2011թ. կադաստրի համակարգում նախատեսվում է իրականացնել բարեփոխումներ


2011թ. կադաստրի համակարգում նախատեսվում է իրականացնել բարեփոխումներ

  • 24-12-2010 23:35:18   | Հայաստան  |  Հասարակություն
Հայաստանի կառավարությունը վերջերս հավանություն է տվել անշարժ գույքի կադաստրի համակարգի բարեփոխումների հայեցակարգին։ Այս մասին հայտնելով դեկտեմբերի 24-ի ասուլիսում, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանն ընդգծեց, որ հայերակարգը պատրաստվել է Հայաստանի նախագահի հանձնարարությամբ։ Ե.Զախարյանը հայտնեց նաեւ, որ Երեւանում բարեփոխումներն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել մինչեւ 2011թ ավարտը։ Բարեփոխումներով, մասնավորապես, նախատեսվում է առաջին հերթին բարձրացնել ծառայություններից օգտվողների սպասարկման որակը, պարզեցնել իրավունքի գրանցման եւ տեղեկատվության տրամադրման ընթացակարգերը, առավելագույնս ավտոմատացնել համակարգի կողմից իրականացվող գործառույթները, կրճատել գործառույթների իրականացման ժամկետները, վերացնել բյուրոկրատական քաշքշուկները,նվազեցնել կոռուպցիոն ռիսկները։ Կառույցի ղեկավարը նշեց, որ բյուրոկրատական քաշքշուկի երեւույթներ համակարգում կան, նա չբացառեց նաեւ, որ համակարգում կարող են լինել կոռուպցիոն ռիսկեր։ Բարեփոխումների շրջանակներում Երեւանում եւ մարզերում նախատեսվում է ստեղծել սպասարկման գրասենյակներ, դրա շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կունենան դիմել ցանկացած սպասարկման գրասենյակ, ինչպես նաեւ ստանալ փաստաթուղթ ցանկացած սպասարկման գրասենյակից։ Նախատեսվում է անշարժ գույքի չափագրման աշխատանքների մասնակի մասնավորեցում։ Սկզբնական շրջանում քաղաքացիներն իրենք կորոշեն օգտվել պետական, թե մասնավոր ծառայություններից, հետագայում այդ գործառույթները ամբողջությամբ կմասնավորեցվեն։ Ըստ Ե.Զախարյանի, Նորվեգիայի կառավարության հետ կնքված պայմանագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվել է 1, 5 մլն դոլարի սահմաններում դրամաշնորհ, որը պետք է նպատակաուղղվի Հայաստանի կադաստրի համակարգում բարեփոխումներին։ Բարեփոխումներով առաջարկվում է անշարժ գույքի չափագրում անցկացնել միայն գույքի առաջնային գրանցման ժամանակ, որից հետո չափագրման կարող է անցկացվել որակական կամ քանակական փոփոխությունների դեպքում, այն էլ՝ միայն սեփականատիրոջ դիմումի հիման վրա։ Բարեփոխումների շրջանակում նախատեսվում է իրականացնել մի շարք օրենսդրական փոփոխություններ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play