,
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը կհամակարգի տրանսպորտի,
քաղաքաշինության, հողի վերահսկողության, առեւտրի եւ սպասարկումների
վարչությունները, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարների
աշխատակազմերի կազմակերպման նորաստեղծ վարչությունը: «Վարչական
շրջաններին որոշակի աշխատանքներ եւ գործառույթներ ենք
պատվիրակելու, որով աճելու են, համապատասխանաբար, նրանց
իրավունքներն ու պարտականությունները: Այժմ քննարկվում են այն
հայտանիշները, որոնցով վարչական շրջանը ամեն ամիս հաշվետվություն է
տալու: Դրանց ամփոփումը, գնահատումը եւ հետագայում վարչական
շրջանների աշխատանքի վարկանշումը կատարելու է այս բաժինը»,-
պարզաբանեց քաղաքապետը:
Կ.Կարապետյանը ներկայացրեց նաեւ մյուս փոխքաղաքապետերի
գործառույթները: Նրանցից մեկը կհամակարգի կոմունալ տնտեսության,
շինարարության եւ բարեկարգման, բնապահպանության, սոցիալական
ապահովության ոլորտները, մյուսը` կրթության, առողջապահության,
մշակույթի վարչությունները, երեխաների իրավունքների պաշտպանության,
սպորտի ու երիտասարդության բաժինները:
Երկրորդ հարցը քաղաքապետի նոր տեղեկալի պաշտոնում Վահագն
Առաքելյանի առաջադրումն էր: Նոր փոխքաղաքապետը կհամակարգի
ֆինանսական հոսքերի, ակտիվների եւ գույքի կառավարումը, ինչպես նաեւ
զարգացման եւ ներդրումային ծրագրերի նորաստեղծ վարչությունը, որի
գլխավոր գործառույթը մայրաքաղաքի զարգացման համար ներդրումների
ներգրավումն ու զբոսաշրջության խթանումն է:
Ավագանուն ներկայացվեց նաեւ աշխատակազմի նորանշանակ
քարտուղարի գործառույթները, ըստ որի վերջինը համակարգելու է
արտաքին կապերի ոլորտը, քարտուղարության, անձնակազմի կառավարման եւ
Երեւանի ավագանու հետ աշխատանքների բաժինները:
Որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ վարչությունների
լիազորությունների մասով: Իրավաբանական վարչության կառուցվածքը
համալրվել է բնակիչների իրավունքների եւ օրինական շահերի
պաշտպանության նորաստեղծ բաժնով:
Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ավագանու
արտահերթ նիստի օրակարգային երկու հարցերն էլ հաստատվեցին միաձայն: