ԼՂՀ եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ


ԼՂՀ եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ

  • 29-07-2010 12:18:59   | Հայաստան  |  Վերլուծություն
Գագիկ Հարությունյան Ինչպես հայտնի է, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` հունիսի 17-ին Ս.Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո Ի.Ալիեւը լքեց Պետերբուրգը, իսկ հունիսի 18-ին ԼՂՀ-ում, ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողությունների արդյունքում հայկական կողմը կորուստներ ունեցավ: Պակաս հայտնի է, որ այդ միջադեպին հետեւեցին մեր զինված ուժերի համարժեք քայլերը: Բոլոր պարագաներում այդ իրադարձու-թյունները սուր ընկալվեցին մեր հանրությունում եւ ակտուալացրին զանազան ռազմական սցենարների քննարկումները: Ի լրումն` հետեւեցին տարաբնույթ տեղեկատվական հոսքեր. մեծ տերությունների համաձայնությամբ ԼՂՀ-ում տեղի է ունենալու «պայմանավորված» պատերազմ, եւ կողմերին տարանջատելու են ռուսական, թուրքական ու ամերիկյան (կամ` ՆԱՏՕ) խաղաղապահ ուժերը, իսրայելական եւ ամերիկյան ռմբակոծիչները Վրաստանից (!!) տեղափոխվել են Ադրբեջան եւ պատրաստվում են հարված հասցնել Իրանին, իսկ վերջինս, ի պատասխան, զորքեր է կուտակում իրանա-ադրբեջանական սահմանում: Անգամ ԱՄՆ-ում «ռուսական լրտեսների» վերաբերյալ սկանդալի` ԶԼՄ-ում հայտնվելու պահը որոշ օտարերկրյա վերլուծաբաններ մեկնաբանեցին որպես միջազգային հանրության ուշադրությունը «իրանական» պատերազմից շեղելու փորձ: Նման լրատվական հաղորդագրումների ճնշող մասը, ինչպես քաջ հայտնի է մասնագիտական շրջանակներին, ակնհայտ ապատեղեկատվություն է: Սակայն հաշվի առնելով այդ լայնածավալ տեղեկատվական գործողությունների աղբյուրները եւ, ինքնին, նման ապատեղեկատվության երեւան գալու փաստը եւ ժամանակը, պետք է արձանագրել, որ տարածաշրջանի հանդեպ փոքր-ինչ անառողջ հետաքրքրությունը զգալի աճել է, եւ դա պայմանավորված չէ միայն ԼՂՀ խնդրով: Նման գործընթացը վկայում է, որ տարածաշրջանում տեղի են ունենում հերթական որակական փոփոխություններն ու վերադասավորումները: Դրանց բովանդակությունը եւ ուղղվածությունն ընկալելու նպատակով փորձենք համառոտ բնութագրել նախկին փուլերը: Բանակցային գործընթացի փուլերը ԼՂՀ միջազգային ճանաչման շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաեւ այլ ձեւաչափերով ընթանում են 90–ականների սկզբից, եւ այդ ժամանակահատվածում ռազմաքաղաքական տրամաբանությունը տարածաշրջանում, գլոբալ աշխարհաքաղաքական տեղաշարժերի ազդեցության հետեւանքով, զգալի փոփոխություններ է կրել: Հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության առաջին փուլում միջնորդական առաքելությունը հիմնականում կատարում էին Ռուսաստանը եւ մասամբ Իրանը, որն ավարտվեց 1994թ. մայիսին Բիշքեկի հրադադարի մասին համաձայնագրով: Կարելի է ասել, որ այդ փուլում որոշիչ էր հետխորհրդային տարածքում ՌԴ կարեւոր, սակայն աստիճանաբար նվազող դերակատարումը: Հաջորդ փուլում միջնորդական նախաձեռնությունը պատկանում էր Մինսկի խմբին, սակայն այդ ձեւաչափում առավել ակտիվ էին ամերիկյան եւ ֆրանսիական կողմերը: ՀՀ եւ ԱՀ նախագահների հանդիպումներն ընթանում