Ազգային մրցունակության հիմնադրամը հստակեցնում է գործունեության ուղղությունները


Ազգային մրցունակության հիմնադրամը հստակեցնում է գործունեության ուղղությունները

  • 04-12-2010 19:22:40   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 4-ին կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Բացման խոսքում կառավարության ղեկավարը մասնավորապես նշել է. «Մենք այսօր Ազգային մրցունակության հիմնադրամի նիստում մի հարց ենք քննարկելու, որը նախապատրաստել են ՄքՔինզիի մեր գործընկերները: Այն վերաբերում է նաեւ ապագայում Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության հստակեցմանը, թե ինչ խնդիրներով մենք պետք է զբաղվենք, որպեսզի Հայաստանի Հանրապետության մրցունակությունը բարձրանա: Միեւնույն ժամանակ ներկայացվող ծրագիրը կառավարության համար նաեւ տալիս է տեսլական, թե մրցունակության ոլորտում ինչ ծրագրերի վրա պետք է կենտրոնանանք»: Նիստում աուդիոկոնֆերանսի ռեժիմով ներկայացվել է ՄքՔինզի ընկերության կողմից մշակված Հայաստանի Հանրապետության մրցունակության բարձրացման ծրագրի նախագիծը: Մասնավորապես, խոսվել է ՀՀ տնտեսական աճի մոդելի առանձնահատկությունների եւ տնտեսության մի շարք ոլորտների խթանման մասին: Տնտեսության զարգացման եւ բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում մեծապես կարեւորվել է պետություն-մասնավոր համագործակցության նշանակությունը: Այնուհետեւ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում աուդիոկապի միջոցով քննարկվել են ներկայացված ծրագրի մանրամասներ եւ Ազգային մրցունակության հիմնադրամի գործունեության ռազմավարության հստակեցմանն առնչվող հարցեր: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, քննարկումների արդյունքում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը Ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաջորդ` 2011թ. հունվարի 22-ին կայանալիք նիստում կներկայացնի առաջարկություններ վերոնշյալ ծրագրի մեկնարկի վերաբերյալ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play