ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ


ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

  • 03-10-2014 09:28:04   | Հայաստան  |  Վերլուծություն
 
Նոր բանաձև ԱՄՆ Կոնգրեսում
 
Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնություններից բռնագրավված եկեղեցական գույքի պահպանման և վերադարձման հարցը ժամանակ առ ժամանակ բարձրանում է քաղաքական օրակարգ։ Վերջերս ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած թիվ 4347 բանաձևի1 (ընդունվել է 2014թ. հունիսի 26-ին) արդյունքում այդ հարցը կրկին դարձավ քննարկման առարկա հասարակական-քաղաքական և տեղեկատվական հարթություններում։
 
Բովանդակային առումով ընդունված նոր բանաձևը 2011թ. հունիսի 15-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 306 բանաձևի2 շարունակությունն է։ Քանի որ երկու բանաձևերն էլ վերաբերում են նույն խնդրին՝ Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնություններից բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձմանը, գործառութային առումով, կարելի է ասել, որ դրանց միջև կա նմանություն։ Սակայն խնդրի դրվածքի սրության առումով կան որոշակի տարբերություններ.
 
1. Եթե 306-րդ բանաձևը վերաբերում էր միայն Թուրքիայի տարածքում գտնվող քրիստոնեական եկեղեցիների գույքին, ապա նոր բանաձևը վերաբերում է նաև Կիպրոսի հյուսիսային օկուպացված շրջաններում գտնվող եկեղեցական գույքին։
 
2. Եթե նախորդ բանաձևով Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնություններից բռնագրավված գույքի վերադարձման հարցում գործող սուբյեկտի դերում հանդես էին գալիս թուրքական իշխանությունները, քանի որ վերջիններիս էր վերապահվում այդ գույքի վերադարձման գործը, ապա նոր բանաձևով, քրիստոնեական գույքի վերադարձման խնդիրը, բացի թուրքական իշխանություններից, դրվում է նաև ամերիկյան կառավարության վրա, քանի որ, ըստ բանաձևի, վերջինս թուրքական կառավարության հետ միասին պետք է զբաղվի եկեղեցական գույքի վերադարձման խնդրով։
 
3. Եթե նախորդ բանաձևը չէր նախատեսում որևէ վերահսկողություն եկեղեցական գույքի վերադարձման գործընթացի նկատմամբ, ապա նորը նախատեսում է այդպիսի վերահսկողություն։ Ըստ նոր բանաձևի, ԱՄՆ պետքարտուղարությունը պարտավոր է մինչև 2021թ. ամեն տարի հաշվետվություն ներկայացնել Կոնգրեսի երկու պալատներին (Ներկայացուցիչների պալատին և Սենատին) Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնություններից խլված գույքն իրենց օրինական տերերին վերադարձնելու ուղղությամբ գործադրված ջանքերի վերաբերյալ։
 
Նոր բանաձևի ընդունումը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հիմնավորում է նրանով, որ «Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հետ կապված իրավիճակը վատթարանում է ... Եվ չնայած Թուրքիայի կառավարության՝ եկեղեցիները վերաբացելու խոստումներին, այդ տեղի չի ունենում»3։
 
Նշյալ հիմնավորմանը գումարվում են նաև այն փաստարկները, որ Թուրքիայում շարունակում են ոտնահարված մնալ քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունները։ Դրա դրսևորումներն են.
 
1. Քրիստոնյա փոքրամասնությունները չունեն Թուրքիայում իրենց կրոնական ծիսակատարություններն ազատ իրականացնելու հնարավորություն։
 
2. Իրենց պատկանող եկեղեցիների, հուշարձանների վերականգնման, նորերի կառուցման հարցում բախվում են բազմաթիվ խոչընդոտների։
 
3. Քրիստոնյաները ենթարկվում են բռնությունների՝ ընդհուպ մինչև սպանությունները, և այլ հանցագործությունների։
 
Շահագրգիռ կողմերի վերաբերմունքը
 
Բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձի հեռանկարների կանխատեսման համար կարևոր նշանակություն ունի ընդունված բանաձևի նկատմամբ շահագրգիռ կողմերի վերաբերմունքի դիտարկումը։ Այդպիսիք են ԱՄՆ հայկական, հունական և այն ազգային համայնքները, որոնք Թուրքիայում ունեն եկեղեցական գույքի վերադարձի խնդիր, նրանց ազգային պետություններն ու համազգային կառույցները և Թուրքիան։
 
ԱՄՆ հայ, հույն և ասորի համայնքները ողջունել են ընդունված բանաձևը։ Համաձայն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Քեն Հաչիկյանի՝ «բանաձևի ընդունումը հզոր ազդանշան է ուղարկում Անկարային՝ կոչ անելով դադարեցնել հակաքրիստոնեական քաղաքականությունը և համակերպվել հայերի, ասորիների, կիպրացիների, պոնտացիների և Թուրքիայի անպատիժ հանցագործությունների մյուս զոհերի առջև բարոյական, նյութական և իրավական պարտավորությունների հետ»4։
 
Բանաձևին դրական արձագանքեց նաև Հայ Առաքելական եկեղեցին՝ այն համարելով կարևոր քայլ ի պաշտպանություն Թուրքիայում քրիստոնեական փոքրամասնությունների և նրանց իրավունքների5:
 
Թուրքական արձագանքը սույն բանաձևին, սակայն, այնքան էլ մեծ լավատեսություն չի ներշնչում։ Այն կարելի է բաժանել երկու մասի՝ հասարակական-քաղաքական շրջանակների արձագանքներ, որոնք արտացոլվեցին թուրքական մամուլում, և պաշտոնական արձագանք, որով հանդես եկավ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը։ Պետք է նշել, որ մամուլում արտացոլված արձագանքը և պետության պաշտոնական դիրքորոշումը համահունչ են և փոխլրացնում են մեկը մյուսին։
 
Մամուլի էջերում հնչած արձագանքի համաձայն՝ 4347 բանաձևը Թուրքիայի շահերի դեմ ուղղված փաստաթուղթ է, որն ընդունվել է ԱՄՆ-ում հայկական լոբբիի ազդեցությամբ6։
 
Պաշտոնական դիրքորոշման մեջ երևում է թուրքական կողմի անհամաձայնությունը բանաձևում պարունակվող դրույթների նկատմամբ, ինչպես նաև ավանդական սպառնալիքների ձեռագիրը։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի պաշտոնական վերաբերմունքն ընդունված բանաձևի նկատմամբ հանգում է հետևյալին.
 
1. Բանաձևում տրված գնահատականներն անհիմն մեղադրանքներ են։
 
2. Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել քրիստոնյա փոքրամասնությունների կրոնական իրավունքներն ապահովելու ուղղությամբ։
 
3.Նման բանաձևի ընդունումը վտանգում է թուրք-ամերիկյան համագործակցությունը տարբեր ոլորտներում։
 
4. Թուրք-ամերիկյան հարաբերություններով մտահոգվածները պետք է սատարեն Թուրքիային այս հարցում7։
 
Այսպիսով, Թուրքիան, մի կողմից չընդունելով բանաձևում տրված գնահատականները, մյուս կողմից՝ փորձում է ձևացնել, թե շահագրգռված է իր երկրում բնակվող քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների և կրոնական ազատությունների երաշխավորմամբ՝ գործնականում, սակայն, շարունակում է իրավական և քաղաքական խոչընդոտների այն քաղաքականությունը8, որոնցով իրականում ձախողվում է քրիստոնյա փոքրամասնություններին իրենց եկեղեցական գույքը վերադարձնելու գործը։
 
Հետագա քայլեր
 
Չնայած առկա խնդիրներին և խոչընդոտներին, հայկական, հունական, ասորական և այլ համայնքները ԱՄՆ-ում, որոնք ունեն եկեղեցական գույքի վերադարձման հետ կապված խնդիր Թուրքիայում, համագործակցելով իրենց պետություննների և սփյուռքի համազգային կառույցների հետ, պետք է օգտվեն ընձեռված հնարավորությունից և փորձեն Թուրքիայի վրա գործադրվող ճնշումներից քաղել առավելագույն օգուտներ։
 
Մինչ օրս ընդունված բանաձևերում հիմնական թերությունը, որը հնարավորություն է տալիս Թուրքիային մանևրել, խուսափել պարտավորությունները կատարելուց, պարունակվող դրույթների՝ կոնկրետությունից զուրկ, խիստ ընդհանրական բնույթն է։ Միակ կոնկրետ դրույթը 4347 բանաձևում վերադարձվելիք եկեղեցական գույքի ցուցակագրման պահանջն է, որը թույլ է տալիս հստակեցնել քրիստոնյա փոքրամասնություններին վերադարձվելիք եկեղեցական գույքը։
 
ԱՄՆ հայկական, հունական, ասորական և մյուս շահագրգիռ համայնքները խնդրի առնչությամբ հետագա քննարկումներում և ընդունվելիք փաստաթղթերում պետք է ջանքեր գործադրեն հստակություն մտցնելու ուղղությամբ։ Հստակության կարոտ հարցերից են, օրինակ.
 
1. Թուրքիայի քրիստոնյա փոքրամասնությունների կազմը։ Թուրքիայում պաշտոնապես կրոնական փոքրամասնություններ են հանդիսանում հույն ուղղափառները, հայ առաքելականները և հրեաները։ Սակայն նրանց կողքին կան նաև պաշտոնական կարգավիճակ չունեցող այլ համայնքներ, որոնցից են Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանական եկեղեցիները։ Նրանցից խլված եկեղեցական գույքը նույնպես հայկական կորսված հարստության մի մասն է։ Հետևաբար, հստակեցնելով քրիստոնյա փոքրամասնությունների կազմի հարցը՝ նպատակահարմար է հետագա փաստաթղթերում այդպիսիք համարել նաև Թուրքիայում պաշտոնական կարգավիճակ չունեցող քրիստոնեական համայնքներին և բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձման պահանջը տարածել նաև նրանց վրա։ Սա նաև կընդլայնի դաշնակիցների բանակը՝ այս գործի մեջ ներգրավելով նաև Հռոմի Կաթողիկե եկեղեցուն, բողոքական եկեղեցիներին և այլն, քանի որ, օրինակ, հայ կաթողիկեներն ու բողոքականները, հայ լինելով հանդերձ, միաժամանակ համաշխարհային կաթողիկեության և բողոքականության մի մասն են։
 
2. Վերադարձման ենթակա եկեղեցական գույքը։ Թուրքական իշխանությունները հակված են քրիստոնյա փոքրամասնություններին վերադարձնել միայն 1936թ. հետո բռնագրավված գույքը։ Մինչդեռ վերջիններս իրենց պատկանող գույքի հիմնական մասից զրկվել են նախորդող ժամանակաշրջանում՝ ջարդերի և ցեղասպանության հետևանքով։ Նպատակահարմար է բանաձևերում ընդգրկել քրիստոնեական եկեղեցիների՝ կորսված ողջ գույքի, այլ ոչ թե դրա մի մասի վերադարձման պահանջը։
 
3. Գույքի վերադարձման ընթացակարգը։ Փորձը ցույց է տալիս, որ քրիստոնյա փոքրամասնությունների գույքի վերադարձը տապալելու համար թուրքական իշխանությունների ձեռքում արդյունավետ գործիքներ են ծառայում հարցի քաղաքականացումը և բյուրոկրատական քաշքշուկները։ Հաճախ քրիստոնեական եկեղեցիներն իրենց գույքը վերադարձնելու համար ստիպված են անգամ դատական գործընթացի մեջ մտնել պետության հետ9։ Բացի իրավական խնդրից, այստեղ առկա է նաև հոգեբանական գործոնը։ Գույքի վերադարձման խնդրի արհեստական բարդացումը հոգեպես ընկճում է քրիստոնյա համայնքներին՝ առաջացնելով թուրքական պետության ամենազորության և իրենց խնդիրների լուծման անհնարինության զգացողություն, ինչը կարող է քրիստոնյա համայնքներին հետ պահել իրենց իրավունքների համար պայքարի շարունակությունից։ Հետևաբար, այս խնդրի չեզոքացման համար անհրաժեշտ է մշակել եկեղեցական գույքի վերադարձման պարզ ընթացակարգ և այն դարձնել ընդունվելիք փաստաթղթերում Թուրքիային ներկայացվող պահանջներից մեկը։
 