էին Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում (առավել հիշարժան է 2001թ. քիուեսթյան հանդիպումը): Չնայած մեծ տերությունների ավանդական ճնշումներին եւ Մինսկի խմբի համանախագահների նույնքան ավանդական դարձած լավատեսական կանխատեսումներին եւ հայտարարություններին, այդ փուլի գլխավոր հետեւանքն է հակամարտող կողմերի դիրքորոշումների հստակեցումը, ինչը նույնպես, բանակցային գործընթացի համատեքստում, բավական լուրջ արդյունք է: Հատկանշական է, որ այդ փուլը հիմնականում ենթարկվում էր միաբեւեռ աշխարհակարգի կայացման եւ հետագա հաստատման, ԱՄՆ - ՌԴ Սառը պատերազմի վերսկսման (վերջինիս համատեքստում բնորոշ է, որ 2003 թվականից ղարաբաղյան խնդրում նկատվում է ամերիկյան ակտիվության որոշակի նվազում) տրամաբանությանը: Ընթացիկ փուլի սկիզբը պայմանականորեն կարելի է համարել 2008թ. օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ տեղի ունեցած վրաց-ռուսական պատերազմը: Վերջինս բազմաբեւեռ համակարգի ձեւավորումով պայմանավորված աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետեւանքն է: Դրանց արդյունքում նվազել է ԱՄՆ դերակատարումը մեր տարածաշրջանում, եւ զգալի աճել է ռուսական գործոնը: Կարելի է փաստել, որ այսօր Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահների շրջանակում, համաձայն դասական ձեւակերպման, «ավելի հավասարի» կարգավիճակ է ձեռք բերել, եւ մտադիր է էլ ավելի ամրապնդել դիրքերը Հարավային Կովկասում, որտեղ Հայաստանը հիմնական հենակետն է եւ միակ տարածքը, ուր կանգնած է ռուսաստանյան զինուժը: Այդ տեսանկյունից պատահական չէ, որ ՀՀ եւ ԱՀ նախագահների հանդիպումները վերջին շրջանում ընթանում են Ռուսաստանի հովանավորության ներքո, եւ պետերբուրգյան վերջին հանդիպումը (երկարատեւ ընդմիջումից հետո) դրա վկայությունն է: Ի դեպ, հնարավոր է նաեւ, որ Ալիեւի պետերբուրգյան համաժողովից ցուցադրական հեռանալը պայմանավորված էր ոչ այնքան ՀՀ նախագահի հայտնի դիրքորոշումներով, որքան ՌԴ նախագահի կողմից կատարված նոր առաջարկներով: Նկատենք նաեւ, որ նշմարվում է ՀՀ եւ ԱՀ նախագահների հնարավոր հանդիպում Ալմաթիում, ինչը վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը, թերեւս, շարունակվում է, եւ որ Ալիեւի դեմարշը պետք է ընդունել ընդամենը որպես դիվանագիտական հնարք, բայց ոչ սկզբունքային դիրքորոշում կամ վերջնագիր: Միեւնույն ժամանակ, պետք է փաստել, որ տարածաշրջանում ակտիվացել է ոչ միայն Ռուսաստանը: Տարածաշրջանային այլ դերակատարներ Եթե Իրանի տարածաշրջանային քաղաքականությանը բնորոշ են հետեւողականությունը եւ կայունությունը, ապա նույնը չի կարելի ասել Թուրքիայի մասին, որը ցուցաբերում է դիվանագիտական ու տեղեկատվական ակտիվություն: Հատկանշական է, որ ամերիկյան գերակայության տարիներին այդ երկիրը հստակ էր կատարում ԱՄՆ-ի հանդեպ իր «պարտականությունները», սակայն բազմաբեւեռության ձեւավորումը զգալիորեն բարձրացրեց Թուրքիայի «ինքնավարության» մակարդակը, եւ Անկարան կտրուկ քայլեր կատարելով` սկսեց փնտրել իր տեղը նոր համակարգում: Առայժմ տպավորությունն այնպիսին է, որ թուրքերն այնքան էլ արդյունավետ չեն գործում նոր պայմաններում: Երկրում ձեւավորվել է նեոօսմանիզմից, նեոպանթյուրքիզմից եւ եվրասիականությունից