Երեւանի քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ են<br /> կատարվել<br />


Երեւանի քաղաքապետարանում կառուցվածքային փոփոխություններ են
կատարվել

  • 21-01-2011 16:24:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի ավագանում հունվարի 21-ին գումարված այս տարվա առաջին արտահերթ նիստի օրակարգում, որը վարում էր Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ընդգրկված էր երկու հարց: Առաջին հարցը քաղաքապետարանի եւ վարչական շրջանների կառուցվածքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծն էր: Անդրադառնալով փոփոխություններին, քաղաքապետը նշեց, որ գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ, ով առավելագույնս կազատվի առօրյա գործառույթներից, որպեսզի կարողանա ստեղծագործ աշխատել: Բացի այդ, արտաքին բարեկարգման գործառույթները կանոնակարգելու նպատակով քաղաքապետի խորհրդականի կարգավիճակով մայրաքաղաքը կունենա նաեւ գլխավոր դիզայներ: Նախկին երեքի փոխարեն Երեւանի քաղաքապետն այսուհետ կունենա չորս տեղակալ: Կատարված կառուցվածքային փոփոխությունների համաձայն, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալը կհամակարգի տրանսպորտի, քաղաքաշինության, հողի վերահսկողության, առեւտրի եւ սպասարկումների վարչությունները, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կազմակերպման նորաստեղծ վարչությունը: «Վարչական շրջաններին որոշակի աշխատանքներ եւ գործառույթներ ենք պատվիրակելու, որով աճելու են, համապատասխանաբար, նրանց իրավունքներն ու պարտականությունները: Այժմ քննարկվում են այն հայտանիշները, որոնցով վարչական շրջանը ամեն ամիս հաշվետվություն է տալու: Դրանց ամփոփումը, գնահատումը եւ հետագայում վարչական շրջանների աշխատանքի վարկանշումը կատարելու է այս բաժինը»,- պարզաբանեց քաղաքապետը: Կ.Կարապետյանը ներկայացրեց նաեւ մյուս փոխքաղաքապետերի գործառույթները: Նրանցից մեկը կհամակարգի կոմունալ տնտեսության, շինարարության եւ բարեկարգման, բնապահպանության, սոցիալական ապահովության ոլորտները, մյուսը` կրթության, առողջապահության, մշակույթի վարչությունները, երեխաների իրավունքների պաշտպանության, սպորտի ու երիտասարդության բաժինները: Երկրորդ հարցը քաղաքապետի նոր տեղեկալի պաշտոնում Վահագն Առաքելյանի առաջադրումն էր: Նոր փոխքաղաքապետը կհամակարգի ֆինանսական հոսքերի, ակտիվների եւ գույքի կառավարումը, ինչպես նաեւ զարգացման եւ ներդրումային ծրագրերի նորաստեղծ վարչությունը, որի գլխավոր գործառույթը մայրաքաղաքի զարգացման համար ներդրումների ներգրավումն ու զբոսաշրջության խթանումն է: Ավագանուն ներկայացվեց նաեւ աշխատակազմի նորանշանակ քարտուղարի գործառույթները, ըստ որի վերջինը համակարգելու է արտաքին կապերի ոլորտը, քարտուղարության, անձնակազմի կառավարման եւ Երեւանի ավագանու հետ աշխատանքների բաժինները: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ վարչությունների լիազորությունների մասով: Իրավաբանական վարչության կառուցվածքը համալրվել է բնակիչների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության նորաստեղծ բաժնով: Ըստ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ավագանու արտահերթ նիստի օրակարգային երկու հարցերն էլ հաստատվեցին միաձայն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play