ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է թուրք գրող Քեմալ Յալչնին և Նյու-Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին


ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է թուրք գրող Քեմալ Յալչնին և Նյու-Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին

  • 13-10-2015 16:32:52   | Կուբա  |  Հարցազրույցներ

Հոկտեմբերի 13-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց գերմանաբնակ թուրք գրող Քեմալ Յալչնին և Նյու Յորքի «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին: 
 
Ողջունելով հյուրերին՝  նախարարն ասաց. «Ուրախ եմ հանդիպել հարգարժան գրողին և «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին: Ուրախ եմ, նաև որ Կարինե Քոչարյանի ջանքերով թուրք գրողի «Հոգիս ձեզմով կը խայտայ» ստեղծագործությունը թատերականացվել է: Ծանոթ եմ գրքի բովանդակությանը և ուզում եմ ընդգծել, որ կարևոր է, երբ մեզ համար ցավոտ այս թեմայի մասին գրում են օտարները: Առավել գնահատելի է թուրք մտավորականության կեցվածքը հարցի վերաբերյալ: Այս իմաստով պարոն Յալչնը  ապացուցում է, որ ճշմարտությունը նրա համար ավելի կարևոր է քան ազգությունը: Մեծապես գնահատում ենք նրա քաղաքացիական խիզախությունը և ճշմարտության աչքերին ուղիղ նայելու կարողությունը: Մենք ափսոսում ենք, որ թուրքական իշխանությունները հանցագործությունից 100 տարի անց էլ  չեն ուզում ընդունել կատարվածը և իրենց ուսերից թոթափել մեղքի բեռը: Նրանք միլիոնավոր դոլլարներ են ծախսում՝ իրենց ժխտողական քաղաքականությամբ միջազգային հանրությանը մոլորեցնելու վրա: Ավելին, այսօր էլ տարբեր դրսևորումներով ցեղասպանությունը շարունակվում է»,- նշեց նախարարը՝ խոսելով Հայաստանի շրջափակման, ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, հայրենազուրկ եղած սփյուռքահայության ամենօրյա հոգեկան տվայտանքների և այլ իրողությունների մասին: 
Խորին ցավակցություն հայտնելով 100 տարի առաջ իր ազգակիցների կողմից կատարված  վայրագությունների համար, Քեմալ Յալչնը նշեց. «Ինձ համար պատիվ է Հայաստանում լինելը: Մինչ հայերին իրականում ճանաչելը իմ աշխարհը շատ աղքատ էր: Թուրքիայում երկար տարիներ այդ մասին լռում էին, և միայն Գերմանիայում ուսանածս տարիներին ես իմացա ամբողջ ճշմարտությունը: Այդ պահից ի վեր միշտ ունեցել եմ մեղքի զգացում: Ես` որպես թուրք գրող, ներողություն եմ խնդրում հայերից  ցեղասպանության համար: Իմ անկեղծ ցանկությունն է, որ վերականգնվի  Հայաստանի և Թուրքիայի սահմանները միացնող  կամուրջը: Ես հավատում եմ, կգա օրը, երբ մենք կհանդիպենք այդ կամուրջի մոտ և բաժակ կբարձրացնենք բարեկամության համար, քանի որ իրականում հայերն ու թուրքերը հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք-կողքի: Հայերը ստեղծագործ  ժողովուրդ են և մեծ ներդում ունեն ոչ միայն Թուրքիայի, այլև համաշխարհային քաղաքակրթության գանձարանում, և իհարկե, թուրքերը պարտավոր են այս ամենի համար երախտիքի խոսքեր ասել հայ ժողովրդին »,- ասաց Յալչինը:
 Այնուհետև գրողը խոսեց Երևանից ստացած իր տպավորությունների մասին՝ նշելով, որ չափազանց տպավորված է, տեսնելով թե ինչպես  Երևանի փողոցները կրում են գրողների, բարեգործների և արվեստագետների անուններ, մինչդեռ Թուրքիայում դրանք անվանակոչվում են հիմնականում ոճրագործների անուններով: Քեմալը նաև հույս հայտնեց, որ ներկայումս Թուրքիայում սկիզբ առած ժողովրդավարական շարժումները կզարգանան՝ ներգրավելով ավելի ու ավելի մեծ թվով մարդկանց, և դա կտա իր ցանկալի արդյունքը: «Պատմությունը երբեք չի ներում մարդկության հանդեպ գործած հանցագործությունները: Համատեղ ապրած վիշտը պետք է դառնա խաղաղության և արդարության հիմք: Փափագում եմ, որ իմ գրքերը օգտակար լինեն ընդհանուր ցավը հաղթահարելու ճանապարհին:»,- նշեց նա: 
Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Քեմալ Յալչնին նվիրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող հուշանվերներ և նախարարության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» ալբոմը:
Նախարարը նաև հաջողություն մաղթեց «Վլադիմիր Քոչարյան» թատերախմբին և հույս հայտնեց, որ նրանց ներկայացմամբ հայաստանցի հանդիսականները կառնչվեն ոչ միայն հիշողության ցավին, այլև ճշմարտության լույսին: 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