բաղկացած ագրեսիվ գաղափարախոսական սիմբիոզ, որը դրդում է Անկարային` կատարել երբեմն ոչ այնքան մտածված քայլեր: Դրանց արտահայտություններից են եւ՛ հայ-թուրքական բանակցությունների փաստացի տապալումը, եւ՛ իր նախկին դաշնակից Իսրայելի դեմ կատարած սադրանքները: Նշենք, որ հակաիսրայելական գործողությունները, չնայած որոշ երկրների կողմից դրանք դատապարտող պաշտոնական հայտարարություններին, բնավ միանշանակ չընկալվեցին արեւմտյան հանրությունում: Սակայն ԱՄՆ-ին, որը կարեւորում է Թուրքիայի (ինչպես եւ Ադրբեջանի) տրանսպորտային-հաղորդակցական դերակատարումը Աֆղանստանի պատերազմում, խիստ անհանգստացնում են ոչ միայն Իսրայելի հետ Թուրքիայի վատթարացող հարաբերությունները, այլեւ այդ երկրի դիրքորոշումը քրդական խնդրում եւ Իրանի, ինչպես նաեւ արաբական որոշ երկրների հետ համագործակցություն զարգացնելու փորձերը: Թուրքական ակտիվությունն անտարբեր չի ընկալում նաեւ Ռուսաստանը: Եթե ԱՄՆ-Թուրքիա հակասությունների առկայությունն աշխարհաքաղաքական առումով նպաստավոր է Մոսկվայի համար, վերջինիս, սակայն, չի կարող հրապուրել Թուրքիայի եւ ,փոքր եղբայրե Ադրբեջանի համաձայնեցված գործունեությունն Անդրկովկասում, որը ռուսաստանյան ստրատեգներն ավանդաբար համարում են «իրենցը»: Պետք է հաշվի առնել նաեւ, որ չնայած Ռուսաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ էներգետիկ համաձայնություններ է կնքում եւ զարգացնում առեւտրական հարաբերություններ, բայց աշխարհաքաղաքականությունը մշտապես գերակայում է տնտեսական կատեգորիաների հանդեպ: Հատկանշական է նաեւ, որ ադրբեջանական ագրեսիվությունը, ինչպես եւ թուրքականը, նույնպես գաղափարախոսության ածանցյալ է: Հայտնի է, որ Ադրբեջանը եւ ադրբեջանցիները, որպես պետություն եւ ժողովուրդ, բավական նոր կազմավորում են ու, որպես այդպիսին, կարիք ունեն ազգ ձեւավորող գաղափարախոսության: Այսօր որպես գաղափարախոսության հիմնադրույթ նրանք ընդունել են ոչ թե քաղաքակրթական պատկերացումներ եւ արժեքներ, այլ (գուցե վերջիններիս բացակայության պատճառով) ծայրահեղ հակահայկականությունը: Ադրբեջանն Ալիեւի վարչախմբի տոտալիտար մեթոդներով վարած քարոզչության արդյունքում դարձել է խիստ ռազմատենչ եւ անհանդուրժողական բնակչություն ունեցող մի տարածք: Սա ադրբեջանցիներին տանում է դեպի ծուղակ, այսինքն` նրանք իրենց իսկ հորինած գաղափարական դրույթներից արդեն դժվարանում են դուրս գալ, որովհետեւ հակահայկականությունը դարձել է պաշտոնական դոկտրին, աշխարհընկալում եւ քաղաքականություն: Հետեւություններ Հրադադարի համաձայնագրի ստորագրումից անցել է շուրջ 16 տարի, ԼՂՀ –ում առայսօր պահպանվում է status quo-ն, եւ որոշ տեսանկյունից այդ փաստն ինքնին կարելի է համարել որոշակի ձեռքբերում: Միեւնույն ժամանակ, ներկայիս փուլը պարունակում է որոշակի ռիսկեր, որոնցից նշենք. ԱՄՆ հարաբերական նահանջը տարածաշրջանից եւ այդ իսկ պատճառով ընդհանուր քաղաքական «կարգավորվածության» ընդհանուր մակարդակի նվազումը, Թուրքիայում ազգայնամոլական գաղափարախոսական միջավայրի ձեւավորումը եւ այդ երկրի կողմից քաղաքական «ինքնավարության» ձեռքբերումը, ինչը մասնավորապես արտահայտվում է Հարավային Կովկասի նկատմամբ հավակնությունների