Հայաստանի փոխվարչապետը աշխատանքային քննարկում է անցկացրել Արմաւիրի մարզպետարանում
03-12-2010 17:38:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԱՐՄԱՒԻՐ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ընթացիկ տարուայ ամփոփիչ աշխատանքներին ծանօթանալու նպատակով Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմէն Գեւորգեանն շարունակում է աշխատանքային քննարկումները մարզպետարաններում:
Արմաւիրի մարզպետարանում դեկտեմբերի 3-ին անցկացուած խորհրդակցութեան ժամանակ եւս հիմնական հարցերը վերաբերում էին համայնքների սեփական եկամուտների հաւաքագրմանը, մինչեւ տարեվերջ համայնքների 2011թ. բիւջէների ընդունմանը, գիւղատնտեսական աշխատանքների աւարտին:
Անդրադառնալով սեփական եկամուտների հաւաքագրման տեմպերին, Ա.Գեւորգեանը հորդորեց քայլեր ձեռնարկել` յատկապէս հողի հարկի մասով ցուցանիշները բարելաւելու ուղղութեամբ:
Փոխվարչապետին զեկուցվեց մարզում տարուայ ընթացքում իրականացուած գիւղատնտեսական աշխատանքների մասին: Նշուեց, որ նախորդ տարուայ համեմատ նուազել է գիւղատնտեսական արտադրանքի ծաւալը` հիմնականում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով: Միայն խաղողի բերքն է գերազանցել անցած տարուայ ցուցանիշը եւ մթերուել է անկորուստ` 1 կգ-ն միջինը 120 դրամով: Զեկուցվեց, որ գիւղացիական տնտեսություններին այս տարի վնասներ են պատճառել նաեւ կրծողները, եւ ներկայումս ՀՀ գիւղատնտեսութեան նախարարութեան հետ համատեղ իրականացւում են դրանց դէմ պայքարի աշխատանքներ: Կարկտահարության հասցուած վնասները մեղմելու նպատակով մարզի 13 համայնքում տեղադրուել է 32 հակակարկտային կայան, ընթացքի մէջ են եւս 40 կայանի տեղադրման աշխատանքները:
Ներկայացուեց նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ծրագրերով մարզում իրականացyող աշխատանքների ընթացքը: Նշուեց, որ դրենաժային ցանցի մաքրման աշխատանքներ են կատարւում 13 համայնքում, մարզի 24 համայնք ընդգրկուած է երրորդ կարգի ջրանցքների վերականգնման ծրագրում, որոնց մի մասն արդէն կատարել է անհրաժեշտ համաֆինանսաւորումը: Փոխվարչապետը կարեւորեց նշուած բոլոր համայնքների կողմից համաֆինանսվորման իրականացումը` նկատելով, որ ծրագիրը ներտնտեսային ցանցերի վերականգնման լաւ հնարաւորութիւն է:
Մարզի գիւղատնտեսութեան զարգացման համար փոխվարչապետը նշանակալի համարեց Արմաւիրի եւ Թալինի մայր ջրանցքների վերականգնումը: Նա միաժամանակ հորդորեց մարզպետարանի աշխատակիցներին վերահսկողութիւն իրականացնել աշխատանքների որակի նկատմամբ:
Ըստ ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան Հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, Ա.Գեւորգեանն անդրադարձաւ նաեւ մարզում սանիտարական վիճակին` տեղեկացնելով, որ հարցը մշտապէս լինելու է ՀՀ տարածքային կառավարման նախարարութեան ուշադրութեան կենտրոնում: