Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մյուռոնօրհնության առիթով ժամանած բրազիլահայ ուխտավորներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մյուռոնօրհնության առիթով ժամանած բրազիլահայ ուխտավորներին

  • 23-09-2015 16:58:25   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Սեպտեմբերի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի մի խումբ ուխտավորների` առաջնորդությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի: Ուխտավորները Հայաստան են ժամանել իրենց մասնակցությունը բերելու Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սեպտեմբերի 27-ին կայանալիք Մյուռոնօրհնության արարողությանը, ինչպես նաև այցելելու Հայաստանի տարբեր սրբավայրեր: 
Հանդիպման ընթացքում Գարեգին Բ Հայրապետը, անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Սրբալույս Մյուռոնի խորհրդին և նշանակությանը, ընդգծեց, որ Հայաստանի և Սփյուռքի թեմերից ուխտավորների մասնակցությունը Մյուռոնօրհնեքի արարողությանը ողջ հայ ժողովրդի միասնական աղոթքի խորհուրդն ունի: Վեհափառ Հայրապետը նշեց, որ Ս. Մյուռոնն իր օրհնությունն ու շնորհները պիտի հեղի և հրաշագործի հայ ժողովրդի կյանքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում վերհիշեց նաև Բրազիլիա կատարած իր հովվապետական այցը` հավելելով, որ առիթ ունեցել է տեսնելու բրազիլահայ համայնքի նախանձախնդրությունն ազգային-հոգևոր արժեքների հանդեպ և նվիրումը Եկեղեցու նկատմամբ:
Իր օրհնությունն ու գնահատանքը բերելով ներկաներին` Նորին Սրբությունը հորդորեց վառ պահել սերը Եկեղեցու և հայրենիքի հանդեպ, իրենց զավակներին կրթել ու դաստիարակել ազգային ինքնության բարձր գիտակցությամբ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play