4. Հայտերի ներկայացման ժամկետը։ Այս հարցը վերաբերում է ոչ թե ժամկետներ սահմանելուն, այլ սահմանված ժամկետի վերացմանը։ Թուրքիայում 2011թ. օգոստոսին ընդունված եկեղեցական գույքի վերադարձի մասին օրենքը որպես քրիստոնյա համայնքների կողմից իրենցից բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձման համար հայտերի ներկայացման ժամկետ է սահմանում մեկ տարին։ Հաշվի առնելով, որ նման հայտերի ներկայացումը խիստ ժամանակատար և աշխատատար գործ է, ակնհայտ է, որ սահմանված մեկամյա ժամկետային սահմանափակումն անհնար է դարձնում ողջ եկեղեցական գույքի վերադարձման խնդիրը։ Հետևաբար, հետագայում ընդունվելիք փաստաթղթերում անհրաժեշտ է ամրագրել եկեղեցական գույքի վերադարձման հայտերի ներկայացման որևէ ժամկետի սահմանման անթույլատրելիության դրույթ։
 
5. Օտարված եկեղեցական գույքի գնահատում և համարժեք փոխհատուցում։ Թեև վերոհիշյալ օրենքը քրիստոնյա փոքրամասնություններից խլված, մասնավոր անձանց օտարված եկեղեցական գույքի համար սահմանում է փոխհատուցում, սակայն խնդրահարույց է մնում դրա համարժեքության հարցը։ Հետևաբար, անհրաժեշտ է մշակել օտարված գույքի համարժեք գնահատման հստակ բանաձև և այն որպես պահանջ ներառել հետագա փաստաթղթերում։
 
Վերոհիշյալ և այլ հստակեցումների պարագայում է, որ կարելի է ակնկալել էական արդյունքներ Թուրքիայում քրիստոնյա փոքրամասնություններից խլված եկեղեցական գույքի վերադարձման խնդրում։ Հակառակ պարագայում այդ խնդրի մասին ընդունված բանաձևերը կմնան սոսկ որպես իրավիճակ նկարագրող և Թուրքիային դատապարտող, սակայն գործնականում խիստ սահմանափակ նշանակություն ունեցող փաստաթղթեր։ Դրանց նշանակությունը կլինի ավելի շատ բարոյական, քան իրական։ Իսկ Թուրքիան, օգտվելով վերացական ձևակերպումներից, կշարունակի խորհրդանշական զիջումների գնալով ստեղծել քրիստոնյա համայնքների իրավունքների և կրոնական ազատությունների երաշխավորման իմիտացիա։
 
1 H. R. 4347 http://foreignaffairs.house.gov/sites/republicans.foreignaffairs.house.gov/files/HR 4347_Turkey Christian Churches Accountability Act.pdf
 
2 H. Res. 306 http://www.atour.com/government/pdf/20110615-USCongress-BILLS-112hres306ih.pdf
 
3 ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը քվեարկել է Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների մասին բանաձևի օգտին, http://m.news.am/arm/news/216498.html
 
4 Ամերիկայի հայերը, հույներն ու ասորիները ողջունում են Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների մասին բանաձևի ընդունումը, http://m.news.am/arm/news/216512.html
 
5 Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որդեգրած H. R. 4347 բանաձևը, http://www.aravot.am/2014/06/27/475133/
 
6 Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի ընդունած բանաձևին, http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=478
 
7 Նույն տեղում։
 
8 Հովյան Վ., Եկեղեցական գույքի վերադարձման խնդիրը Թուրքիայում, «Գլոբուս», 2013, թիվ 1, էջ 38-41։
 
9 Տե՛ս, օրինակ, Ստամբուլի դատարանը մերժել է հայոց պատրիարքարանին վերադարձնել «Սանասարյան տունը» http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=479
 
Վահրամ Հովյան 
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play