«Երբ տեսա երիտասարդների փայլող աչքերն ու ոգևորությունը, հասկացա, որ դա անհրաժեշտ է»,- Ռուբեն Գևորգյանցը` «Ես եմ» կինոփառատոնի մասին


«Երբ տեսա երիտասարդների փայլող աչքերն ու ոգևորությունը, հասկացա, որ դա անհրաժեշտ է»,- Ռուբեն Գևորգյանցը` «Ես եմ» կինոփառատոնի մասին

  • 02-10-2014 17:22:03   | Կոտայքի մարզ  |  Մշակույթ

Ծաղկաձորում այս օրերին անցկացվում է «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև հոկտեմբերի 5-ը: Ներկայացված 118 ֆիլմից ընտրվել են 60-ը` վավերագրական, խաղարկային, անիմացիոն: Հայ և օտարազգի երիտասարդ ռեժիսորներն իրենց ֆիլմերում անդրադարձել են մերօրյա խնդիրներին` զավակների  կողմից լքված ծնողներ, մանկատանը հայտնված երեխաներ,  ինչպես նաև` կին-տղամարդ փոխհարաբերություններին, մարդու կռվին սեփական ես-ի հետ, չի  անտեսվել  նաև պատերազմի թեման`  ինչպիսին կլիներ աշխարհը, եթե չլինեին պատերազմներ:
Անետա Օհանջանյանը փառատոնին  ներկայացել  է «Մի ազգի պատմություն» ֆիլմով, որտեղ պատմում է  եզդիների բարքերի, ապրելակերպի  մասին։ «Առանձնացրել  եմ հայերի և եզդիների  հարաբերությունները, քրդերի և եզդիների հարաբերությունները: Ցույց եմ տվել  նրանց կապը հայերի  հետ և, թե  ինչքան լավ են իրենք  զգում մեր  հողի  վրա»,- պատմում է Անետա Օհանջանյանը` տեղեկացնելով, որ պատրաստվում է այս թեմայով մի ամբողջ շարք ներկայացնել` անդրադառնալով մյուս ազգային փոքրամասնություններին: 
Կինոփառատոնի նախագահ Ռուբեն Գևորգյանցը, առանձնացնելով  Անետայի կինոձեռագիրը, ակնարկում է, թե նա  կարող էր շատ հանգիստ ֆիլմեր չնկարել, բայց նկարում  է: «Ես  անկեղծ  ասեմ` որոշել էի այլևս փառատոն  չանել, բայց  երբ տեսա  երիտասարդների փայլող  աչքերն  ու  ոգևորությունը, հասկացա, որ  դա անհրաժեշտ  է»,- շարունակեց Գևորգյանցը` նկատելով, որ այսօր ոչ փառատոնային ֆիլմերի կարիք  կա, որովհետև բազում խնդիրներ ունենք և դրանց  մասին պետք է խոսել,  ինչը  հաճախ չի արվում:
Ի  դեպ, կինոդիտումներից հետո գրողների ստեղծագործական տանը կազմակերպվում են  նաև քննարկումներ, որոնց ժամանակ  յուրաքանչյուրը  հնարավորություն  ունի իր  կարծիքն  ազատ  արտահայտելու  և լսելու  նաև  սեփական  թերությունների մասին:
Կինոփառատոնն անցկացվում է «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգերում, որոնց արժանացած մասնակիցը կամ ստեղծագործական խումբը կստանա համապատասխան դիպլոմ և մրցանակ: 
ժյուրին կազմված է կինոյի բնագավառի հեղինակավոր մասնագետներից՝ Սամվել Բաբասյան /օպերատոր/, Նարինե Ջրբաշյան /կինոգետ/, Ռուբեն Երզնկյան /ռեժիսոր/, Արամ Գյուրջյան /դերասան/: Ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը:
Հավելենք, որ «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թվականին, իսկ 2007 թվականից այն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի նպատակն է օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին՝ գտնելու իրենց տեղը և դեմքը ժամանակակից կինոարվեստում, ինչպես նաև նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը: 
Իր գործունեության ընթացքում «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը ձեռք է բերել լայն ճանաչում ու հեղինակություն: 
Կինոփառատոնի մրցութային ծրագրերին մշտապես մասնակցում են երիտասարդ կինեմատոգրաֆիստներ տարբեր երկրներից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Լիտվայից, Ռուսաստանի Դաշնությունից, Գերմանիայից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից և այլն: 
 
«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմ
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play