Զինված ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար ենթակա են պարտադիր կատարման <br />


Զինված ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար ենթակա են պարտադիր կատարման

  • 17-01-2011 13:58:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Պաշտպանության նախարարությունում անցկացվել է նախարարության իրավապահ մարմինների 2010թ.-ի աշխատանքների ամփոփիչ խորհրդակցությունը: Զեկույցով հանդես են եկել ՊՆ Ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արամ Տեր-Սահակյանը եւ Քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Ըստ ՀՀ Պաշտպանության նախարարության Մամուլի ծառայության հաղորդագրության, ելույթով հանդես են եկել նաեւ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը եւ ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն նշել է, որ զինված ուժերում հանցագործությունները նվազեցնելու համար առավել մեծ աշխատանք պետք է տանել կանխարգելման ուղղությամբ` շեշտը դնելով դաստիարակության լավագույն մեթոդների կիրառման, զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման եւ զինվորական բարեկրթության պահպանման վրա: Նախարարն ասել է, որ կարգապահության հարցերը 2011թ.-ի առաջին կիսամյակում լինելու են Պաշտպանության նախարարության ղեկավարության հատուկ ուշադրության ներքո, որպեսզի բոլոր խնդիրներն իրենց հիմնավոր լուծումները ստանան` բարձրացնելով զինված ուժերում կարգապահության մակարդակը: Անդրադառնալով վերջին շրջանում հանրային հնչեղություն ստացած` զորամասի հրամանատարի եւ մի խումբ քաղաքացիների միջեւ տեղի ունեցած միջադեպին, Ս.Օհանյանն ասել է. «Ունենալով արցախյան պատերազմի մասնակցի մարտական ուղի` ես առանձնահատուկ հարգանք ունեմ պատերազմի բոլոր մասնակիցների նկատմամբ: Սակայն, կարծում եմ, որ արցախյան պատերազմի մասնակից լինելը նաեւ շատ պարտավորեցնող է, եւ բնական է, որ մեր հասարակությունը ակնկալում է, որպեսզի պատերազմին մասնակից սպաները իրենց վարքով ու գործողություններով լինեն օրինակելի: Մենք այսուհետ եւս անհանդուրժող կերպով ենք արձագանքելու ցանկացած օրինախախտման, որպեսզի մեր նահատակված ընկերների կյանքի գնով ձեռքբերված հաջողությունները լինեն շարունակական, իսկ այն ապահովող բանակը` կարգապահ: Զինված ուժերում գործող կանոնակարգերը բոլորի համար են եւ ենթակա են պարտադիր կատարման»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play