արտահայտումով, Ադրբեջանում ագրեսիվ հակահայկական գաղափարախոսական դաշտի կայացումը եւ Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության զարգացումը: Դրական գործոնների շարքում կարելի է առանձնացնել հետեւյալ կետերը. ԼՂՀ` որպես պետության, կայացումը եւ, մասնավորապես, այդ իրողության ամրապնդումը միջազգային հանրության գիտակցությունում, Հայկական քաղաքական ընտրանու կողմից դիվանագիտական փորձառության ձեռքբերումը, Ռուսաստանի աշխարհաքաղաքական վերականգնումը եւ այդ տերության քաղաքական ղեկավարության ձգտումը` լինել տարածաշրջանի գլխավոր «կարգավորիչը» (առանց Թուրքիայի), Թուրքիայի եւ ԱՄՆ-ի, Իսրայելի, ինչպես նաեւ որոշ եվրոպական երկրների (հատկապես` Գերմանիայի) միջեւ ռազմաքաղաքական ու աշխարհայացքային հակասությունների առաջացումը եւ արեւմտյան հանրությունում թուրքական գործոնի վերաբերյալ բացասական պատկերացումների ձեւավորումը: Միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ ԼՂՀ խնդրի` մեր պատկերացումներին համաձայն լուծումը գլխավորապես կախված է համահայկական հանրության պատրաստվածության մակարդակից: Պետք է հաշվի առնել, որ քաղաքական իրադրությունը տարածաշրջանում որոշակի փուլում կարող է որակապես փոխվել: Այսպես կոչված «ինքնակազմակերպվող կրիտիկականության բնութագրիչների» վերաբերյալ քաղաքագիտական պատկերացումների համաձայն, ռազմաքաղաքական համակարգն էվոլյուցիոն եղանակով կարող է զարգանալ մինչեւ որոշակի «կրիտիկական վիճակի», որում արդեն աննշան իրադարձությունները կարող են հարուցել բուռն շղթայական ռեակցիա, որի արդյունքում որակապես փոխվում է ողջ համակարգը: Նախկինում նման կրիտիկական իրավիճակ ստեղծվեց ԽՍՀՄ եւ երկբեւեռ աշխարհակարգի փլուզման արդյունքում: Ներկաումս ընթանում է բազմաբեւեռ համակարգի ձեւավորման բավական հիվանդոտ գործընթաց, որի ընթացքում նույնպես հնարավոր է հասնել որոշակի «կրիտիկական վիճակի», որից հետո զարգացումները կընդունեն բուռն կամ, այլ խոսքերով` ոչգծային բնույթ: Նման իրավիճակին պատրաստ լինելու համար ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պետք է լուծեն բազմաթիվ հրատապ խնդիրներ, որոնցից նշենք. Համահայկական զարգացման իրատեսական ռազմավարության մշակումը եւ իրականացումը, քանի որ հանրության ընդհանրական զարգացման մակարդակն է, որ որոշիչ է լինելու ապագայի հնարավոր հակամարտություններում, Հայաստանյան (պետական) եւ մեր ազգային շահերին ուղղված բաղադրիչի ձեւավորումը ԱՄՆ-ում հայկական կազմակերպությունների կողմից իրագործվող լոբբինգում, այդ ոլորտում գործունեության ծավալումը Եվրոպայում եւ Ռուսաստանում: Վերոնշյալ ռազմավարական ծրագրերին զուգահեռ` անհրաժեշտ է իրագործել, մասնավորապես, հետեւյալ մարտավարական գործողությունները. Ապահովել ԼՂՀ-ի շուրջ բանակցային գործընթացի շարունակականությունը (իրագործել Թալեյրանի սկզբունքը` «միշտ պետք է բանակցել, բանակցել եւ բանակցել...»): Միջազգային քաղաքական հանրությունում տարանջատել ՀՀ-Իրան կենսական նշանակություն ունեցող եւ առայժմ այլընտրանք չունեցող հարաբերությունները գլոբալ հարթությունում ներկայում տեղ գտած հակաիրանական միտումներից: «Նորավանք»
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play