Բաքուն փորձում է խուճապ տարածել Հայաստանում և ճնշում գործադրել աշտոնական Երևանի վրա


Բաքուն փորձում է խուճապ տարածել Հայաստանում և ճնշում գործադրել աշտոնական Երևանի վրա

  • 25-09-2015 16:05:04   | Հայաստան  |  Քաղաքական

Երեկ գիշերը Ադրբեջանի զինված ուժերը վերսկսեցին Տավուշի մարզի բնակավայրերի գնդակոծությունն ու հրետանակոծությունը: Ընդ որում, ի տարբերություն սեպտեմբերի սկզբի, այժմ հրետանակոծություններն առավել ինտենսիվ են և դրանց արդյունքում արդեն 3 խաղաղ բնակիչ է զոհվել: Բացի այդ, այս անգամ մի քանի արկ հասավ անգամ Նոյեմբերյան քաղաքի բնակելի թաղամասեր, ինչ բավականին խորհրդանշական է:
 
Պատերազմի և ահաբեկչության տարբերությունը
 
Նախ հարկավոր է արձանագրել, որ թե´ սեպտեմբերի սկզբին և թե´ այժմ ադրբեջանական կողմը հիմնականում ռմբակոծում է հենց Տավուշի մարզը (և ոչ Արցախը) և հենց խաղաղ բնակչությանը (և ոչ Զինված ուժերի դիրքերը):
 
Բացի այդ, հայտնի է, որ զինված ուժերի դեմ առավել արդյունավետ է հարձակում գործել լուսադեմին, իսկ խաղաղ բնակչության դեմ՝ ցերեկը (երբ մարդիկ դրսում են և պաշտպանված չեն բեկորներից): Իսկ ադրբեջանական կողմը հրետանակոծություններն իրականացնում է ցերեկը կամ երեկոյան, իսկ գիշերը կրակը դադարում է և դրանով ևս ապացուցվում է, որ իր թիրախը հենց խաղաղ բնակիչներն են և այդ կերպ փորձ չի արվում որևէ ռազմական հարց լուծել:
 
Այդպիսի գործողությունները կոչվում են ոչ այլ կերպ, քան ահաբեկչություն (բռնությունների գործադրում որոշակի քաղաքական կամ այլ նպատակով):
 
Նպատակը
 
Արդեն վաղուց որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հրետանակոծություններն ակտիվանում են Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններին նախորդող օրերին: Բացառություն չէ նաև այժմ՝ մոտակա օրերին սպասվում է Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:
 
Ակնհայտ է, որ հրետանակոծություններով Բաքուն փորձում է առավելագույնս խուճապ տարածել Հայաստանում, որպեսզի այդ կերպ ճնշում գործադրի պաշտոնական Երևանի վրա:
 
Սակայն, քանի որ Բաքվում գիտակցում են, որ մի քանի գյուղերի ռմբակոծման արդյունքում որևէ մեկը Ադրբեջանին հողեր չի վերադարձնելու, հարց է առաջանում՝ ի՞նչ է իրականում ուզում Ադրբեջանը ստանալ:
 
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատամարտը
 
Վերջին տարիներին ռուս-ադրբեջանական հարաբերություններն էականորեն ջերմացել են, ի տարբերություն Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ Բաքվի հարաբերությունների, որոնք խիստ վատթարացել են:
 
Այս ֆոնին արդեն զարմանալի չէ, որ Ադրբեջանը փորձում է ձերբազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ բանակցային գործընթացը շարունակել միայն Ռուսաստանի միջնորդությամբ: Այլ կերպ ասած՝ Բաքուն փորձում է ձերբազատվել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությունից, քանի որ այդ երկրների հետ հարաբերությունները, մեղմ ասած, բարեկամական չեն։ ԵՄ-ն արդեն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, ԱՄՆ-ն այդ երկիրն անվանում է մարդու իրավունքները չհարգող, մինչդեռ Ռուսաստանը ամեն տեսակ աջակցություն է ցուցաբերում Բաքվին:
 
Հայաստանին, բնականաբար, ֆորմատի այսօրինակ փոփոխությունը ձեռք չի տալիս, քանի որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն շահագրգռված չեն տարածաշրջանում պատերազմի վերսկսմամբ և ավելի բարեկամական են տրամադրված Հայաստանի նկատմամբ, քան Ադրբեջանի:
 
Հարկ է նաև նկատել, որ այս հրետանակոծությունները անցնում են Նյու Յորքում ԵԱՀԿ-ի հետ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ֆոնին և ցանկացած պարագայում հստակ ուղերձ են պարունակում առ այն, որ ԵԱՀԿ-ն չի կարող ազդել հակամարտության վրա և պետք է փոխել ձևաչափը:
 
Ռուս խաղաղապահներ
 
Սակայն հնարավոր է, որ խնդիրը ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շուրջ է: Չի բացառվում, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ ինչ-որ համաձայնության է եկել և փորձելու է իրավիճակը ինչ-որ կերպ փոխել Լեռնային Ղարաբաղ ռուսաստանյան խաղաղապահներ բերելով:
 
Այդ կերպ Ադրբեջանը հույս կունենա հեռանկարում պայմանավորվել Մոսկվայի հետ և ստանալ Արցախը:
 
Բայց Արցախ խաղաղապահներ բերելու համար նախ պետք է հայկական կողմի համաձայնությունը… Կամ, միգուցե՝ անգամ խնդրանքը:
 
Իսկ այդպիսի խնդրանք կարելի է ստանալ հայկական խաղաղ բնակչությանը ռմբակոծելով, որպեսզի պաշտոնական Երևանը մի օր իր «ռազմավարական դաշնակցին» խնդրի խառնվել իրավիճակին:
 
Սակայն Հայաստանի իշխանությունները դիմադրում են այդ պլաններին և որևէ պարագայում չեն խնդրում Հայաստանի անվտանգության «երաշխավոր» Ռուսաստանին խառնվել իրավիճակին: Անգամ ավելին, Սերժ Սարգսյանը այդպես էլ չբարձրացրեց այդ հարցը ՀԱՊԿ գագաթնաժողովին, ինչը նշանակում է, որ պաշտոնական Երևանը չի ցանկանում ավելացնել Մոսկվայի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հարաբերություններին:
 
Դանիել Իոաննիսյան «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play