Հայաստանի փոխվարչապետը աշխատանքային քննարկում է անցկացրել Արմավիրի մարզպետարանում
03-12-2010 17:38:00 | Հայաստան | Տնտեսություն
ԱՐՄԱՎԻՐ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ընթացիկ տարվա ամփոփիչ աշխատանքներին ծանոթանալու նպատակով Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն շարունակում է աշխատանքային քննարկումները մարզպետարաններում:
Արմավիրի մարզպետարանում դեկտեմբերի 3-ին անցկացված խորհրդակցության ժամանակ եւս հիմնական հարցերը վերաբերում էին համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, մինչեւ տարեվերջ համայնքների 2011թ. բյուջեների ընդունմանը, գյուղատնտեսական աշխատանքների ավարտին:
Անդրադառնալով սեփական եկամուտների հավաքագրման տեմպերին, Ա.Գեւորգյանը հորդորեց քայլեր ձեռնարկել` հատկապես հողի հարկի մասով ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:
Փոխվարչապետին զեկուցվեց մարզում տարվա ընթացքում իրականացված գյուղատնտեսական աշխատանքների մասին: Նշվեց, որ նախորդ տարվա համեմատ նվազել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը` հիմնականում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Միայն խաղողի բերքն է գերազանցել անցած տարվա ցուցանիշը եւ մթերվել է անկորուստ` 1 կգ-ն միջինը 120 դրամով: Զեկուցվեց, որ գյուղացիական տնտեսություններին այս տարի վնասներ են պատճառել նաեւ կրծողները, եւ ներկայումս ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվում են դրանց դեմ պայքարի աշխատանքներ: Կարկտահարության հասցված վնասները մեղմելու նպատակով մարզի 13 համայնքում տեղադրվել է 32 հակակարկտային կայան, ընթացքի մեջ են եւս 40 կայանի տեղադրման աշխատանքները:
Ներկայացվեց նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքը: Նշվեց, որ դրենաժային ցանցի մաքրման աշխատանքներ են կատարվում 13 համայնքում, մարզի 24 համայնք ընդգրկված է երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրում, որոնց մի մասն արդեն կատարել է անհրաժեշտ համաֆինանսավորումը: Փոխվարչապետը կարեւորեց նշված բոլոր համայնքների կողմից համաֆինանսվորման իրականացումը` նկատելով, որ ծրագիրը ներտնտեսային ցանցերի վերականգնման լավ հնարավորություն է:
Մարզի գյուղատնտեսության զարգացման համար փոխվարչապետը նշանակալի համարեց Արմավիրի եւ Թալինի մայր ջրանցքների վերականգնումը: Նա միաժամանակ հորդորեց մարզպետարանի աշխատակիցներին վերահսկողություն իրականացնել աշխատանքների որակի նկատմամբ:
Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, Ա.Գեւորգյանն անդրադարձավ նաեւ մարզում սանիտարական վիճակին` տեղեկացնելով, որ հարցը մշտապես լինելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: