ՕփենԷյԱյ-ի պատվիրակությունը Հայաստանի ակադեմիական համայնքին ներկայացրել է ChatGPT Edu հարթակը


 

ՕփենԷյԱյ-ի պատվիրակությունը Հայաստանի ակադեմիական համայնքին ներկայացրել է ChatGPT Edu հարթակը

25-06-2026 19:05 Հայաստան Հասարակություն
ՕփենԷյԱյ-ի պատվիրակությունը Հայաստանի ակադեմիական համայնքին ներկայացրել է ChatGPT Edu հարթակը
ՕփենԷյԱյ (OpenAI) ընկերության պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի շրջանակում Երևանի պետական համալսարանում տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ շահառու 7 բուհերի ղեկավար կազմի, տեխնիկական և վարչական պատասխանատուների, ինչպես նաև ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ։
 
Հանդիպումները նվիրված էին ՀՀ բուհերում ChatGPT Edu հարթակի ներդրման գործնական քայլերին, բուհական համակարգի պատրաստվածությանը, ինստիտուցիոնալ դերերի բաշխմանը, տեխնիկական կարգավորումներին, վերապատրաստումների կազմակերպմանը, ինչպես նաև բարձրագույն կրթության, հետազոտության և ակադեմիական կառավարման նոր հնարավորություններին։
 
ԿԳՄՍ նախարարության, OpenAI-ի և Firebird ընկերության համագործակցության արդյունքում նոր ուսումնական տարվա մեկնարկին Հայաստանի կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքները կստանան ChatGPT Edu և Codex հարթակների շուրջ 50 հազար անվճար բաժանորդագրություն։
 
ՕփենԷյԱյ (OpenAI) պատվիրակության այցը մեկնարկել է ԿԳՄՍ նախարարությունում` նախ նախարար Ժաննա Անդրեասյանի, ապա ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումներով, որոնց ընթացքում քննարկվել են Հայաստան–OpenAI կրթական գործընկերության հիմնական ուղղությունները։ Աշխատանքային քննարկումները շարունակվել են նաև բուհական միջավայրում՝ ծրագրի անմիջական շահառուների մասնակցությամբ։
 
Բուհերի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ՕփենԷյԱյ-ի պատասխանատուները ներկայացրել են բարձրագույն կրթության համակարգում հարթակի փուլային ներդրման մոտեցումները, ծրագրի կառավարման կառուցվածքը, բուհերի ներգրավման ձևաչափերը և հաջողության հիմնական նախապայմանները։ Քննարկման ընթացքում նշվել է, որ ծրագրի արդյունավետությունը պայմանավորված է ոչ միայն տեխնիկական հասանելիության ապահովմամբ, այլև բուհերի ներսում հստակ պատասխանատվությունների բաշխմամբ, շարունակական հաղորդակցությամբ, վերապատրաստումներով և հետադարձ կապի հավաքագրմամբ։
 
ՕփենԷյԱյ-ի ներկայացուցիչ Ալինա Լեոնը նշել է, որ իրենք համագործակցել են մի շարք երկրների, այդ թվում՝ Էստոնիայի, Ղազախստանի, Սլովակիայի և Հունաստանի կրթական համակարգերի հետ՝ ChatGPT-ի ակադեմիական կիրառության, անվտանգ և պատասխանատու օգտագործման, ինչպես նաև դասախոսների և ուսանողների կարողությունների զարգացման ուղղությամբ։
 
«Մենք աշխատում ենք կառավարությունների հետ՝ կրթական համակարգերում ԱԲ ներդրման հետ կապված հիմնարար փոփոխություններին աջակցելու նպատակով»,- նշել է OpenAI-ի ներկայացուցիչը։
 
Նա ընդգծել է նաև, որ ծրագրի հաջողությունը կախված է բուհերի ակտիվ ներգրավումից, հստակ կառավարման կառուցվածքից և ակադեմիական համայնքի հետ շարունակական աշխատանքից։
 
