«Կատարողական արվեստի աշխարհի գավաթի» առաջնությանը կմասնակցի 700 կատարող 10-ը երկրից


«Կատարողական արվեստի աշխարհի գավաթի» առաջնությանը կմասնակցի 700 կատարող 10-ը երկրից

  • 20-11-2014 15:01:21   |   |  Մշակույթ

Երևանում  նոյեմբերի 20-22-ը  առաջին անգամ տեղի կունենա «Կատարողական արվեստի աշխարհի գավաթի» առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 700 կատարողներ աշխարհի տարբեր երկրներից: Ինչպես նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց փառատոնի կազմակերպիչ, «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի» նախագահ Արման Ղուկասյանը, այս տրվա փառատոնին կմասնակցեն ներկայացուցիչներ Ռուսաստանից, Իտալիայից, Էկվադորից,Վրաստանից, Բրազիլիայից, Հայաստանից, Արցախից և տեղի ազգային փոքրամասնություններից` եզդիական, ասորական և հունական համայնքները:  «Վոկալի մրցույթում կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Իտալիայի, Վրաստանի, եզդիական, ասորական և հունական համայնքների ներկայացուցիչները, իսկ պարային 12 ժանրերում հանդես կգան Հայաստանի, Էկվադորի և հունական համայնքի պարային խմբերը»,- նշեց բանախոսը` հավելելով, որ նպատակ ունեն ցանկը ընդլայնել. «Կատարողական արվեստը չի սահմանափակվում միայն երգով և պարով»:
Ըստ Արման Ղուկասյանի, մրցույթ-փառատոնը Հայաստանում առաջին անգամ անցկացվում է այն պարզ պատճառով, որ մեկ ամիս առաջ հենց այստեղ է հիմնադրվել Կատարողական արվեստի ասոցիացիան, սակայն արդյունքներն ամփոփելուց հետո նրանք նախատեսում են հաջորդ տարի այն անցկացնել Եվրոպայի մի շարք երկրներում, նաև Դուբայում:
«Ես կարծում եմ, որ այս մրցույթ-փառատոնը շատ կարևոր է, քանի որ աշխարհը հիմա անհանգիստ է: Հույս ունեմ, որ նման միջոցառումների միջոցով հնարավոր կլինի համախմբել աշխարհի ժողովուրդներին և հաստատել խաղաղություն»,- ընդգծեց Բրազիլիայից Հայաստան ժամանած ժյուրիի անդամ, հարաճանաչ կոմպոզիտոր Մարկուս Վենեցիուսը:
Արման Ղուկասյանը նշեց, որ ժյուրիի կազմում հանդես են գալու Իտալիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Բրազիլիայից Հայաստան ժամանած միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ:
Մրցույթ-փառատոնի բացումը  տեղի կունենա նոյեմբերի 20-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ մուտքը հրավիրատոմսերով է, հաջորդ օրվա միջոցառումները կանցկացվեն Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, իսկ փակումը՝ Գալա համերգը, դարձյալ տեղի կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ մուտքը կլինի ազատ:
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play