Իրո՞ք Թուրքիայի դեսպանն աշխատանքներ է տարել Ցեղասպանության<br /> բանաձեւի անցկացման համար<br />


Իրո՞ք Թուրքիայի դեսպանն աշխատանքներ է տարել Ցեղասպանության
բանաձեւի անցկացման համար

  • 24-03-2010 20:30:00   | ԱՄՆ  |  Վերլուծություն
Ամեն օր հազարավոր հոդվածներ են տեղադրվում համացանցում, սակայն դրանցից շատ քչերն են մեզ ապշեցնում: Նախորդ շաբաթ մի ցնցող լուր հայտնաբերեցի, որը տեղադրված էր թուրքական լուրերի խոշորագույն "Turkish Forum" կայքէջում, հետեւյալ վերնագրով` "Սիեռա Լեոնեում մոռացված դեսպանը Հայոց ցեղասպանության բանաձեւն օգտագործում է իր խնդիրները լուծելու համար": Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այդ անհավատալի հոդվածի թարգմանությունը. "Վերջին տարիներին մի շարք երկրների խորհրդարաններում բանաձեւեր են ընդունվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ, եւ որին ի պատասխան Թուրքիան հետ է կանչել իր դեսպաններին այդ երկրներից: Պարզվել է, որ որոշ պատեհապաշտ դեսպաններ չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը` ստեղծված իրավիճակից օգուտ քաղելու նպատակով: «Համաձայն արտգործնախարարության այս առավոտ տարածած հաղորդագրության, վերջին տասներկու տարիներին Սիեռա Լեոնեում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրած Օրհան Էմին Թուրքոնեն պաշտոնանկ է արվել` այդ երկրի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձեւի անցկացման օգտին աշխատանքներ տանելու համար: Այսօր առավոտյան տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ արտգործնախարարի առաջին տեղակալ Էրզին Օզբուքին պարզաբանեց. "Վերջերս մեր ուշադրությունը գրավեց այն փաստը, որ Չադի, Էրիտրեայի եւ Ջիբութիի խորհրդարանների օրակարգերում հայտնվել էր այսպես կոչված Հայոց ցեղասպանության օրինագիծը: Իսկ երբ տեսանք, որ այն միաձայն ընդունվել է Սիեռա Լեոնեի խորհրդարանում, ապա սկսեցինք կասկածել, որ այստեղ ինչ-որ բան այն չէ, ուստի քննչական հանձնաժողով ստեղծեցինք, որն էլ որոշ հետաքրքիր, սակայն մտահոգիչ տեղեկություններ բացահայտեց այդ հարցի առիթով»: «Մենք համոզվեցինք, որ դեսպան Թուրքոնեն լոբբիստական գործունեություն է ծավալել Հայոց ցեղասպանության օրինագծի օգտին»: Օզբուքին ընդգծեց. «Իհարկե, սա չի կարող արդարացվել, սակայն արտգործնախարարությունը եւս իր մեղքի բաժինն ունի այս հարցում: Այս մարդը լքված եւ մոռացված էր հեռու գտնվող երկրում: Նա այդ միտքը հղացավ այն բանից հետո, երբ այլ երկրներում Ցեղասպանության բանաձեւի ընդունմանը հետեւեց թուրք դեսպանների հետկանչը. տասներկու տարին բավականին երկար ժամանակ է»,- խոստովանեց Օզբուքին: «Այնուհետեւ Օզբուքին մանրամասներ ներկայացրեց Սիեռա Լեոնեում Հայոց ցեղասպանության իրազեկման ուղղությամբ դեսպան Թուրքոնեի անհավատալի գործունեության մասին: Օզբուքին ասաց, որ ամեն անգամ սրճարան այցելելիս, նա facebook-ում կգրեր. «Մենք հայերին կոտորել ենք այսպիսի նողկալի ձեւով»: Նա բարմեններին պատմում էր. «Միայն իմ պապը 100-150 հայ է սպանել, որոնց ոսկորները թաղված են մեր տան նկուղում»: Դեսպանն այսպիսի կեղծիքներ ու ստեր էր հորինում ու դուրս տալիս այն` ինչ խելքին փչեր: Սիեռա Լեոնեն փոքր երկիր է, եւ խոսքերն էլ արագ տարածվեցին: Այնտեղ ոչ ոք երբեք չէր լսել Հայաստանի կամ Թուրքիայի մասին, սակայն մեկ ամսվա ընթացքում ողջ երկիրն իրազեկված էր այս խնդրի մասին: Մարդիկ պարում էին փողոցներում, երբ իմացել էին, որ Ցեղասպանությունը ճանաչվել է: Այսպես չպետք է լիներ, սակայն դժբախտաբար դա տեղի ունեցավ: «Օզբուքին պարզաբանեց, որ այս բացահայտումից հետո թուրքական կառավարությունը սկսեց ավելի մեծ ուշադրություն դարձնել տարբեր խորհրդարանների օրակարգերին: Հետագայում այսպիսի իրավիճակներից խուսափելու նպատակով եւ դեսպանների հետկանչի փոխարեն «այժմ քննարկվում է առեւտրային հարաբերությունների խզման հնարավորությունը, մինչեւ խորհրդարանների օրակարգերից բանաձեւի դուրս բերումը»: Չնայած հոդվածը շատ հեռու էր իրական լինելուց, սակայն մանրամասնությունների եւ հատուկ անունների առատությունը համոզեց բազմաթիվ թուրքական կայքէջերի, որ այն տեղադրեն, առանց գիտակցելու, որ դա կեղծիք է: Երբ «Turkish Forum»-ն իմացավ, որ Թուրքիան Սիեռա Լեոնեում դեսպանատուն չունի, իսկույն ջնջեց կեղծ լուրն իր կայքէջից: Իրականությանը չէր համապատասխանում նաեւ վերջերս Չադի, Ջիբութիի եւ Էրիտրեայի խորհրդարաններում Հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկման մասին լուրը: Հայտնի չէ, թե ով է հնարել այսպիսի խնամքով մշակված հորինվածք: Հաշվի առնելով Թուրքիայում վարչապետ Էրդողանի հասցեին վերջին շաբաթների ընթացքում հնչող մեծածավալ քննադատությունը, հեղինակը կարող էր մի դժգոհ թուրք լինել' հումորի մեծ զգացումով, ով որոշել էր կծու հեգնանքներ տեղալ իր դոնկիխոտյան ղեկավարի հասցեին: Հոդվածն ուղեկցվում էր հավաստի թվացող մի լուսանկարով, որտեղ աֆրիկյան երեք պաշտոնյաներ պատկերված էին ոչ-աֆրիկյան արտաքինով անձնավորության հետ միասին' ստորագրման արարողության ժամանակ: Լուսանկարը խաբուսիկ տպավորություն էր ստեղծում, որ վերջինը Սիեռա Լեոնեում Թուրքիայի դեսպանն է: Ամենեւին էլ զարմանալի չէ, որ թուրքական մի շարք կայքէջեր կուլ տվեցին այս խայծը, քանի որ Թուրքիայի կառավարությունն ավանդույթ է դարձրել իր դեսպանների հետկանչը Ֆրանսիայից, Կանադայից, Միացյալ Նահանգներից եւ այլ երկրներից` Հայոց ցեղասպանության ճանաչման պատճառով: Վաշինգտոնում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամիկ Թանը հետ կանչվեց մարտի 4-ին, երբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության բանաձեւին: Հայտարարեցին, որ նա Անկարայում կարող է մնալ մինչեւ Ապրիլի 24-ի վերջը: Սա հոյակապ լուր է ամերիկահայ քաղաքական գործիչների համար, քանզի նրանք կարող են քարոզարշավ ծավալել Կոնգրեսում` առանց թուրք դեսպանի կողմից որեւէ դիմադրության հանդիպելու` Ապրիլի 24-ին նախորդող այս վճռական շաբաթների ընթացքում, երբ նա պետք է գտնվեր Վաշինգտոնում, փորձելով խոչընդոտել Ցեղասպանության բանաձեւը Ներկայացուցիչների պալատում եւ համոզեր նախագահ Օբամային չհիշատակել Հայոց ցեղասպանությունն իր տարեկան հայտարարության մեջ: Որքան մեզ հայտնի է, դեսպան Թանը Կոնգրեսում քարոզարշավ չի իրականացրել Հայոց ցեղասպանության բանաձեւի անցկացման օգտին, ինչպես դա արել էր մտացածին դեսպանը Սիեռա Լեոնեում' ընտանիքի եւ ընկերների հետ տանը երկարատեւ արձակուրդ անցկացնելու նպատակով: Սակայն, դատելով վարչապետ Էրդողանի վերջին ինքնակործան հայտարարություններից, իսկապես ճշմարտությունն ավելի տարօրինակ է, քան հորինվածքը: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Թարգմ. Ռ.Ավագյանի
Նոյյան տապան  -   Վերլուծություն