Ըստ ներկայացված մոտեցման՝ յուրաքանչյուր մասնակից բուհում անհրաժեշտ է ձևավորել ծրագրին աջակցող թիմ, ինչը թույլ կտա բուհերին ոչ միայն կազմակերպել հարթակի տեխնիկական հասանելիությունը, այլև ձևավորել դրա ճիշտ կիրառության մշակույթը․ ուսանողներն ու դասախոսները պետք է հստակ իմանան՝ ինչպես օգտվել հարթակից, ինչ նպատակներով այն կիրառել, ինչ սկզբունքներ և սահմանափակումներ հաշվի առնել և այլն։
 
Ընդգծվել է հետադարձ կապի կարևորությունը՝ շեշտելով, որ ակադեմիական համայնքի ներսում անհրաժեշտ է կիսվել հաջողված փորձով։
 
Նշվել է նաև, որ շահառուների դիտարկումները կարող են նպաստել ծրագրի շարունակական բարելավմանը և հայաստանյան կրթական միջավայրին առավել համապատասխան լուծումների ձևավորմանը։
 
Օրվա առանցքային բաղադրիչներից էր դասախոսների, վերապատրաստողների և ուսուցիչների հետ անցկացված աշխատանքային հանդիպումը, որը նպատակ ուներ զարգացնել կրթական գործընթացում արհեստական բանականության՝ հատկապես agentic AI գործիքների կիրառման կարողությունները։
 
Քննարկման առանցքում էր ոչ միայն ChatGPT Edu և Codex հարթակների գործառնական հնարավորությունների ներկայացումը, այլև այն, թե ինչպես կարող են դասախոսներն ու վերապատրաստողները դրանք վերածել ուսուցման, հետազոտության, ուսումնական նյութերի մշակման և ուսանողների հետ աշխատանքում կիրառելի գործիքների։
 
Հանդիպման ընթացքում կարևորվել է բուհերում և դպրոցներում «առաջամարտիկների»՝ champion-ների ցանցերի ձևավորումը, ինչպես նաև train-the-trainer (վերապատրաստողի վերապատրաստում) մոդելի արդյունավետ կիրառումը։
 
Այցի շրջանակում OpenAI-ի ներկայացուցիչները ճանաչողական այց են կատարել նաև պետական ֆինանսավորմամբ ԵՊՀ-ում 2026 թ․ հունվարին գործարկված գերհամակարգչային կենտրոն, ինչպես նաև ծանոթացել են ԵՊՀ-ում գործող, արհեստական բանականության և մեքենայական ուսուցման ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնող YerevaNN լաբորատորիայի աշխատանքներին։ ԵՊՀ գրադարանում շրջայցի ընթացքում պատվիրակությունը հետաքրքությամբ դիտել է նաև հնատիպ գրքերի եզակի նմուշները։
 
Պատվիրակությունն այցելել է նաև Թումո կենտրոն, հանրակրթական դպրոցներ, աշխատանքային հանդիպումներ ունեցել ԿԶՆԱԿ-ում և ԿՏԱԿ-ում։
 
Առաջիկա ամիսներին հիմնական աշխատանքները կուղղվեն տեխնիկական միջավայրի պատրաստմանը, ինստիտուցիոնալ թիմերի ձևավորմանը, վերապատրաստումների կազմակերպմանը, օգտատերերի ակտիվացմանը և հետադարձ կապի հավաքագրմանը։
 
ChatGPT Edu-ի ներդրումը Հայաստանում կարող է դառնալ կրթության և գիտության թվային փոխակերպման նոր փուլ՝ առաջադեմ ԱԲ գործիքների հասանելիությունը համադրելով պատասխանատու օգտագործման սկզբունքներին։
 
Նոյյան տապան   |   Հասարակություն

 

 

Կարդացել են 131 անգամ