Խրթին հարցի դյուրին պատասխանը


Խրթին հարցի դյուրին պատասխանը

  • 03-11-2014 14:44:08   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
 
Երկու տարի է անցել, ինչ Վրաստանի կառավարության ղեկին է նստել «Վրացական երազանք» կոալիցիան: Անցած երկու տարվա ընթացքում երկրում, իրոք, որ շատ բան է փոխվել, մինչդեռ, ցավոք, նախընտրական խոստումների մեծամասնությունը, հատկապես ազգային փոքրամասնություններին վերաբերող, դեռևս չի իրականացել:
 
Մենք կարող ենք երկար դատել այն մասին, «ինչպես մեզ խաբեց «նոր» կառավարությունը, ինչպես հիասթափացրեց մեզ և այլն»: Մինչդեռ: Գուցե նայենք խնդրին մի քիչ ուրի՞շ տեսանկյունից:
 
Երկրագնդի վրա չկա որևէ երկիր, որի քաղաքացիները գոհ լինեն իրենց Կառավարությունից: Սկսած Վրաստանից և վերջացրած ծաղկող Նորվեգիայից և Դանիայից, ամենուր քաղաքացիները պահանջում են Կառավարությունից կենսապայմանների բարելավում: Եվ ճիշտ էլ անում են, որ պահանջում են: Եթե Կառավարությունից չպահանջեն, էլ ումի՞ց պահանջեն: Ցանկացած Կառավարության գերագույն պարտականությունն է իր քաղաքացիների զարգացումն ու բարեկեցությունն ապահովելը: Խոսքն այն մասին չէ, որ պետությունը պետք է հոգ տանի կոնկրետ քաղաքացու «բարեկեցության և հաջողության մասին», ո´չ: Պետության պարտականությունն է երկրում այնպիսի պայմաններ ստեղծել, որտեղ քաղաքացիները, անկախ իրենց մաշկի գույնից, ռասսայից, ազգությունից, կրոնից և այլն, կկարողանան օգտագործել իրենց անձնական պոտենցիալը, զարգանալ և ծաղկել` առաջ ընթանալ: Ցանկացած պետության առաջնային պարտականությունն է իրավահավասարության և արդարության պայմանների ստեղծումը բոլոր քաղաքացիների համար: Իսկ ահա կկատարի պետությունը իր պարտականությունները, թե՞ ոչ, դա արդեն ուղղակիորեն կախված է երկրի քաղաքացիներից: 
 
Ցանկացած քաղաքական ուժ, որպեսզի հասնի իշխանության, միշտ կտա այնպիսի խոստումներ, ինչպիսիք ցանկանում է լսել ընտրողը: Դա հասարակ տրամաբանություն է: Այնպիսի երկրներում, ինչպիսին Վրաստանն է, իշխանության գլուխ եկած Կառավարությունը միշտ կգտնի «բացատրություն և արդարացում» իր անգործության և տրված խոստումները չիրականացնելու համար: Հարցն այն է, թե ի՞նչ պատասխան կտա դրան հանրությունը: Եվ այստեղ խոսքը «եկե´ք աջակցենք ընդդիմությանը» պատասխանի մասին չէ´… Ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ նույն բանն են: Ոչ ոք իր բարի կամքով չի սկսի լուծել մեր խնդիրները: Չի´ սկսի մինչև մենք չսկսենք դա պահանջել: Այն էլ պետք է պահանջենք ոչ թե մեկ անգամ, այլ պարբերաբար և հետևողականորեն: Եվ որ ամենակարևորն է` պահանջենք համախմբված և ոչ թե յուրաքանչյուրս առանձին:
 
Ահա այստեղ էլ թաքնված է մեր անհաջողությունների «բանալին»: Երկար տարիների ընթացքում մենք այդպես էլ չենք կարողացել այնպես դնել մեզ անհանգստացնող խնդիրների հարցադրումը, որպեսզի Կառավարությունը ստիպված լինի դրանք հաշվի առնել և լուծել: Դա, իհա´րկե, ունի բազմաթիվ պատճառներ, բայց հիմնական պատճառն այն է, որ այնտեղ, որտեղ մենք պետք է ցույց տայինք մեր միասնականությունն ու սկզբունքայնությունը, մենք ցուցաբերել ենք եթե ոչ հակառակը, ապա ամեն դեպքում ոչ տրամաբանականը և ոչ ցանկալին: Եվ դա էլ իր պատճառներն ունի… Բայց եթե մենք չսկսենք ուղղել և վերացնել մեր միաբանությանը խանգարող այդ պատճառները, ապա դժվար թե մեզ մոտ երբևէ ինչ-որ բան փոխվի:
 
http://armenian-community.ge/News/856
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play